Շինարարության ոլորտում սահմանվեցին մթնոլորտային օդի և շրջակա միջավայրի աղտոտման նորմերի պահպանման պահանջներ

Շինարարության ոլորտում սահմանվեցին մթնոլորտային օդի և շրջակա միջավայրի աղտոտման նորմերի պահպանման պահանջներ

ՀՀ կառավարությունը սահմանեց կարգավորումներ շինարարական հրապարակներում առկա իրավիճակի, աշխատանքի անվտանգության, սանիտարահիգիենիկ, տեխնիկական անվտանգության, մթնոլորտային օդի և շրջակա միջավայրի աղտոտման խնդիրների համար՝ բացառելով հայեցողական մոտեցումների կիրառումը: Գործադիրը որոշումն ընդունեց սույն թվականի դեկտեմբերի 8-ին:

Ըստ փաստաթղթի հիմնավորման՝ գործող կարգավորումները պատվիրատուին չեն պարտադրում շինարարական ծրագրերի գնման պայմանագրերում պարտադիր նախատեսել կարգավորումներ շինարարական հրապարակներում առկա իրավիճակի, աշխատանքի անվտանգության, սանիտարահիգիենիկ, տեխնիկական անվտանգության, մթնոլորտային օդի և շրջակա միջավայրի աղտոտման նորմերի պահպանման վերաբերյալ:

Այսուհետ սա դառնում է պայմանագրերի պարտադիր պայման: Այդ պայմանների  խախտման  համար պայմանագրերի նախագծերում նախատեսվելու են պատասխանատվության կարգավորումներ:

Շինարարական ծրագրերի գնման դեպքում պայմանագրում (նախագծում) պետք է ներառվեն հետևյալ պարտադիր պայմանները․

- կապալառուն կնքվելիք պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարում է, իսկ տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունն այդ աշխատանքների համապատասխանությունը հսկում է քաղաքաշինական նորմատիվատեխնիկական և հաստատված նախագծանախահաշվային  փաստաթղթերին համապատասխան

 - պատվիրատուն շինարարական աշխատանքների և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների նկատմամբ կիրառում է պատասխանատվության միջոցներ՝ աշխատանքների կատարման ողջ ընթացքում քաղաքաշինական նորմատիվատեխնիկական և հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերով սահմանված պահանջների, այդ թվում շինարարական հրապարակի պատշաճ կազմակերպման, կահավորման և անվտանգության տեխնիկայի կանոնների չպահպանման յուրաքանչյուր արձանագրված դեպքի համար: Ընդ որում դեպքերը և դրանց ի հայտ գալու պարագայում կիրառվելիք պատասխանատվության միջոցները սահմանվում են սպառիչ և առանց երկակի մեկնաբանության հնարավորության

- գնումների դիմաց վճարումները, ներառյալ կանխավճարի հատկացումն, իրականացվում է հաշվի առնելով լիազորված մարմնի կողմից հաստատված պայմանագրի օրինակելի ձևով նախատեսված պայմանները։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը՝ նշելով. «Մենք տեսանք, որ Երևանում փոշու ինչպիսի աննախադեպ մակարդակ կա: Շինարարության ծավալները, այո՛, շատ մեծ թափ են հավաքել, բայց, մյուս կողմից, մենք անընդհատ այդ ահազանգերը ստանում ենք և տեսնում ենք նաև, որ փոշով աղտոտվածության շատ բարձր ցուցանիշներ են արձանագրվել Երևանում: Սրա պատճառներից մեկն այն է, որ շինհրապարակներում ստանդարտները չեն պահպանվում: Մենք պետք է այս հարցում լինենք հետևողական:

Մյուս կողմից՝ շինհրապարակն ինչ վիճակում պետք է լինի, և նաև այնտեղ աշխատողներն ինչ տեսք պետք է ունենան, և շինհրապարակն ինչպես պետք է տարանջատվի մնացած քաղաքացիների առօրյա կյանքից: Սրանք բոլորը շատ կարևոր հարցեր են, ունեն և՛ անվտանգային, և՛ արդեն ասացի՝ բնապահպանական, և՛ էսթետիկ, և՛ սոցիալ-հոգեբանական նշանակություն»:

Դեկտեմբեր 12, 2022 at 15:48


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր