Քաջարան քաղաքում չկա օդի մոնիտորինգի դիտակայան

Քաջարան քաղաքում չկա օդի մոնիտորինգի դիտակայան

ԷկոԼուր 

Քաջարան քաղաքում չկա օդի մոնիտորինգի դիտակայան: 2011-2012թթ. ժամանակահատվածում Բնապահպանության նախարարությունը  չի կատարել քաղաքի  մթնոլորտային օդի որակի դիտարկումներ: Այս մասին ԷկոԼուրի հարցմանն ի պատասխան նամակով տեղեկացրել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանը: Աղբյուրի համաձայն` պատճառն այն է, որ նման աշխատանքներ նախատեսված չեն եղել պետբյուջեով ֆինանսավորման հիմնական ծրագրում:

Նշենք, որ Քաջարանում  բաց եղանակով շահագործվում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը: Տեղի բնակչությունը բողոքում է հանքավայրի փոշուց, որն իր մեջ պարունակում է ծանր մետաղներ եւ տոքսիկ տարրեր: Բնապահպանության նախարարությունը խոստանում է բացել օդի մոնիտորինգի դիտակայաններ: «…ելնելով Սյունիքի մարզի` որպես հանքարդյունաբերական տարածաշրջանի շրջակա միջավայրի վիճակի մոնիտորինգի հզորացման նկատառումներից, 2013թ. հուլիսի 1-ից «Շրջակա միջավայրի վրա ազդեցության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ ներդրվել է օդի մոնիտորինգի նմուշառման 15 դիտակայան` ծծմբի երկօքսիդի և ազոտի եկօքսիդի պարունակությունների որոշման համար: Պասիվ նմուշառիչներով օդի որակի տվյալները պատրաստ կլինեն միայն 2013թ. հուլիսի 15-ից հետո և կներառեն «ՀՀ շրջակա միջավայրի էկոլոգիական մոնիտորինգի արդյուքների մասին» տեղեկանքում, ինչպես նաև հասանելի կլինեն հանրությանը` «Շրջակա միջավայրի վրա ազեցության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի և ՀՀ Բնապահպանության նախարարության պաշտոնական կայքերում»,- տեղեկացնում է Էդգար Փիրումյանը:

Հուլիս 18, 2013 at 12:34


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր