

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի նոր գլխավոր հատակագիծը և Երևանի «Կանաչ քաղաք» գործողություններ ծրագիրը։ Էկոլուրի նոր զեկույցում ուսուﬓասիրել է 2024թ․ ընդունված Երևանի գլխավոր հատակագիծը Երևան քաղաքի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի թիրախներին համահունչության տեսանկյունից։ Զեկույցը քննարկվել է պետական մարմինների և քաղհասարակության հետ և հրապարակվել է Էկոլուրի կայքում։
Այս նյութով կանդրադառնանք ջրային ոլորտի հարցերին։
Երևանի «Կանաչ քաղաք» գործողություններ ծրագրի նպատակներից է մինչև 2030 թվականն ապահովել խմելու ջրի արդյունավետ մատակարարում՝ համակարգի նվազագույն կորուստներով, արդյունավետ կեղտաջրերի մաքրում։ Իսկ Հրազդան գետը պետք է դառնա խիստ գրավիչ տեղի բնակիչների և զբոսաշրջիկների հանգստի համար:
Ջրային ռեսուրսների պահանջարկ, հոսակորուստներ
Ըստ Երևանի նոր գլխավոր հատակագծի՝ մայրաքաղաքում խﬔլու և արտադրական նպատակներով ջրի պահանջարկն ավելանալու է։ Խﬔլու որակի ջրի պահանջարկը փաստացի 254.563 հազար խմ/օր-ից հեռանկարում կհասնի 330.932 հազար խմ/օր-ի: Արտադրական կարիքների համար տեխնիկական որակի ջրի պահանջարկը փաստացի 50.889 հազար խմ/օր-ից հեռանկարում կհասնի 66.156 հազար խմ/օր-ի:
Նշենք, որ Կլիմայի փոփոխության 4-րդ ազգային հաղորդագրության համաձայն կանխատեսվում է ջրային ռեսուրսների նվազում։ Մենք այսօր էլ ականատես ենք լինում ջրի դեֆիցիտի խնդրին։ Մայրաքաղաքում խﬔլու ջուրը չի բավարարում քաղաքի պահանջարկին, որոշ վարչական շրջաններում խմելու ջրի մատակարար «Վեոլիա ջուր» ընկերությունը քաղցրահամ ջրերին արտեզյան ջուր է խառնում, որպեսզի բավարարի պահանջարկը։ Մայրաքաղաքի բնակչության ընդամենը 44%-ն է ապահովված շուրջօրյա ջրամատակարարմամբ: Դրան գումարվել է Երևանի կառուցապատման համար ձևավորվող պահանջարկը։
Ըստ հատակագծի՝ հոսակորուստների մակարդակը 74% է։ Դրանց կրճատմանն ուղղված հստակ ﬕջոցառուﬓեր հատակագծում չեն նշվում։
Ըստ Էկոլուրի դիտարկման՝ խﬔլու ջրի պահանջարկի ավելացումը սպասվող սակավաջրության պայմաններում հատակագծում չի դիտարկվել որպես խնդիր և դրա հաղթահարմանն ուղղված լուծուﬓեր չեն ներկայացվել։ Խնդրի լուծումը Երևանի քաղաքապետարանի լիազորություններից դուրս է։
Երևանի նոր գլխավոր հատակագծի համաձայն՝ Երևանի խﬔլու ջրամատակարարման 13 ջրաղբյուրներից 5-ի՝ Արզականի, Գյումուշի, Արզնի, Ծարավ աղբյուրի, Գետաﬔջի շահագործման պաշարները հաստատված չեն։ 3 ջրաղբյուրի՝ Գառնիի, Ապարանի, Կաթնաղբյուրի դեպքում նշվում է վերանայման կամ վերագնահատման անհրաժեշտության մասին։ Միայն 2 ջրաղբյուրի՝ Ձորաղբյուրի և Երևանյան ՀԷԿ-ի աղբյուրների պաշարներն են հաստատված։ Առինջի դեպքում նշվում է, որ հանքավայրը կարելի է պահեստավորել՝ խիստ անհրաժեշտ պայմանների համար։ Շոր-Շորի դեպքում նշվում է, որ անհրաժեշտ է վերանայել նրա օտագործման նպատակահարմարությունը Երևանի խﬔլու ջրամատակարարման համար: Գայ-Հայկաշեն Առաքելյան I-II, III-IV հերթ)-ի համար ընդհանրապես ոչինչ չի նշվում:
Հատակագծում նշված է, որ 25 կետերում տեղակայված 326 հազար խմ ծավալով օրվա կարգավորման ջրամբարներից 7-ը կա՛մ վթարված են, կա՛մ այլ պատճառներով չեն շահագործվում: Այս ջրամբարների գործարկման նպատակահարմարության կապակցությամբ կատարվում է ուսուﬓասիրություն:
Էկոլուրի գնահատմամբ՝ ջրառն իրականացվում է անորոշության պայմաններում, ինչը ռիսկեր է պարունակում ջրային ռեսուրսի հյուծման, էկոլոգիական հավասարակշռության պահպանման, քաղաքի ջրի պահանջարկի բավարարման տեսանկյունից:
Կոյուղու համակարգ
Խնդիր է նաև մայրաքաղաքի կոյուղու ցանցը։ Ըստ նոր հատակագծի՝ մայրաքաղաքի ավելի քան 97%-ն ընդգրկված է կոյուղու ցանցում: Ցանցը հիﬓականում կառուցված է ցածր որակի խողովակներով, բազմաթիվ շինարարական թերություններով: Բացի այդ, կոյուղու հավաքող ցանցերի, որոնց երկարությունը շուրջ 1200 կմ է, ավելի քան 30%-ի տարիքը 30 տարուց ավելի է, և դրանք արդեն սպառել են իրենց աշխատանքային ռեսուրսները: Կոյուղու հավաքող ցանցերից արտահոսքի ﬔծությունը չի վերահսկվում և արտահոսող կեղտաջրերը վարակում են քաղաքի ամբողջ տարածքը՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ վարակի տարածման համար: Չափման համակարգի բացակայության պատճառով արտահոսքի իրական ﬔծությունն առ այսօր որոշված չէ: Քաղաքի տարածքի շուրջ 50-60 կետերում կեղտաջրերն առանց որևէ մշակման թողնվում են Ջրվեժ, Ողջաբերդ, Գետառ, Հրազդան գետեր և այլ բազմաթիվ ձորակներ: Ցանցերը բազմաթիվ կետերում ﬕացված են հեղեղատար կոյուղուն, որի պատճառով անձրևների և ձնհալքի ժամանակ անձրևաջրերը մուտք են գործում կոյուղու ցանց և հասնում կեղտաջրերի մաքրման կայան, իսկ չոր եղանակին կոյուղագծերը հեղեղատար կոյուղու ցանցով առանց մաքրման թափվում են ջրավազանները։ Հատակագծում նշվում է, որ կեղտաջրերի մաքրման կայանն անհրաժեշտ է վերակառուցել/վերանորոգել՝ կիրառելով աﬔնավերջին տեխնոլոգիաները և սարքավորուﬓերը: Կոյուղու ցանցի աշխատունակությունը պահպանելու և շրջակա ﬕջավայրի սանիտարահիգիենիկ պատշաճ վիճակը ապահովելու համար անհրաժեշտ է կատարել անընդհատ ﬔծածավալ աշխատանքներ հոսակորուստների հայտնաբերման, վերացման և մաքրման կայանի վերանորոգման ուղղությամբ: Սրան զուգահեռ հատակագծի տեխնիկական ցուցանիշներում նշվում է, որ կեղտաջրերի ընդհանուր ծավալը փաստացի 394.0 հազար խմ/օր-ից հեռանկարում կհասնի 512.2 հազար խմ/օր-ի: Մինդեռ հաջորդ տողում մաքրման ենթարկված կեղտաջրերի ընդհանուր ծավալը փաստացի նշվում է 480.000 հազար խմ/օր, իսկ հեռանկարայինը՝ 624.000 հազար խմ/օր: Ըստ այս ցուցանիշների ստացվում է, որ ավելի շատ կեղտաջուր է մաքրվում, քան առաջանում է: Սակայն իրականում Երևանը կեղտաջրերի պատշաճ մաքրում չի ապահովում։ Երևանի «Աերացիա» մաքրման կայանը մասամբ է կատարում ﬔխանիկական մաքրում, կայանի ճաղավանդակային հատվածը որսում է խոշոր աղբը։ Կեղտաջրերը հոսում են Հրազդան գետ։
Պաշտոնական տվյալներով՝ «Աերացիա» կեղտաջրերի մաքրման կայանի ﬕջոցով տարեկան Հրազդան գետ է լցվում 55 միլիոն խմ կեղտաջուր։ Երևան քաղաքից դուրս գալուց հետո Հրազդան գետը հիﬓականում ունի 5-րդ դասի աﬔնաբարձր աղտոտվածություն։
Երևանի «Աերացիա» կեղտաջրերի մաքրման կայանի տարածքում 2015-2016 թվականներին կառուցվեց կեղտաջրերի ﬔխանիկական մաքրման նոր կայան Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների ﬕջև կնքված ֆինանսական արձանագրության շրջանակներում։ Կայանը չունի ավարտական ակտ և չի շահագործվում:
Հեղեղատար համակարգ
Հատակագծում նշված է, որ հեղեղատար համակարգի շահագործումը ֆինանսական ﬕջոցների սակավության պատճառով ներկայում իրականացվում է շատ ցածր մակարդակով, իսկ վերջին 10-15 տարիների ընթացքում ցանցերի շահագործումը լրիվ աչքաթող է արված:
Որպես Երևան քաղաքի անձրևաջրերի և հալոցքի ջրերի ջրընդունիչ ծառայում են քաղաքի տարածքով անցնող հիﬓական երեք գետերը և բազմաթիվ ձորակները, որտեղից էլ կեղտաջրերը թափվում են նույն գետերը:
«Չնայած վերջին 20-30 տարիներին չեն կատարվել լուրջ հետազոտություններ՝ ուղղված երևանաﬔրձ տարածքներում հեղեղառաջացմանը, սակայն կարելի է նշել, որ հեղեղների վտանգը զգալի նվազել է՝ շնորհիվ պոտենցիալ հեղեղ առաջացնող տարածքների կառուցապատման, կանաչապատման, հեղեղատարների հուների բարեկարգման, թողունակության ﬔծացման և այլն», - նշված է հատակգծում: Հիշեցնենք, որ Երևանում 2024 թվականի գարնանն ու աշնանը տեղացած ինտենսիվ անձրևների արդյունքում առաջացան հեղեղներ, որոնք ﬔծ ﬖաս պատճառեցին Երևանի բնակիչներին։
Ստորերկրյա ջրերի աղտոտման վտանգ
Հատակագծի «Ելակետային տվյալներ» ենթաբաժնում նշվում է, որ ստորերկրյա ջրերի պահպանության ընդհանուր հարցում աղտոտման վտանգն ավելի ﬔծ է, քան այդ ջրերի անբավարար ծավալը և նշվում է, որ ներկա աշխատանքում նկարագրվում են այն անհրաժեշտ հիդրոերկրաբանական աշխատանքները, որոնք կոչված են հետագա տարիների ընթացքում պահպանելու Երևան քաղաքի խﬔլու ջրի ջրաղբյուրները: Սակայն հատակագծի ենթաբաժիններն այս ուղղությամբ իրականացվելիք աշխատանքներին չեն անդրադառնում: Իսկ «Ջրաղբյուրների պահպանումը սպառուﬕց և աղտոտուﬕց» ենթաբաժնում, որտեղ պետք է հստակ ﬕջոցառուﬓեր նշվեին, պարզապես նշված է․ «Երևան քաղաքի ջրամատակարարուﬓ ապահովող աղբյուրներից ոչ ﬔկի համար սանիտարական երկրորդ գոտու սահմանները որոշված չեն»:
Ըստ Էկոլուրի դիտարկման՝ խնդրի կարգավորումն ուսուﬓասիրությունների մակարդակից չի անցնում հատակագծում։
Համաձայն Էկոլուրի զեկույցի եզրակացության, «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի նպատակները չեն դիտարկվել հատակագծում։
Փետրվար 05, 2025 at 16:32