Վստահեցնում եմ և վստահ եմ, որ բոլոր անհրաժեշտ փորձաքննություններն իրականացվել են, իրականացվում են և ընթացքում էլ խստագույն մոնիթորինգ կիրականացվի: Փետրվարի 23-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Ամուլսարի ծրագրի վերսկսման նպատակով նախորդ օրը ստորագրված հուշագրին:
«Որպես առողջապահական գերատեսչություն մենք մշտապես հետևում ենք տվյալ, ինչպես նաև այլ հանքարդյունաբերական կազմակերպությունների կողմից շահագործման արդյունքում առողջությանը հասցված ռիսկերին և դրանց վերաբերյալ պարբերաբար որոշակի գնահատականներ հնչեցնում: Վստահ ենք, որ բոլոր նոր տեխնոլոգիական միջոցները և հնարավորություններն օրգտագործվելու են՝ ապահովելու անվտանգ և ստանդարտներին համապատասխան շահագործում»,- ասաց նախարարը:
Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին ՀՀ կառավարության, Եվրասիական Զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև ստորագրվեց եռակողմ փոխըմբռնման հուշագիր, որը թույլ կտա շահագործել Ամուլսարի հանքավայրը։
Նշենք, որ Առողջապահության նախարարությունը հանքարդյունաբերությանն ազդակիր համայնքներում մարդու առողջության վերաբերյալ փորձաքննություններ չի իրականացրել, ավելին՝ նախարարությունը մինչ օրս չի գնահատել շրջակա միջավայրի աղտոտվածության՝ մարդու վրա ունեցած ազդեցությունը, չի ներկայացրել՝ ինչ մեթոդաբանություն պետք է կիրառի, աղտոտված համայնքներում չի իրականացրել առաջնային առողջապահական հետազոտություններ:
Փետրվար 23, 2023 at 15:30