Ստեփանավանի էներգետիկ նվաճումները ներկայացվեցին Թբիլիսիում

Ստեփանավանի էներգետիկ նվաճումները ներկայացվեցին Թբիլիսիում

Եվրոպական միության «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության անդամ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի էներգետիկ նվաճումները Թբիլիսիում՝ «Քաղաքապետերի դաշնագրի 10-ամյակն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» համաժողովում, ներկայացրեց Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանը:

Նա նշեց, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջև բանակցությունների արդյունքում Հայաստանում 2020 թ. բնակելի շենքերի էներգաարդյունավետ վերազինումը ներառվել է ՀՀ պետական սուբսիդավորման ծրագրերում:

Այս գործընթացի շրջանակներում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Կանաչ կլիմայի  հիմնադրամի (ՄԱԶԾ-ԿԿՀ) համաֆինանսավորմամբ Ստեփանավանում իրականացվել է 6 բնակելի և 2 հասարակական շենքերի ջերմաարդիականացում: Բնակելի շենքերի դեպքում ՄԱԶԾ-ԿԿՀ համաֆինանսավորումը կազմել է 25%, իսկ հասարակական շենքերի դեպքում՝ 20%: Մատակարարվող նյութերի և շինարարության որակի հսկողությունն իրականացվել է ՄԱԶԾ-ի աջակցությամբ: Ջերմաարդիականացված շենքերի համար կազմվել են էներգետիկ անձնագրեր և հանձնվել համայնքին։

Բազմաբնակարան շենքերի ջերմաարդիականացման շնորհիվ ապահովվել է մինչև 50% էներգաարդյունավետության բարձրացում, նույնչափ՝ ջեռուցման ծախսերի նվազում, իսկ բնակարանների շուկայական արժեքն աճել է 10-15%-ով: 6 բնակելի շենքերի ջերմաարդիականացման արդյունքում ջերմոցային գազերի արտանետումները տարեկան կրճատվում են 600 տոննայով:

Ստեփանավանն ունի 147 բնակելի շենք և 24 հասարակական շինություն, 20.700 բնակիչ:

Արմեն Գրիգորյանը նշեց, որ համայնքը 2014 թվականին ներդրել է էներգետիկ կառավարման համակարգ՝ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ իրականացնելով փողոցների լուսավորության և հասարակական շենքերի էներգաարդյունավետ վերազինում, ջրատաքացուցիչների տեղադրում և արևային էլեկտրակայանների կառուցում: Ստեղծվել է համայնքային խնայողական ֆոնդ, որի միջոցները գոյանալու են հանրային շենքերում էներգախնայողությունից:

Համաժողովի ժամանակ Ստեփանավան համայնքը պարգևատրվեց «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից ակտիվ համագործակցության և արդյունավետ աշխատանքի համար:

Ստեփանավանը Հայաստանում առաջին համայնքն է, որն ունի էներգետիկ կառավարիչ՝ էներգամենեջեր: «Էներգետիկ մենեջերը մոնիթորինգ է իրականացնում, առաջնահերթություններն է սահմանում: Մեզ համար առաջնահերթություն է շենքերի ջերմաարդիականացումը: Ներկայում ունենք 40 շենք, որոնք ենթակա են ջերմամեկուսացման: Ես շատ կարևորում եմ քաղաքի «կանաչ» ծրագրերը: Նաև աշխատում ենք համայնքում արևային կայանների տեղադրման ուղղությամբ», - լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Գրիգորյանը:

ԷկոԼուրի հարցին՝ իրատեսական է արդյոք Ստեփանավանի համար «Քաղաքապետերի դաշնագրով» սահմանված նոր հավակնոտ հանձնառությունը՝ մինչև 2030 թվականը կրճատել ջերմոցային գազերի արտանետումները 35%-ով, համայնքապետը պատասխանեց. «Համայնքն իր ուժերով չի կարող հասնել նման արդյունքի, կարող է հասնել համաֆինանսավորմամբ, և այստեղ մենք կարևորում ենք ՄԱԿ-ի գրասենյակի հետ համագործակցությունը»:

Դեկտեմբեր 07, 2022 at 15:37


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր