Լեռնագոգում երկու նոր արևային ֆոտովոլտային կայան կկառուցվի

Լեռնագոգում երկու նոր արևային ֆոտովոլտային կայան կկառուցվի

ՀՀ Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրում նախատեսվում է կառուցել 2 նոր արևային ֆոտովոլտային էլեկտրակայան։ 2024թ. հունվարի 10-ին տեղի կունենա «Փաուր Սոլար» ՍՊԸ-ի կողմից նախաձեռնած «Փաուեր 1» և «Փաուեր 2» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանների կառուցման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական հայտերի վերաբերյալ  երկրորդ հանրային քննարկումը: 

«Փաուեր 1» կայանի դրվածքային հզորությունը 12,600 ՄՎտ է, նախատեսվում է տեղադրել  24 հազար 960 հատ բազմաբյուրեղային ֆոտովոլտային վահանակ: «Փաուեր 2» կայանի դրվածքային հզորությունը  4800 կՎտ է, նախատեսվում է տեղադրել 9984 հատ բազմաբյուրեղային ֆոտովոլտային վահանակ: 

Կայանները տեղակայված են լինելու Լեռնագոգ գյուղի՝ «Փաուեր Սոլար» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 15.509 հեկտար  և 8.51596 հեկտար հողամասերի վրա։

Ըստ ընկերության ներկայացված հայտերի՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիան փոխվել է էներգետիկայի: Քանի որ տարածքում բացակայում է բուսածածկը, տարածքը չի օգտագործվել որպես արոտավայր։ Հայտում նշված է, որ տարածքում բացակայում են բնության, պատմամշակութային հուշարձաններ, գրունտային ջրեր և քաղցրահամ ջրի աղբյուրներ, գերակշռում են կավաավազային, խճաքարային հողերը, ներկայացված՝ տուֆերով և տուֆոլավաներով, տեղ-տեղ փշային ծածկույթով։ 

«Փաուեր 1» կայանի օդային գծի և ենթակայանի համար փորվելու է մոտ 450 խմ գրունտ, որից մոտ 350 խմ հողային զանգվածը հետլիցք է արվելու։ Իսկ մնացած մոտ 80 խմ հողային զանգվածը տեղափոխվելու է մոտ 3 կմ հեռավորության վրա՝ համայնքապետարանի համաձայնությամբ։ Արևային կայանի կառուցման արդյունքում հանվելու է 1500 խմ գրունտ, որից 1400 խմ հետլիցք կարվի, մնացած 100-ը կհեռացվի աղբավայր։ 

«Փաուեր 2» կայանի օդային գծերի և ենթակայանի կառուցման ժամանակ խրամուղիների և հենասյուների փորման արդյունքում հանվելու է մոտ 130 խմ գրունտ, որից մոտ 95 խմ հողային գրունտն օգտագործվելու է հետլիցքի և հարթեցման համար։ Մնացած մոտ 35 խմ հողը տեղափոխվելու է մոտ 3 կմ հեռավորության վրա գտնվող աղբավայր։ Արևային կայանի կառուցման արդյունքում հանվելու է 1500 խմ գրունտ, որից 1400 խմ հետլիցք կարվի, մնացած 100-ը կհեռացվի աղբավայր։ 

Կայանների շինարարությունը տևելու է 110 օր, շինարարության ընթացքում երկու կայաններում էլ աշխատելու է առավելագույնը 20 աշխատակից։ 

Ըստ հայտի՝ արևային կայանների շահագործման ընթացքում առաջանալու են նաև վնասված պանելներ և այլ խոտանված մասեր, որոնք կուտակվելու են տարածքում գտնվող 7 քառ.մ չափերով փակ պահեստային շենքում մինչև համապատասխան կազմակերպություններին հանձնելը։ Արևային կայանի ներկրված պանելներն ունեն օգտագործման երաշխիք, համաձայն որի շարքից դուրս եկած կամ վնասված պանելները հետ են վերադարձվելու արտադրող կազմակերպությանը՝ նորով փոխարինելու նպատակով։ Մնացած ժամանակաշրջանում շարքից դուրս եկած պանելները կկուտակվեն պահեստարանում՝ պայմանագրային հիմունքներով՝ մինչև դրանց արտահանման կամ վերամշակման հնարավորությունների ստեղծումը։      

Նշենք, որ ՀՀ իրավական ակտերով ամրագրված չեն սահմանափակման դրույթներ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիաների փոփոխության  համար, միաժամանակ` բացակայում են էլեկտրոնային թափոնների կառավարման նորմատիվներ։

Հիշեցնենք, որ Լեռնագոգում կառուցվելու են ևս 6 արևային կայաններ՝ «Արմավիր 1», «Արմավիր 2», «Լեռնագոգ 1», «Լեռնագոգ 2», «Սան 1» և «Սան 2»: 

Դեկտեմբեր 22, 2023 at 16:56


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր