Անհրաժեշտ տեղեկատվություն. «Լիճքվազ» ՓԲԸ

Անհրաժեշտ տեղեկատվություն. «Լիճքվազ» ՓԲԸ

Այս հոդվածում համառոտ կերպով ներկայացված են հանքարդյունաբերական «Լիճքվազ» ՓԲԸ-ի հիմնական աշխատանքային բնութագրերը, ինչպես նաև առանձնացված են լուծում պահանջող բնապահպանական և սոցիալական խնդիրները: 

«Լիճքվազ» ՓԲԸ-ի ակտիվների մեջ մտնում են

  • Լիճքվազ-թեյի ոսկու հանքավայրը
  • հանքի արտադրական հարթակում գտնվող լցակույտը։

«Լիճքվազ» ՓԲԸ-ի ընդերքի շահագործման թույլտվության ժամկետն է 22.11.2012թ․ մինչև 08.02.2036թ։

2018 թվականից ընկերությունն ունի մթնոլորտ սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) թույլտվություն, իսկ հանքավայրի շահագործման նախագիծը 2017թ. հունիսի 29-ին ստացել է Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) փորձագիտական դրական եզրակացություն։

Հանքավայրի հանքաքարի և օգտակար բաղադրիչների հաշվեկշռային պաշարը 2995,856 հազար տոննա է, որի մեջ ոսկին՝ 17650,85 կգ է, արծաթը՝ 105,24 տոննա, պղինձը՝ 13.421 հազար տոննա։ Տարեկան թույլատրվող արդյունահանման ծավալը՝ 100-300,0 հազար տոննա է։

Հանքավայրի մակերեսը 57,4 հա է։ Հիմնական  մետաղներն են՝ ոսկին, արծաթը, պղինձը, ուցեկցողը՝ ցինկ, կապար, բիսմութ, տելուր:  

Ազդակիր համայնքներն են Մեղրի համայնքի Մեղրի քաղաքը, Վարդանիձոր (Վարդանիձոր, Թխկուտ և Այգեձոր գյուղեր) և Լեհվազ բնակավայրերը։ 

Ընկերության կողմից տարեկան արդյունահանվող 150 հազար տոննա  հանքաքարը մինչ այժմ հարստացվում  է «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի հարստացուցիչ  ֆաբրիկայում։

Հանքավայրի շահագործումից մթնոլորտային օդ են արտանետվում հանքափոշի, ծծմբի անհիդրիդ, ազոտի օքսիդներ, ածխաջրածիններ, մուր, ածխաթթու գազ և բենզապիրեն։

Ընկերությունը 2023թ․ օգոստոսի 16-ին ստացել է ընկերության լեռնահատկացման ակտի տարածքում հարստացուցիչ ֆաբրիկայի մասնաշենքի և նրա ենթակառուցվածքների կառուցման նախագծի ԲՓ-0144-23 փորձագիտական դրական եզրակացությունը։ Ըստ նախագծի՝ ֆաբրիկայի նախատեսվող տարեկան հզորությունը կազմելու է 400 հազար տոննա: 

Սրանով Ընկերությունը նախապատրաստվում է 2,66 անգամ արտադրական հզորությունների ավելացման։

Ըստ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի 2022թ․ ազդակիր Կապան և Մեղրի քաղաքների հողերում ծանր մետաղների՝ վանադիումի, պղնձի, ցինկի, քրոմի, նիկելի, կապարի և մկնդեղի պարունակությունը գերազանցել են սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները հետևյալ չափով։

Քաղաք

Վանադիում

V

Պղինձ

Cu

Ցինկ

Zn

Քրոմ

Cr

Նիկել

Ni

Մկնդեղ

As

Կապար

Pb

Կապան

1․1-2․2

107․7-213․3

7․7-23․7

1․7-15․7

9․3-17

6․5-12

1․5-10․7

Մեղրի

3․2

70․7

5․9

1․7

7․8

7․0

-

 

  • Գետերի հատակային նստվածքներում  վանադիումի, պղնձի, ցինկի, քրոմի, նիկելի, կապարի և մկնդեղի կոնցենտրացիաները գերազանցում են թույլատրելի սահմանները։
  • Ողջի, Արծվանիկ, Նորաշենիկ գետերը հանքարդյունաբերության ազդեցության կրողներն են և ունեն 5-րդ աստիճանի ամենաբարձր աղտոտվածություն։
  • Մեղրի գետի ջրերի աղտոտվածությունը Մեղրի քաղաքից 0,5 կմ վերև ըստ մանգանի 5-րդ դասի է, իսկ գետաբերանում՝ 4-րդ ըստ մանգանի և ալյումինի։
  • Ողջի գետի ջրերի շարունակաբար աղտոտվում են նաև լքված Կապանի Կենտրոնական հանքավայրից թթվային դրենեժային ջրերով, Կապանի լեռնահարստացման կոմբինատի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արդյունաբերական թափոններով և արտահոսքերով: Աղտոտիչներն են՝ մոլիբդենը, մանգանը, կոբալտը, կալիումը, ծարիրը։ 

Համաձայն եզրակացության ֆաբրիկայի ջրապահանջը Մեղրի գետից կազմում է օրական 2647 խմ։

Ըստ փորձաքննության պահանջի նախատեսվում է

  • Այգեձոր և Լեհվազ բնակավայրերում շաբաթական կտրվածքով մթնոլորտային օդում հանքափոշու կոնցենտրացիաների չափագրումներ
  • ֆաբրիկայի հարակից  կիրճի ջրային օբյեկտում և Մեղրի գետում՝ շաբաթական կտրվածքով ջրի ջերմաստիճանի, PH-ի, Sb-ի, Cu-ի, Fe-ի, Zn-ի, Pb-ի, SO4 2+-ի, չոր  մնացորդի մոնիտորինգի իրականացում:
  • Հողում նախատեսվում է As, Fe, SB, Zn, S, Cu, Pb տարրերի և նավթամթերքների  տարեկան անալիզների իրականացում։

Հարստացուցիչ ֆաբրիկայի կառուցումը չի համապատասհանում «Լիճքվազ-թեյի ոսկու հանքավայրի շահագործման» աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն» փորձաքննական 29.06.2017թ. ԲՓ 60 եզրակացության 2-րդ պահանջին, համաձայն որի՝ տվյալ տարածքում բացառվում է հանքաքարի վերամշակման (ֆաբրիկա, պոչամբար և այլն) և կուտակման աշխատանքների իրականացումը:

Սոցիալական պատասխանատվություն

2020թ․ «Լիճքվազ» ՓԲԸ-աշխատող անձանց թիվը կազմել է 35, իսկ 2021թ․՝ 66 ։

2020թ․ Գորիսի համայնքապետարանին ցուցաբերել է 4 միլիոն 161 հազար 293 դրամի պարենային օժանդակություն։ 2021թ․ որպես նյութական օժանդակություն Մեղրու համայնքապետարանի արտաբյուջետային հաշվին է փոխանցել 6 միլիոն 914 հազար 925 դրամ գումար։ Երկու ֆիզիկական անձի ցուցաբերել է 570 հազար դրամի նյութական օժանդակություն։

2020-2021թթ ընկերությունը ռոյալթի չի վճարել։

Ընկերությունը սահմանված կարգով  շրջակա միջավայրի բաղադրիչների (հանքավայրի, բանավանի և լցակույտերի տարածքի մթնոլորտային օդ, մակերևույթյին ջրեր, հողերի,․․․․ ) մշտադիտարկումների  վերաբերյալ  Շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացնում եռամսյակային և տարեկան հաշվետվություններ։

Փետրվար 12, 2025 at 15:17


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր