

ԷկոԼուր
Ծծմբային երկօքսիդով Ալավերդու մթնոլորտային օդի աղտոտվածությունն ազդել է Դեբեդ գետի վրա: Այս հանգամանքը պարզել է ՀՀ ԳԱԱ Երկրաբանականգիտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, ICP waters եվրոպական համագործակցության ծրագրի փորձագետ Մարինե Նալբանդյանն իր գիտական ուսումնասիրությունների արդյունքում, որոնք գիտական հոդվածների տեսքով հրապարակվել են ICP waters միջազգային ծրագրի զեկույցներում:
«Հետազոտությունների արդյունքում բացահայտվել է, որ ծծմբային երկօքսիդով օդի բարձր աղտոտվածությունն անդրադառնում է անմիջապես Դեբեդ գետի և նրա վտակների ջրի որակի վրա` հանդիսանալով հավելյալ աղբյուր գետի ջրում սուլֆատների մեծ կոնցենտրացիաների համար: Թթվային մթնոլորտային տեղումների շնորհիվ գետում ձևավորվում են բարձր քանակությամբ սուլֆատներ և դիտարկվում է ջրի թթվայնացման երևույթներ, ինչը, միանշանակ, լուրջ սպառնալիք է գետի կենսաբանական կյանքի համար: Այս անթրոպոգեն բացասական ազդեցությունը նաև բերում է գետային համակարգի դիսբալանսի: Մենք գրանցեցինք նաև, որ հատկապես ամառվա ամիսներին, ջրի սակավության և համեմատաբար բարձր ջերմաստիճանների պայմաններում գետի որոշ հատվածում և վտակներում թթվայնությունը մեծանում է, աղերը սկսում են ակտիվ լուծվել և դա մեծ ռիսկ է ստեղծում ոչ միայն ձկների գոյության, այլ և ամբողջ կենսազանգվածի համար:Ոռոգման նպատակներով այդ ջրի օգտագործումը կհանգեցնի հողի թթվայնացմանն ու աղակալմանը, հանդիսանալով բացասական գործոն գյուղատնտեսության զարգացման համար տարածքում»,- ԷկոԼուրին ասաց Մարինե Նալբանդյանը:
Նա նշեց, որ հետազոտությունները շարունակվում են արդեն 8 տարի, և այդ ժամանակահատվածի համար դիտարկվում է Դեբեդ գետի թթվայնացված տարածքների ավելացման միտում, ինչն ահազանգ է որ, այդ տենդենցը ռիսկի գործոն է դառնում ամբողջ գետային ավազանի համար: Օդային ազավանի մանրակրկիտ ուսումնասիրությունները հատուկ տիեզերական նկարների վերծանման օգնությամբ փաստում են, որ ծծմբային երկօքսիդով հարուստ մթնոլորտային օդային զանգվածները շարժվում են դեպի արևմուտք` հանդես գալով վտանգավոր նյութերի տեղափոխման աղբյուր և աղտոտման ռիսկի գործոն Շիրակի մարզի համար: Չի բացառվում, որ նմանատիպ տենդենց է գրանցվումԱլավերդու պղնձաձուլական գործարանի ծխնելույզը տեղափոխելու շնորհիվ, քանի որ ավելի բարձր դիրքի դեպքում օդային զանգվածների ակտիվ տեղափոխման պայմաններում ծծմբային երկօքսիդով հարուստ մթնոլորտային օդը տեղաշարժվում է դեպի Շիրակի դաշտավայր՝ վտանգելով նաև այնտեղ աճեցվող գյուղմթերքը:
«Պետք է հասկանանք վերջապես, որ խնդիրը չի լուծվում աղտոտումը տեղափոխելով մի ուրիշ վայր, այլ լուծում է ստանում միայն աղտոտման աղբյուրը վերացնելով: Այստեղ օգնության պետք է գան տեխնոլոգիաները, որոնք կկրճատեն հնարավորինս արտանետումներում պարունակվող վնասակար նյութերի քանակությունները»,- ասաց Մարինե Նալբանդյանը:
Մայիս 23, 2018 at 17:45