ՀՀ վարչապետը՝ հանքարդյունաբերական ընկերությունների բաժնետոմսերի որոշակի տոկոսը ՀՀ կառավարությանը նվիրաբերելու մասին

ՀՀ վարչապետը՝ հանքարդյունաբերական ընկերությունների բաժնետոմսերի որոշակի տոկոսը ՀՀ կառավարությանը նվիրաբերելու մասին

Սույն թվականի փետրվարի 7-ին ՀՀ Ազգային ժողովում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) և «Լիդիան Արմենիա» ընկերությունների կողմից համապատասխանաբար 21,8 % և 12,5 % բաժնետոմսեր ՀՀ կառավարությանը նվիրաբերելու հարցին:

«Մի ժամանակ անհատույց պետության գույքն էր տրվում, հիմա անհատույց պետությանն է տրվում, և տրվում է ոչ թե համատարած ու բոլոր դեպքերում, այլ այն դեպքերում, երբ այդ պրոյեկտներն իրենց հիմքում պատմականորեն լեգիտիմության խնդիր ունեն։ Դուք մոռացել եք, ԶՊՄԿ-ն ոնց է սեփականաշնորհվել և ում։ Ասում եք՝ փայ մտնել: Մենք չունենք այնպիսի դեպք, որ մարդու դուռը ծեծենք, ասենք՝ հարգելի գործարար, ներդրող, հիմա քո ունեցածի 20%-ը մերն է։ Մենք ունենք դեպք, երբ գալիս է նոր ներդրող, ու ինքն ասում է՝ ես այս պատմությունը հաշվի առնելով այդ 20%-ը դնում եմ: Ոչ թե կառավարությունն է ԶՊՄԿ-ին ասել՝ 20%-ը ինձ տվեք, այլ այդ իրենք են արել ժամանակին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով Ամուլսարի շահագործման հարցին՝ Նիկոլ Փաշինյանն նշեց․ «Ամուլսարի հետ կապված մենք կանգնած ենք եղել հետևյալ դիլեմայի առաջ․ մի կողմից կար հանրային ընկալման լեգիտիմության պրոբլեմ, մի կողմից կան ներդրումներ, ո՞նց դուրս գալ այս փակուղուց։ Հանրությունը, այդ թվում տեղական հանրությունը, իրեն բավարարված չի զգում, բայց մյուս կողմից էլ միլիոնավոր դոլարներ են ներդրվել։ Ազդակիր համայնքները, որ Ամուսլարի ծրագրից տարեկան 7 միլիոն դոլար գումար են ստանալու, կառավարությունը չի այդ 12․5%-ի տերը, այլ՝ ՀՀ ժողովուրդը։ Եվ երկրորդ, երբ ասում եք՝ փայ մտնել, ոչ մեկն իր ունեցած սեփականությունից չի զրկվել։

Ներդրողը մեզ ասել է, որ չի ուզում ներքին բախում ունենալ, այս ընկերություններն իրենց թիկունքում պատմություններ ունեն, ասել է՝ ես չեմ ուզում այդ պատմության բեռը կիսեմ իմ բիզնես ռեպուտացիայի հաշվին և չեմ ուզում լինել այդ վատ պատմության ժառանգորդը։ Դիմել է կառավարությանը, որ իր կողքին կանգնենք, որպեսզի բոլորը տեսնեն՝ ինքը երկրից տանող չի, երկրին բերող է, որովհետև դա պետք է իր բիզնես ռեպուտացիայի համար։ Ի՞նչն է այստեղ կասկածելի։ ՀՀ կառավարությունը որևէ ոլորտում չունի գաղտնի պարտավորություն, որը հայտնի չէ ՀՀ ժողովրդին։ Տեղի է ունեցել գործարք, ու ներդրողը կառավարությանն ասել է՝ 4 միլիարդի ներդրումային ծրագիր եմ ուզում անել, բայց կարևոր է, որ կառավարությունն իր ներկայությամբ նախ տեսնի, թե ինչ է կատարվում: Երկրորդ, քանի որ օբյեկտը պատմություն ունի, ընկերությունն ասել է, որ ուզում է այստեղ լինենք, որ ի դեմս կառավարության, տալիս ենք ժողովրդին։ Ներդրողը՝ ինքն է այդ պայմանով եկել, մտել ներդրման մեջ: Էլ չեմ ասում, որ որոշ դեպքերում կառավարությունն աջակցել է, որ նեդրումային միջավայրի առումով գրավիչ լինի: Երրորդ գործոնը՝ կառավարությունն ամեն ինչ արել է, որ շուկայում մրցակցային վիճակ լինի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։



Փետրվար 12, 2024 at 15:32


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր