Արագածավանում գործող ցեմենտի գործարանը կկրկնապատկի իր արտադրողականությունը՝ տարեկան արտադրելով 200 հազար տոննա ցեմենտ

Արագածավանում գործող ցեմենտի գործարանը կկրկնապատկի իր արտադրողականությունը՝ տարեկան արտադրելով 200 հազար տոննա ցեմենտ

2026թ․ մայիսի 22-ին Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արագածավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի է ունեցել «ԱՐՑԵՄԵՆՏ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ցեմենտի արտադրության ընդլայնման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվության 2-րդ հանրային լսումը։ 

Հանրային լսմանը մասնակցում էին ազդակիր համայնքի բնակիչները, Թալին համայնքի վարչական ղեկավարի տեղակալ Գ. Թադևոսյանը, Արագածավան բնակավայրի վարչական ղեկավար Ա. Նազարյանը և նախաձեռնողի ներկայացուցիչները։

«ԱՐՑԵՄԵՆՏ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արագածավանի ցեմենտի գործարանի ընդլայնման և ցեմենտի արտադրության կազմակերպման ՇՄԱԳ հաշվետվության համաձայն՝ գործող ցեմենտի արտադրության արտադրամասի հողամասի մակերեսը 8300 քմ է։ Նախատեսվում է ընդլայնել արտադրամասը նրան կից հավաքելով 9մ*24մ չափսերով մետաղական բաց կարկասով 520 քառ․մ մակերեսով 3 հարկանի շենք, որտեղ մոնտաժվում է ցեմենտի արտադրության նմանատիպ սարքավորումներով նոր հոսքագիծ։ Նախկին արտադրամասի հետ միասին կապահովվի տարեկան ընդանուր 200 հազար տոննա արտադրողականությամբ ցեմենտի արտադրություն։ Ներկայում արտադրողականությունը կազմում է 100 հազար տ/տարի։

Ցեմենտի արտադրամասում աշխատանքները իրականացվելու են երեք հերթափոխով, տարեկան աշխատանքային օրերի թիվը կազմելու է 300 օր։

Ըստ հանրային լսման արձանագրության՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետ Ք. Հարությունյանը հանրային լսման ժամանակ ներկայացրել է գործընթացի իրավական հիմքերը, ինչպես նաև ընդգծել է, որ նախագծի վերաբերյալ ստացված դիտողություններն ու առաջարկությունները հաշվի են առնվել, և հաշվետվությունը լրամշակվել է։

Նա նշել է, որ նախագիծը դասվում է Ա կատեգորիայի գործունեությունների շարքին և ենթակա է 80-օրյա փորձաքննության, որից հետո կտրվի վերջնական եզրակացություն։

«ԱՐՑԵՄԵՆՏ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Գ. Հակոբյանը լսման ժամանակ հայտնել է, որ ցեմենտի արտադրությունը գործում է արդեն ավելի քան մեկ տարի, և նախկինում նախատեսված բնապահպանական միջոցառումները իրականացվել են՝ նվազեցնելով հնարավոր բացասական ազդեցությունները։ Նա նաև նշել է, որ ընկերությունը կատարել է իր սոցիալական պարտավորությունները և աջակցել է համայնքային տարբեր ծրագրերի իրականացմանը։

Ներկայացվել է, որ ընդլայնման դեպքում նախատեսվում է ստեղծել 57 աշխատատեղ, որոնց մեծ մասը կզբաղեցնեն Արագածավան բնակավայրի բնակիչները։

 

Հունիս 18, 2026 at 11:24


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր