

Հանրապետությունում ինտենսիվանում են ամպրոպային երևույթները։ Մարտունիում և Վարդենիսում արձանագրվել են պտտահողմեր։ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտակայքում, կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել, ավտոմեքենաներ են վնասվել։ Երևանի «Բարեկամության» մետրոյի ստորգետնյա անցումը հեղեղվել է անձրևաջրերով։ Ուժեղ քամիների հետևանքով Երևան քաղաքի Մառի փողոցում, Արմավիրի մարզի Էջմիածին, Կոտայքի մարզի Չարենցավան և Տավուշի մարզի Բերդ քաղաքներում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Հացիկ բնակավայրում, Լոռու մարզի Վահագնաձոր և Սարամեջ բնակավայրերում վնասվել են շինությունների տանիքներ, տանիքների ծածկեր, կառուցատարրեր, տաղավարներ, տապալվել ծառեր, թեքվել էլեկտրական սյուներ, փակվել ճանապարհներ։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է, որ հունիսի 10-ի լույս 11-ի գիշերվա առաջին կեսին հանրապետության տարածքում ձևավորված ուժեղ կոնվեկտիվ գործընթացների, վերընթաց օդային հոսանքների և ներզանգվածային զարգացումների ազդեցությամբ հյուսիսային շրջանների՝ մասնավորապես Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի առանձին հատվածներում դիտվել են հորդառատ անձրևներ՝ ուղեկցված ամպրոպային երևույթներով։
Հունիսի 10-11-ին Գյումրու օդերևութաբանական կայանում 1 ժամվա ընթացքում գրանցվել է 17մմ տեղում և 10մմ տրամագծով կարկուտ, ինչը վկայում է ամպրոպային գործընթացների ինտենսիվ զարգացման մասին։ Քաղաքի առանձին հատվածներում տեղումները եղել են առավել ինտենսիվ․ արբանյակային տվյալների համաձայն՝ տեղումների քանակը կազմել է ժամում մոտ 40մմ։
Գյումրիում նմանատիպ, սակայն ավելի ինտենսիվ տեղումներ դիտվել էին 2020 թվականի հուլիսի 13-ին, երբ 3 ժամում գրանցվել էր 81մմ անձրև և 12մմ տրամագծով կարկուտ։
Հունիս 15, 2026 at 13:55
