Նինա Լակխանի, The Guardian
Հարուստ երկրները, որոնք կրում են ամենամեծ պատասխանատվությունը կլիմայական արտակարգ իրավիճակների համար, ներկայում խոստանում են ընդհանուր առմամբ 700 միլիոն դոլարից մի փոքր ավելի (556 միլիոն ֆունտ ստերլինգ) տրամադրել Կորուստների և վնասների փոխհատուցման հիմնադրամին, ինչը 0,2%-ից պակաս է այն անդառնալի տնտեսական և ոչ տնտեսական կորուստների դիմաց, որոնք կրում են զարգացող երկրները՝ ամեն տարի բախվելով գլոբալ տաքացման մարտահրավերներին։
Դուբայում COP28-ի գագաթնաժողովի առաջին օրը համաձայնություն ձեռք բերվեց Կորուստների և վնասների փոխհատուցման հիմնադրամ ստեղծելու վերաբերյալ։
Սակայն մինչ այժմ ստանձնած պարտավորությունները բավարար չեն, և զարգացող երկրներում կորուստներն ու վնասները, ըստ գնահատումների, գերազանցում են տարեկան 400 միլիարդ դոլարը և շարունակում են աճել։ Վնասի տարեկան արժեքը գնահատվում է 100 միլիարդ դոլարից մինչև 580 միլիարդ դոլար:
100 միլիոն դոլարի խոստումն Արաբական Միացյալ Էմիրություններից՝ COP28-ը հյուրընկալող երկրից, հավասարվեց Գերմանիայի խոստացած գումարին։ Այդ գումարը մի փոքր գերազանցեցին Ֆրանսիան և Իտալիան, նրանք երկուսն էլ խոստացել են 108 միլիոն դոլար:
ԱՄՆ-ը, որը պատմականորեն ջերմոցային գազերի ամենամեծ արտանետողն է և այս տարի նավթի և գազի ամենամեծ արտադրողը, ներկայում խոստացել է ընդամենը 17,5 միլիոն դոլար, մինչդեռ Ճապոնիան՝ ԱՄՆ-ից և Չինաստանից հետո երրորդ խոշոր տնտեսությունը, առաջարկել է 10 միլիոն դոլար:
Շուրջ 2000 կլիմայական խմբերից կազմված կոալիցիայի՝ Climate Action Network International-ի գլոբալ քաղաքականության ռազմավարության տնօրեն Հարջեթ Սինգհն ասել է. «700 միլիոն դոլարի նախնական խոստումն անհամեմատելի է ֆինանսավորման այն հսկայական կարիքի հետ, որը գնահատվում է տարեկան հարյուրավոր միլիարդներ: Հիմնադրամի ստեղծման ավելի քան 30 տարվա ձգձգումը, որը զուգորդվում է հարուստ երկրների՝ հատկապես Միացյալ Նահանգների, պատմության ամենամեծ աղտոտող երկրի չնչին ներդրումների հետ, ազդարարում է զարգացող աշխարհի դժբախտ վիճակի հանդեպ համառ անտարբերության մասին»:
Մյուս խոստումները ներառում են Դանիան՝ 50 միլիոն դոլար, Իռլանդիան և ԵՄ-ն՝ 27 միլիոն դոլար, Նորվեգիան՝ 25 միլիոն դոլար, Կանադան՝ 12 միլիոն դոլարից պակաս և Սլովենիան՝ 1,5 միլիոն դոլար։
Կլիմայական արդարության փորձագետների կարծիքով՝ կորուստների և վնասների փոխհատուցման միջոցները պետք է լինեն նոր և հավելյալ և լինեն դրամաշնորհների, այլ ոչ թե վարկերի տեսքով: Այնուամենայնիվ, շատ դեպքերում խոստացված գումարի բնույթն ու տրամադրման ժամկետները մնում են անհասկանալի, քանի որ քիչ երկրներ են հրապարակում լրացուցիչ տեղեկատվություն:
Մեծ Բրիտանիայի 60 միլիոն ֆունտ ստեռլինգ (75 միլիոն դոլար) խոստումը նորություն չէ, նշում են ակտիվիստները:
Համաձայնագիրը կորուստների և վնասների ֆինանսավորման մեխանիզմների ստեղծման առաջին քայլն է միայն։ Մանրամասները քննարկվում են Գլոբալ հաշվառման (GST) բանակցությունների շրջանակում, որոնք մեծ դեր կունենան այն հարցում՝ կստացվի արդյոք սահմանափակել գլոբալ տաքացումը մինչև 1,5C սահմաններում։
Լուսանկարը՝ un.org
Դեկտեմբեր 26, 2023 at 15:17