2026-2030թթ․ գլոբալ միջին տարեկան ջերմաստիճանը նախաարդյունաբերական մակարդակից բարձր կլինի 1․3-1․9 աստիճանով

2026-2030թթ․ գլոբալ միջին տարեկան ջերմաստիճանը նախաարդյունաբերական մակարդակից բարձր կլինի 1․3-1․9 աստիճանով

Մեզ սպասում են գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդներ, հայտնում է ՄԱԿ-ը։

2026-2030 թվականներին գլոբալ միջին տարեկան մակերևութային ջերմաստիճանը կլինի նախաարդյունաբերական շրջանի (1850-1900 թթ.) միջին ցուցանիշից 1,3-1,9 աստիճան Ցելսիուսով բարձր։ Այս մասին նշված է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության նոր զեկույցում։ Զեկույցն ամփոփում է 13 տարբեր գիտական հաստատությունների կողմից պատրաստված կանխատեսումները։

86 տոկոս հավանականությամբ՝ 2026-2030թթ․ առնվազն մեկ տարի կլինի ավելի տաք, քան 2024թ․ և կդառնա դիտարկումների պատմության ամենաշոգ տարին։

Միաժամանակ, 91 տոկոս հավանականությամբ, այդ ժամանակահատվածում առնվազն մեկ տարվա ընթացքում գլոբալ միջին մակերևութային ջերմաստիճանը ժամանակավորապես կգերազանցի 1850-1900թթ․ միջին ցուցանիշը 1․5 աստիճան Ցելսիուսով։

Բարձր է նաև հավանականությունը, որ 2026-2030թթ․ հնգամյա միջին ցուցանիշը նույնպես կլինի նախաարդյունաբերական շրջանի միջին ջերմաստիճանից ավելի քան 1․5 աստիճան Ցելսիուսով բարձր։

Սակայն մասնագետների գնահատմամբ՝ քիչ հավանական է, որ ջերմաստիճանը գերազանցի նախաարդյունաբերական շրջանի միջին մակարդակը ավելի քան 2 աստիճան Ցելսիուսով։

Փորձագետները նաև կանխատեսում են Էլ Նինյո կլիմայական երևույթի զարգացում, հատկապես 2027 և 2028թթ․։

2026թ․ վերջում կանխատեսվում է Էլ Նինյո երևույթի ձևավորում, ինչը մեծացնում է հավանականությունը, որ 2027թ․ ևս կդառնա հերթական ռեկորդային շոգ տարին։

ՄԱԿ-ը նշում է, որ Փարիզյան համաձայնագրում ամրագրված 1․5 և 2 աստիճան Ցելսիուսի շեմերը վերաբերում են երկարաժամկետ տաքացմանը՝ սովորաբար 20 տարվա ժամանակահատվածում։ Այն փաստը, որ առանձին տարիներին գլոբալ միջին ջերմաստիճանը ժամանակավորապես գերազանցում է այդ շեմերը, դեռևս չի նշանակում, որ Փարիզյան համաձայնագրով սահմանված երկարաժամկետ նպատակներն անհասանելի են դարձել։

Հունիս 02, 2026 at 15:41


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր