

Մայիսի 15-ին աշխարհը նշեց Կլիմայի միջազգային օրը: Կլիմայի պահպանումը մարդկության առաջ կանգնած գլոբալ խնդիրներից մեկն է:
Կլիմայի փոփոխությունը, գլոբալ տաքացումը ուղեկցվում են բնական աղետներով, մարդկային և բնակավայրային կորուստներով, բերքատվության անկմամբ, սակավաջրությամբ, հիվանդացությունների աճով:
Ժամանակակից գիտությունը դեռևս չի կարող հստակ պատասխանել այն հարցին, թե որքան արագ կարող են սկսվել կլիմայի աղետալի փոփոխությունները, եթե Երկրի ջերմաստիճանը շարունակի բարձրանալ։
Մոլորակի անդառնալի կլիմայական փոփոխություններին հանգեցնող հիմնական խնդիրներից մեկը մթնոլորտում ջերմոցային գազերի խտության աճն է։ Այս երևույթը առաջին անգամ համաշխարհային մակարդակով քննարկվել է 1992 թվականին՝ Ռիո դե Ժանեյրոյում անցկացված Երկրի գագաթնաժողովում։ Աշխարհի ավելի քան 180 երկրների ներկայացուցիչներ ստորագրեցին ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիան (UNFCCC)։ Այն սահմանեց պետությունների գործողությունների ընդհանուր սկզբունքները՝ ուղղված մթնոլորտում ջերմոցային գազերի այնպիսի մակարդակի պահպանմանը, որը վտանգ չի ներկայացնի Երկրի կլիմայական համակարգի համար մարդկային ազդեցության պատճառով։
1997 թվականի վերջում Ճապոնիայի Կիոտո քաղաքում անցկացված ՄԱԿ-ի կլիմայական կոնվենցիայի կողմերի երրորդ համաժողովում ընդունվեց հայտնի Կիոտոյի արձանագրությունը։ Այս միջազգային փաստաթուղթը պարտավորեցնում էր զարգացած երկրներին և անցումային տնտեսություն ունեցող պետություններին 2008-2012 թվականներին կրճատել կամ կայունացնել ջերմոցային գազերի արտանետումները՝ համեմատած 1990 թվականի մակարդակի հետ։
Տասը տարի անց՝ 2007 թվականի դեկտեմբերին, Ինդոնեզիայի Բալի կղզում ավելի քան 190 երկրների ներկայացուցիչներ ստորագրեցին միջազգային համաձայնագիր, որով աշխարհի առաջնորդներին կոչ էր արվում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր, որպեսզի արդյունաբերական և առևտրային ոլորտները նվազեցնեն ածխաթթու գազի արտանետումները։
Մոլորակի կլիմայի պահպանության ընդհանուր նպատակներին հասնելու համար կարևոր է յուրաքանչյուր պետության ներդրումը։ Հայաստանն անմասն չէ կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունից: Հայաստանն արդեն բախվում է կլիմայի փոփոխության լուրջ ազդեցությանը, չնայած համաշխարհային ջերմոցային գազերի արտանետումներին Հայաստանի ներդրումը կազմում է ընդամենը 0.02%։ Երկիրը մշակել է իր կլիմայական քաղաքականությունը՝ ուղղված կլիմայի փոփոխության հարմարվողականության ու մեղմմանը։
Մայիս 17, 2026 at 15:53
