Սուրենավանի և Արմաշի բնակիչներն ահազանգում են օդի աղտոտվածության մասին

Սուրենավանի և Արմաշի բնակիչներն ահազանգում են օդի աղտոտվածության մասին

Սուրենավան և Արմաշ գյուղերի բնակիչներն ահազանգ են ուղարկել ԷկոԼուրին՝ բարձրաձայնելով օդի աղտոտվածության և դրա ազդեցության մասին։

Բնակիչների նամակի մեջ նշված է․

«Սուրենավան և Արմաշ գյուղերի բնակիչները լուրջ մտահոգություն են հայտնում վերջին շրջանում օդի աղտոտվածության վերաբերյալ։ Զոդի կամրջի հարակից տարածքից ամեն առավոտ՝ ժամը 5:00-8:00-ի սահմաններում, ինչպես նաև ուշ երեկոյան և գիշերային ժամերին, մեծ քանակությամբ թունավոր ծուխ է բարձրանում և տարածվում դեպի բնակավայրեր։

Արդյունքում Սուրենավան գյուղում շնչելը դարձել է դժվար։ Բնակիչների մի մասի մոտ նկատվում են շնչառական և մաշկային խնդիրներ։ Մարդիկ, այդ թվում՝ երեխաները, ստիպված են շնչել աղտոտված օդ, ինչը լուրջ վտանգ է ներկայացնում հանրային առողջության համար։

Սուրենավանի բնակիչները պահանջում են անհապաղ ուշադրություն դարձնել խնդրին և ձեռնարկել համապատասխան միջոցառումներ։ Մաքուր օդ շնչելու իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից է, և որևէ համայնք չպետք է զրկվի այդ իրավունքից։

Հարց է առաջանում՝ ո՞վ է պատասխանատու բնակիչների առողջության համար և ինչո՞ւ է թույլատրվում մարդկանց ու նրանց երեխաների առողջությունը վտանգող իրավիճակի շարունակությունը։

Հիշեցնենք, որ Սուրենավան և Արմաշ գյուղերը հայտնի են իրենց գյուղատնտեսական արտադրանքով։ Պետությունը պետք է ոչ միայն խթանի գյուղատնտեսության զարգացումը, այլև՝ ապահովի այդ համայնքների բնակիչների առողջ և անվտանգ կենսապայմանները։

Եթե օդի աղտոտվածությունը շարունակվի, կարող է աճել սիրտանոթային, շնչառական և թոքային քրոնիկ հիվանդությունների զարգացման ռիսկը։ Ուստի անհրաժեշտ է անհապաղ իրականացնել անկախ մոնիթորինգ, պարզել ծխի առաջացման և տարածման պատճառները, գնահատել դրա ազդեցությունը բնակչության առողջության վրա և հանրությանը ներկայացնել հստակ արդյունքներ։

Սուրենավանի բնակիչներն այլևս չեն ցանկանում շնչել թունավոր ծուխը։ Նրանք պահանջում են պատասխանատու մարմինների անհապաղ միջամտությունը, առողջ միջավայրի ապահովումը և իրենց ու իրենց երեխաների առողջության պաշտպանությանն ուղղված գործնական քայլեր»։

Էկոլուրն ահազանգն ուղղել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։ 

Հուլիս 31, 2026 at 14:19


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր