2023 թվականին պետությանը և շրջակա միջավայրին հասցվել է 4 միլիարդ 882 միլիոն դրամի վնաս

2023 թվականին պետությանը և շրջակա միջավայրին հասցվել է 4 միլիարդ 882 միլիոն դրամի վնաս

2023 թվականին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն անցկացրել է 292 ստուգում՝ պլանավորած 155-ի փոխարեն։ Այս մասին ասաց ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը ս․թ․ հունվարի 10-ին՝ «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում։

«2023 թվականին մեր կողմից թիրախավորված են եղել հանքարդյունաբերության ոլորտը, ջրային ռեսուրսների ոլորտը, շինարարության, թափոնների ոլորտները և անտառային տնտեսությունը», - ասաց Հովհաննես Մարտիրոսյանը։

2023 թվականին ոչ մետաղական հանքարդյունաբերության ոլորտում իրականացվել է 78 ստուգում, ջրային ռեսուրսների ոլորտում՝ 61 ստուգում, որից 18-ը՝ ձկնաբուծարաններում, 9-ը՝ ՓՀԷԿ-երում։ Շինարարության ոլորտում իրականացվել է 34 ստուգում, որից 23-ը Երևան քաղաքում՝ խոշոր շինարարական ընկերություններում, որոնք իրականացնում են մեծ կառուցապատում։ Այստեղ արձանագրվել է 2483 խախտման դեպք, ինչը 100-ով ավելի է 2022 թվականի հետ համեմատ։

Ընդհանուր կայացվել է 1114 վարչական տույժի որոշում՝ 135 միլիոն դրամի չափով։ Իսկ պետությանը և շրջակա միջավայրին պատճառված ընդհանուր վնասը կազմում է 4 միլիարդ 882 միլիոն դրամ, որից 1 միլիարդ 500 միլիոն դրամի վնասն արձանագրվել է ոչ մետաղական ընդերքօգատգործման ոլորտում՝ պայմանավորված ապօրինի ընդերօքգտագործման ծավալով։  Այս վնասը հաշվարկել է ընդամենը 20 ընկերություններում հայտնաբերված խախտումներով։ 1 միլիարդ 250 միլիոն դրամի վնաս հասցվել է բուսական և կենդանական աշխարհի պահպանության ոլորտում՝ հիմնականում ապօրինի ծառահատումների պատճառով։ Իսկ 1 միլիարդ 630 միլիոն դրամի վնաս հասցվել է ջրային ռեսուրսների պահպանության ոլորտում։

Բուսական և կենդանական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է 868 խախտում, մթնոլորտային օդի պահպանության ոլորտում՝ 330 խախտում, որից 193-ը՝ Երևանում, իսկ ոչ մետաղական ընդերքօգտագործման ոլորտում՝ 174 խախտում։ Ընդերքօգտագործման ոլորտում խախտման դեպքերը, ըստ տեսչական մարմնի ղեկավարի, կապված են ավազի ապօրինի արդյունահանման հետ՝ 2․5 միլիոն խմ ընդհանուր ծավալով՝ Արարատի և Արմավիրի մարզերում։

2023 թվականին մետաղական հանքավայրերից ստուգումներ են մեկնարկել միայն Սոտքի ոսկու հանքավայրում։ «Այնտեղ փոխվում է աշխատանքի ձևը՝ վերգետնյա աշխատանքից անցում ստորգետնյա աշխատանքի։ Այս պահին հանքավայրի չաշխատելը դրա հետ է կապված։ Ստուգման ավարտից հետո պարզ կլինի, թե ինչ խնդիրներ կան այնտեղ», - ասաց Հովհաննես Մարտիրոսյանը։

2023 թվականի ընթացքում տեսչական մարմնի կողմից կայացվել է 46 որոշում տնտեսվարողների գործունեության կասեցման վերաբերյալ, որից 33-ը՝ ջրօգտագործման ոլորտում, որից 1-ը վերացվել է։ Մթնոլորտային օդի պահպանության կանոնները խախտելու համար կայացվել է տնտեսվարողների գործունեության կասեցման 10 որոշում, որից 5-ը վերացվել է։ Տնտեսվարողների գործունեության կասեցման 2 որոշում կայացվել է ընդերքօգտագործման ոլորտում՝ Արաքս գետի ավազանում։ «Այդ ընկերությունների ընդերքօգտագործման թույլտվությունները դադարեցվել են», - նշեց Հովհաննես Մարտիրոսյանը։ Ըստ նրա՝ տեսչության կողմից 2023 թվականի ընթացքում մոտ 150 միլիոն դրամի գումար է մուտքագրվել պետբյուջե։ Իսկ մեծ թվերը վերաբերում են նախաքննական մարմիններում քննվող գործերին։

Ուժեղացված վերահսկողական աշխատանքներ են իրականացվում Սևանա լճում։ Արդեն առգրավվել է 623 կգ սիգ տեսակի ձուկ։ Վերահսկողական միջոցառումները շարունակվում են։

2023 թվականի ընթացքում տեսչական մարմինը բազմաթիվ ահազանգեր է ստացել՝ կապված մայրաքաղաքում մթնոլորտային օդի աղտոտման հետ։ Հովհաննես Մարտիրոսյանի խոսքով՝ տեսչական մարմինը փորձում է կանխարգելել խախտումները։ Այդ նպատակով ուսումնասիրել է միջազգային փորձը, հանդիպումներ անցկացրել կառուցապատողների հետ և ներկայացրել նրանց մատչելի և արդյունավետ մեթոդները, մասնավորապես, փոշու աղտոտման նվազեցման ուղղությամբ։

«2024 թվականին ստուգումների նոր նշաձող ենք սահմանում, ավելի շատ ստուգումներ են լինելու», - նշեց տեսչական մարմնի ղեկավարը։

Լուսանկարը՝ www.armenpress.am 

Հունվար 10, 2024 at 14:59


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր