ՀՀ կառավարությունն անտեսեց տեղի բնակչության և քաղհասարակության կարծիքը և կանաչ լույս վառեց Ամուլսարի ծրագրի համար

ՀՀ կառավարությունն անտեսեց տեղի բնակչության և քաղհասարակության կարծիքը և կանաչ լույս վառեց Ամուլսարի ծրագրի համար

ՀՀ կառավարությունը, անտեսելով տեղի բնակչության և քաղաքացիական հասարակության կարծիքը, կանաչ լույս վառեց Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի համար։

Գործադիրի սույն թվականի հունվարի 18-ի որոշմամբ՝ Ամուլսարի ծրագիրն իրականացնող «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի 12.5 % բաժնետոմսերը նվիրաբերվեցին ՀՀ կառավարությանը։ Այս որոշումը բխում է 2023 թվականի փետրվարի 22-ին ՀՀ կառավարության, Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև կնքված փոխընբռնման հուշագրից։

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի նվիրաբերած բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը։

ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանի խոսքով՝ «Լիդիան Արմենիա»-ի կանոնադրական կապիտալի 12,5 % բաժնետոմսերը ՀՀ կառավարությանը նվիրաբերվում են առանց կառավարության կողմից որևէ պարտավորության։ Այստեղ հիշեցնենք, որ մինչ ՀՀ կառավարության, Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև փոխընբռնման հուշագրի ստորագրումը Ամուլսարի ծրագրի շինարարությունը կանգնած էր։

2018 թվականից ծրագրի ազդակիր Ջերմուկ և Գնդեվազ համայնքի բնակիչները փակ էին պահում դեպի Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհները՝ թույլ չտալով ընկերությանն իրականացնել ենթակառուցվածքների շինարարությունը։

5 տարի անց՝ 2023 թվականին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ազդարարեց՝ «Ստորագրելու ենք 250 միլիոն դոլարանոց փաթեթ, որը կազդարարի Ամուլսարի վերսկսումը»։ Խոսքը վերը նշված հուշագրի մասին է, որի շրջանակներում «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն պարտավորվել է կատարել առնվազն 250 միլիոն դոլարի չափով ներդրումներ: Ծրագրի շինարարության ընթացքում ընկերությունը պարտավորվել է ազդակիր համայնքներին բնապահպանական ծրագրերի իրականացման համար մասհանումներից բացի տրամադրել նաև 7 միլիոն դոլարին համարժեք դրամի չափով տարեկան ֆինանսական աջակցություն։

Գործադիրի հունվարի 18-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Վերջին 6 տարվա ընթացքում անընդհատ առնչվել են Ամուլսարի հանքի հետ կապված խնդիրներին, և եղել են բազմաթիվ մտահոգություններ: Այն ժամանակ, երբ մենք բոլոր այդ հարցերի պատասխանները ստացել ենք, հնարավոր ենք համարել նախագծի շարունակումը, և շատ ողջունելի է, որ ներդրողներն՝ իրենք, ցանկացել են, որ կառավարությունը, այսինքն՝ ՀՀ ժողովուրդը՝ ի դեմս կառավարության, մասնակցություն ունենա և բաժնեմաս ունենա նախագծի մեջ, և տվյալ դեպքում բաժնետոմսերի 12,5 %-ը պետք է անցնի ՀՀ կառավարությանը, այսինքն՝ ՀՀ ժողովրդին»։

Թե երբ և ինչպես է ՀՀ կառավարությունը ստացել բոլոր մտահոգությունների պատասխանները, պարզ չէ։ Տեղի բնակիչները և քաղհասարակությունը այս տարիների ընթացքում շարունակ բարձրաձայնել են Ամուլսարի ծրագրի անկառավարելի ռիսկերի մասին։ Իսկ այդ ռիսկերը հաստատել է նաև «ELARD»-ի փորձագիտական եզրակացությունը։ Վերջերս էլ Ջերմուկի բնակիչները նամակով դիմել են Եվրասիական զարգացման բանկին՝ Ամուլսարի ծրագրի հնարավոր ֆինանսավորման վերաբերյալ և նշել ծրագրի ռիսկերը ու իրենց բացասական կարծիքը։ 

ՀՀ վարչապետը նշել է․ «Բացի օրենսդրությամբ սահմանված վճարումներից, այդ թվում՝ ՏԻՄ-երին, լրացուցիչ ամեն տարի ազդակիր համայնքներին կվճարվի 7 միլիոն դոլար, այսինքն, այդ գումարը մուտք է արվելու ազդակիր համայնքների բյուջե: Տվյալ դեպքում ազդակիր համայնքներն են Սիսիան խոշորացված համայնքը, Ջերմուկ և Վայք համայնքները»:

Սա ևս վիճահարույց հարց է։ Ամուլսարի ծրագիրը պետական մակարդակով հաստատվել էր, երբ դեռ չէր իրականացվել համայնքների խոշորացում։ Համայնքների խոշորացման գործընթացից հետո Գնդեվազը միավորվեց Ջերմուկի հետ։ Խոշորացվել են Սիսիան և Վայք համայնքները, որոնք դարձել են Ամուլսարի ծրագրին ազդակիր։ Այս մեծ համայնքների մեջ մտնում են բազմաթիվ բնակավայրեր, և հարց է, թե ինչպես պետք է բաշխվեն այդ գումարները։

Նիկոլ Փաշինյանը նաև նշել է․ «Ամուլսարի հանքի շահագործումն այս մոդելով, կարծում եմ՝ բազմաթիվ մտահոգություններ փարատում է, և նաև լրացուցիչ խթան կլինի ՀՀ տնտեսական աճի և տնտեսական զարգացման համար: Մենք հույս ունենք, որ, իսկապես, Ամուլսարի հանքը կլինի հանքարդյունաբերության ոլորտում նոր ստանդարտների ներդրման հարթակ, և, իհարկե, կառավարությունը, արդեն նաև որպես բաժնետեր, այս հարցում կլինի հետևողական»։

Թե ինչ մոդելի մասին է խոսքը, պարզ չէ։ Ամուլսարի հանքավայրը նախատեսվում է շահագործել բաց եղանակով, ոսկու կորզումը՝ ցիանիդի միջոցով, ինչը, ըստ մասնագետների և տեղի բնակիչների, մեծ ռիսկեր է պարունակում այդ շրջանի շրջակա միջավայրի համար։ Ամուլսարի վիճահարույց ծրագիրը նաև պատճառ է դարձել մի շարք դատական գործերի։ 

 

Հունվար 18, 2024 at 20:46


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր