

Երևանի կենտրոնում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի (ՍԹԿ) գերազանցումները չեն դադարարում։ Եթե մայրաքաղաքի մյուս վարչական շրջաններում՝ մասնավորապես, Շենգավիթում, Արաբկիրում և Նոր Նորքում, փոշու արտանետումների գերազանցումները սույն թվականի նոյեմբերին գրանցվել են առանձին օրերին, ապա Երևանի Կենտրոն վարչական շրջանում (Լուսավորիչ-Ագաթանգեղոս խաչմերուկ) գերազանցումները եղել են ամեն օր՝ ըստ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանյության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների։
Փոշու արտանետումների նվազեցման համար Երևանի քաղաքապետարանի որոշմամբ շենքեր և շինություններ կառուցելու ընթացքում պարտադիր կերպով շինարարությանը համապատասխան բարձրությամբ, 180 գրամ/քմ խտությամբ ցանցով պետք է ծածկել կառույցը։ Պետք է ապահովել օդի որակը դիտարկող սարքավորումների տեղադրում՝ առցանց հարթակի հասանելիությամբ, իսկ համայնքի կողմից՝ դրանց տվյալների ստուգաչափման հնարավորություն: Որոշումն ուժի մեջ է մտել սույն թվականի սեպտեմբերի 1-ից։ Սակայն այն դեռ լիարժեք չի կիրարկվում տնտեսվարողների կողմից։ Նոյեմբերի 20-ի դրությամբ Երևանում կառուցվող 213 բազմաբնակարան բնակելի շենքերից միայն 11-ում է շինհրապարակը պատշաճ ձևավորված եղել: Սեպտեմբերից մինչ նոյեմբերի 20-ը կազմվել է 257 արձանագրություն: Երևանի քաղաքապետարանը զուգահեռաբար մշակում է օրենսդրական փոփոխությունների նոր նախագիծ, որը կնախատեսի ավելի մեծ տուգանք կարգազանցների համար:
Դեռևս չեն տեղադրվել հատուկ սարքերը, որոնց միջոցով պետք է տեղեկատվություն ստացվի շինհրապարակների շրջակայքում օդի աղտոտվածության վերաբերյալ։ Ինչպես աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, կառուցապատողներին ծանուցելու գործընթացն ավարտական փուլում է:
Դեկտեմբեր 04, 2023 at 15:06