2023թ. փետրվարի 22-ին ՀՀ կառավարության, Եվրասիական Զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև ստորագրվեց եռակողմ փոխըմբռնման հուշագիր, որը թույլ կտա շահագործել Ամուլսարի հանքավայրը։
ՀՀ կառավարության կողմից փաստաթուղթը ստորագրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Այսօր ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, որով կողմերն իրենց նպատակադրումներն են հայտնում՝ ներգրավելու 150 մլն ԱՄՆ դոլար՝ այս պայմանագրով, բայց այս պայմանագրից դուրս ևս մոտ 100 մլն դոլար է ներդրվելու՝ Ամուլսար հանքավայրի վերագործարկման ուղղությամբ։ Գումարը ծախսվելու է շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու և անհրաժեշտ տեխնիկան ձեռքբերելու համար։ Կառավարությունը ստանալու է նոր ընկերության բաժնետոմսերի 12,5 տոկոսը և դրա դիմաց չի վճարելու որևէ բան, բայց փոխարենը կատարելու է գործարքի որոշակի ռիսկերից ապահովագրումը նաև որպես բաժնետեր: Համաձայն այս պայմանավորվածության՝ ազդակիր համայնքներն ամեն տարի ստանալու են 7 միլիոն դոլարի աջակցություն ընկերության կողմից: Ընկերությունը հարյուրավոր աշխատատեղեր է ստեղծելու և ակտիվ տնտեսական աճ է ապահովելու ոչ միայն մարզի, այլ նաև Հայաստանի հանրապետության համար: Գնահատված է, որ «Լիդիան Արմենիա»-ի աշխատանքը Հայաստանի ՀՆԱ-ն կավելացնի մոտավորապես 1%-ով»,- ասաց նախարարը։
«Լիդիան Արմենիա»-ի հետ Ամուլսարի ծրագրի վերաբերյալ հուշագիր ստորագրելու և այդպիսով ծրագրին կանաչ լույս տալու մասին լուրը հանրությանը մատուցվեց ամենավերջին պահին՝ այսօր Ազգային Ժողովում տեղի ունեցած քննարկումներից մեկի ընթացքում:
Փաստացի Կառավարությունը խախտել է հասարակությանը տրված խոստումներն այն մասին, որ իրենք մանրակրկտորեն կուսումնասիրեն Ամուլսարի ծրագրի հետ կապված փորձագետների ներկայացրած կարծիքներն ու եզրակացությունները՝ հիմնավորված որոշում կայացնելու համար։ Այսպիսով՝ ոչ մի պատասխան չտրվեց, թե ինչպես են կառավարելու Արփա և Որոտան գետերի ջրավազանների, Կեչուտ և Սպանդարյան ջրամբարների ստորգետնյա ջրերի հետ կապված ռիսկերը, ինչ է նախատեսված ցիանային հարթակի տեխնոլոգիայի հետ կապված ռիսկերը նվազեցնելու համար և ինչ ճակատագիր է սպասում Ջերմուկ առողջարանին, որը կվերածվի հանքարդյունաբերական բանավանի։ Հեռանկարների մասին խոստումները մանիպուլյացիոն բնույթ են կրում, քանի որ չկա գնահատում, թե ինչ կորուստներ կկրի Ջերմուկը, որի զարգացման համար արդեն իսկ ներդրվել են միլիոնավոր գումարներ, ինչ վնասներ կկրեն բազմաթիվ մանր տնտեսությունները, որոնք սպասարակում են առողջարանը, զբաղվում են գյուղատնեսությամբ, մատակարում են բարձրորակ մթերքներ, և ինչ կլինի Ջերմուկ հանքային ջրի բրենդի հետ։ Կան բազմաթիվ այլ խնդիրներ, որոնց մասին բազմիցս է ներկայացվել Կառավարությանը, և ինչն արտացոլված է վարչապետի հրամանով մշակված փորձագիտական եզրակացությունների մեջ։
Որպես բողոքի նշան՝ հայաստանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հուշագրի ստորագրման պահին հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի դիմաց:
«Տարիներ շարունակ բոլոր ակտիվ բնապահպանները պայքարել են Ամուլսարի շահագործման դեմ: Երբ լսեցի, որ պետք է ստորագրվի շահագործման փաստաթուղթը, որպես հասարակական գործիչ, ով բավական ջանք ու ջիղ է գործադրել այս խնդրի հետ կապված, չէի կարող անտարբեր լինել և չգալ այստեղ, որովհետև գիտեմ, որ այս շենքում է ամեն ինչ որոշվում: Անտարբերությունն ամենասխալ բանն էր այս պարագայում»,- նշեց «Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը:
«Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն, Նազելի Վարդանյանն ասաց. «Պետությունը շահագրգռված էր բաժնեմաս ունենալ և սկսել գործունեությունը: Տարբեր հարցազրույցները հող էին նախապատրաստում այս ամենի համար: Սրանով սկիզբ է դրվում Ջերմուկը, Սյունիքն ու Վայոց ձորը կորցնելու համար: Պետությունն այս համաձայնագիրը ստորագրելով՝ իր վրա պարտավորություն է վերցնում ձեռնարկողի հետ միասին հավասար պատասխանատվություն կրելու»:
Փետրվար 22, 2023 at 20:58