ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ. ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ՝ ԵՐԵՎԱՆԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆ ԱՐԱ ԵՐՆՋԱԿՅԱՆ

ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ. ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ՝ ԵՐԵՎԱՆԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆ ԱՐԱ ԵՐՆՋԱԿՅԱՆ

ԷկոԼուր

Մենք շարունակում ենք կլիմայի փոփոխության գործընթացների վերաբերյալ հանրահայտ մարդկանց հետ հարցազրույցներ հրապարակել: Մեր զրուցակիցը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երեւանի կամերային թատրոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն, դրամատուրգ  Արա Երնջակյանն է:

Պարոն Երնջակյան, ի՞նչ էկոլոգիական խնդիրներ են Ձեզ ամենից շատ անհանգստացնում:

Ես մարդ եմ եւ բոլոր էկոլոգիական խնդիրներն ինձ անհանգստացնում են: Իհարկե, տարերային աղետների դեմ դժվար է պայքարել, բայց կան էկոլոգիական խնդիրներ, որ մենք կարող ենք լուծել: Օրինակ` ծառահատումները, որ արդեն մասսայական բնույթ են կրում:

Երբ լսում ես խնդիրների մասին, սկսում ես հասկանալ, թե ինչ անպաշտպան վիճակում ես գտնվում: Մենք դաժանաբար շահագործում ենք մեր ընդերքը, աղտոտում ենք մեր շրջակա միջավայրը, դրանով  վտանգ ստեղծում եւ մեզ համար, եւ, ամենակարեւորը, մեր սերունդների համար: Միգուցե մենք չզգանք թունավոր թափոնների գերեզմանոցների ազդեցությունը, բայց կգա մի սերունդ, որ կարող է մեզ անիծել ու ասել. «Այս ի՞նչ եք արել, ինչո՞ւ եք այստեղ թունավոր թափոնների գերեզմանոցներ կառուցել, որոնք հազարամյակների կյանք ունեն»: Սա նշանակում է, որ մենք հազարամյակների համար ենք պատասխանատու:

Իսկ աշխարհում ի՞նչ էկոլոգիական խնդիրներ են Ձեզ մտահոգում:

Մենք ականատես եղանք, թե ինչպես Եվրոպան գործնականորեն ջրով է ծածկվեց: Ինչ-որ մի բան երեւի այնպես չենք արել եւ այժմ պատժվում ենք: Մենք պետք է փոխենք մեզ, այդ ժամանակ երեւի թե բնությունն էլ մեր նկատմամբ բարեհաճ լինի:  Ոչ մի գազանի տեսակ` ոչ գայլը, ոչ կոկորդիլոսը, նման վայրենի ձեւով չի վերաբերվում բնությանը: Առյուծն իր զոհին հրամցնում է մնացած փոքրիկ գազանիկներին, որ նրանք էլ կուշտ լինեն: Միայն մարդն է, որ անկուշտ է: Ես նկատի ունեմ բնության հետ հարաբերվելու պրոբլեմը: Կարծում եմ, որ սա բնության կողմից աննկատ չէր կարող անցնել, եւ բնությունը պատժում է մեզ` բոլորիս: Միգուցե Մեծ Ջրհեղեղն արդեն սկսվել է, պարզապես ուրիշ անուն ենք դնում դրան, եւ պետք է արդեն մտածել` տապանն ինչպես ենք պատրաստելու, այսինքն երկրագունդն ինչպես ենք փրկելու: 

Բնությունը եւ շրջակա միջավայրը ոգեշնչու՞մ են Ձեզ Ձեր ստեղծագործական աշխատանքում:

Գեղեցիկ մայրամուտը կամ լուսաբացն արդեն իսկ ոգեշնչում են: Բայց հիմա, ցավոք սրտի, ավելի շատ ազդեցություն են թողնում բնության արհավիրքները, որոնք բացասական զգացողություններ են առաջացնում: Մեր ներկայացումներում էլ է բնությանն անդրադարձ լինում` ծառերին, հատումներին, նույնիսկ ջրհեղեղներին: Մենք փորձում ենք հնարավորինիս չափ մեր հանդիսատեսին ինչ-որ բաներ տալ, հասկացնել: Եթե մեր քաղաքում ապրող մարդիկ մի քիչ ավելի մտածելով գործեն, չեմ ասում բոլոր արհավիրքները կանհետանան, բայց, ամենակարեւորը, չարությունը կվերանա: Սա մեր թատրոնի գերխնդիրն է, կարծում եմ` արվեստինը` նույնպես:

Ձեր թատրոնի բակում նույնիսկ հատված ծառերի արձան ունեք:

Մեզ վրա շատ վատ ազդեցություն թողեց, այն ինչ տեղի ունեցավ: Ես հասկանում եմ, որ դա բնական էր, դա պետք է լիներ, այդ  սարսափելի տարիներին մենք պետք է պաշտպանվեինք: Եւ այդ ծառերի հիշատակին նվիրված մի փոքրիկ արձանիկ կանգնեցրինք:

Բայց ներկայումս էլ անտառահատումները կտրուկ ավելացել են: Ինչպե՞ս եք վերաբերվում այս ամենին:

Ճիշտն ասած, ես այդ մասին չգիտեմ, բայց շատ տխուր բան եք ասում: Ծառեր չլինելու դեպքում մենք անապատ ենք դարձնում Երեւանը, Հայաստանը, իսկ անապատում գոյատեւելու մենք պատրաստ չենք: Ես հույս ունեմ, որ այդպես չի լինի: Ես լավատես եմ եւ կարծում եմ, որ մենք մեր սխալները չպետք է կրկնենք:

Կլիմայի փոփոխության մասին խոսում են քաղաքական գործիչները, գիտնականները, կանխագուշակում են աղետներ: Արդյոք զգու՞մ եք Դուք այդ փոփոխությունները եւ հատկապես ինչու՞մ են դրանք նկատելի:

Մենք, իրոք, շատ վտանգավոր ժամանակներում ենք ապրում: Բայց խոսելուց զատ ոչինչ տեղի չի ունենում: Մենք աշխարհով մեկ պետք է փորձենք գտնել լուծումներ: Մենք պետք է խելացի մոտենանք ցանկացած տարբերակին, վերլուծենք եւ հասկանանք`  ինչ է տեղի ունենում եւ ինչպես պայքարենք:

Ի տարբերություն աշխարհի տարբեր երկրների Հայաստանում լավ եղանակ է: Ի՞նչ եք կարծում, կլիման մեզ խնայում է:

Գիտեք ինչ, այստեղ մի վտանգավոր բան կա: Երբ մենք նայում ենք հեռուստացույցով, որ Իսպանիայում  ջրհեղեղ է, կամ Մեքսիկայում, թվում է, թե դա հեռու է ու մեզ չի վերաբերվում: Մենք մոռանում ենք, որ այս մոլորակը շատ փոքր է: Տիեզերանավն ընդամենը քառասունհինգ րոպեում անցնում է այդ ամբողջ մոլորակը: Այսինքն`միկրոմիջավայրում ենք ապրում եւ այն, ինչ-որ հիմա տեղի է ունենում Իսպանիայում, վաղը կարող է անդրադառնալ եւ այստեղի կլիմայի վրա: Եւ այդպես վերեւից նայել ու ասել, դե  մենք Հայաստանում ենք, մեզ մոտ խնդիրներ չկան, ճիշտ չէ:

Ինչպե՞ս կարող են արվեստն ու մշակույթն իրենց ներդրումն ունենալ շրջակա միջավայրի պահպանման գործում:

Մենք մի պահ կորցրել ենք կապը երիտասարդների հետ: Մեր ամենագեր խնդիրը պետք է լինի քաղաքացի դաստիարակելը բառիս ամենալայն իմաստով: Ես վերադառնում եմ տիեզերքի կապին: Եթե շատ բարի հասարակարգ լինի, եթե ջերմությունը քաղաքում ստեղծվի ոչ միայն վառարանների միջոցով, այլ  մեր սրտերից գա, մենք եւ մեր քաղաքում միշտ տաք եղանակ կունենանք, եւ երկրագնդում:

Որքանո՞վ եք Դուք անձամբ պատրաստ փոխելու Ձեր կենսակերպը, որպեսզի պահպանեք բնությունը
:

Ես կարծում եմ` այն, ինչ-որ ես անում եմ, իմ համեստ աշխատանքը ինչ-որ չափով նպաստում է դրան: Ավելին ես կարող եմ անել, եթե կոնկրետ խնդիր առաջանա:

Հունվար 12, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր