Արդյո՞ք Երեւանի ՋԷԿ-ը կգործարկվի Ղարաբաղի ածուխով

Արդյո՞ք Երեւանի  ՋԷԿ-ը կգործարկվի Ղարաբաղի ածուխով

ԷկոԼուր

Երեւանի ՋԷԿ-ը  կարելի է 100 մՎտ հզորությամբ գործարկել Ղարաբաղի ածուխով: Ինչպես տեղեկացնում է News.am կայքը, այս մասին նոյեմբերի 4-ին հայտարարել է Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը՝ ելույթ ունենալով խորհրդարանում: «Դա ծրագրերից մեկն է, որը կբարձրացնի մեր էներգանվտանգության մակարդակը», – ասել է նախարարը: Ըստ նրա` վերջին երկու տարիներին  Ղարաբախի ածխահանքերը հավելյալ ուսումնասիրվել են, սահմանվել են  դրանց հարստացման տեխնոլոգիաները:

«Վերջինս Հայաստանի համար լուրջ խնդիր է, քանի որ էներգակառույցներն ածխով շահագործելու փորձ մենք չունենք, իսկ Մաղավուզի հանքն ունի նաեւ բարդ տեղանք, որը դժվարացնում է արդյունահանումը:  Այնուամենայնիվ, հին բլոկը կարող է գործարկվել մոտ 100 մՎտ հզորությամբ», - նշել է Արմեն Մովսիսյանը:

ԷկոԼուրին տված հարցազրույցներից մեկում էներգետիկայի ոլորտի փորձագետ Էմիլ Սահակյանն ասել է, որ Երևան ՋԷԿ-ի համար Ղարաբաղի քարածխի օգտագործման գաղափարը անիրագործելի է, չունի ոչ մի տեխնիկական լուծում և հեռանկարներ: «Քարածխի այրման տեխնոլոգիան պայմանավորված է կաթսաների կառուցվածքով, և կաթսայի ամեն տեսակին համապատասխանում է վառելիքի հաշվարկված տեսակ: Երևան ՋԷԿ-ում օգտագործվում են գազամազութային կաթսաներ, որոնք նախատեսված չեն քարածխի համար: Քարածխի վառելիքի օգտագործման համար նախատեսված այդպիսի կաթսաների վերակառուցումը ավելի թանկ կարժենա, քան նոր փոշեքարածխային կաթսայատան կառուցումը»,- ասել է Էմիլ Սահակյանը:

Այն երկրները, որոնք օգտագործում են ածուխը` որպես վառելանյութ (Ռուսաստան, Ղազախստան), ունեն հատուկ տեխնիկական ռեգլամենտ` «Ածուխների եւ դրանց արդյունահանման արտադրական գործընթացների, վերամշակման, պահման եւ տեղափոխման անվտանգության նկատմամբ պահանջներ»: Ըստ այդ ռեգլամենտի` ածուխում ռադիոակտիվ ճառագայթման աղբյուրները գերազանցում են սահմանային թույլատրելի նորմաները եւ կարող են բացասական ազդեցություն թողնել մարդու օրգանիզմի վրա: Ածուխը եւ ածուխի փոշին  պայթունահրդեհավտանգ են, կարող են ինքնայրվել, աղտոտել օդային ավազանը, մակերեւութային եւ գրունտային ջրերը, հողը, կարող են նստվածք տալ, ճահճացնել շրջաններ, արհեստականորեն բարձրացնել սեյսմիկությունը, նպաստել հողերի բերքատվության վատթարացմանը:

Նշենք, որ, գիտական գրականության համաձայն, ածուխին ուղեկցող տարրերից է մկնդեղը:

Նոյեմբեր 05, 2013 at 11:59


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր