2023թ. սեպտեմբերի 8-ին Երևանի Անի պլազա հյուրանոցում տեղի կունենա «Էկոլոգիական իրավունքի իրագործման խնդիրները Հայաստանում. ի՞նչ անել» թեմայով պանելային քննարկում, որը կազմակերպել է «Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական ՀԿ-ն՝ «Հայաստանի Անտառներ» ՀԿ-ի և «Friedrich-Ebert-Stiftung Armenia» հիմնադրամի հետ համատեղ:
Պանելային քննարկման օրակարգում ներառված են չորս հիմնական թեմաներ: «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը և փաստաբան Մերի Կարապետյանը կխոսսեն «Թեղուտի գործը ՄԻԵԴ-ում և Մեծ Այրում և Ճոճկան գյուղերի 70 բնակիչների առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքի պաշտպանությունը դատարանում» թեմայի շուրջ:
Փաստաբաններ Հայկ Ալումյանն ու «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը կանդրադառնան Ամուլսարի հարցին՝ «Ամուլսարի գործ, խոչընդոտներ և դրա հաղթահարման մեխանիզմները» խորագրով պանելային քննարկման ընթացքում:
Փաստաբան Կարեն Մեժլումյանը կանդրադառնա Հատիս լեռան վրա Հիսիուսի արձանը տեղադրելու հարցին՝ «Հատիսի գործ․ ՀԿ-ների դատարան դիմելու իրավունքների ոտնահարման հերթական դեպքը» թեմայով քննարկման ժամանակ:
«Ինչպե՞ս ոչնչացնել այգին և մնալ անպատիժ» պանելային քննարկման ընթացքում Սյունիքի մարզի Կարճևան գյուղի բնակիչ Սիմոն Խաչիկյանը կներկայացնի, թե ինչ վնասներ է կրել «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գործունեության հետևանքով, փաստաբան Գուրգեն Թորոսյանն էլ կխոսի «Ագարակի ՊՄԿ և Հայաստանի դատական իշխանությունն ընդդեմ Սիմոն Խաչիկյանի» դատական գործի մանրամասներից:
Սեպտեմբեր 06, 2023 at 10:11