

«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտնում է, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նպատակով շինարարական աշխատանքները վերսկսվել են։
«Այս պահին Ամուլսարի տարածքում արդեն իսկ ընթանում են ակտիվ շինարարական աշխատանքներ, ներգրավված է 10 կապալառու ընկերություն հանքի տարբեր ենթակառուցվածքների շինարարությունն ավարտին հասցնելու համար:
Ընկերությունը վերահաստատում է իր պարտավորվածությունը հանքի շինարարությունն ու շահագործումն իրականացնել բնապահպանական կառավարման և աշխատանքային անվտանգության միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան, ինչպես դա արել է նախկինում:
Ամուլսարի հանքավայրի շահագործումը զգալի նշանակություն է ունենալու Հայաստանի հետագա տնտեսական զարգացման և հատկապես Ամուլսարի շրջակա համայնքների համար: Մասնավորապես, ոսկու ներկայիս միջազգային շուկայական գների պայմաններում, շահագործման ընթացքում Ընկերությունը նախատեսում է վճարել տարեկան 100-120 մլն ԱՄՆ դոլար հարկեր և ռոյալթիներ: Ստեղծվելու է 1000 ուղղակի և մոտ 5000 անուղղակի աշխատատեղ, ՀՆԱ-ն, ըստ կանխատեսումների, աճելու է լրացուցիչ 1%-ով», - ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ «Լիդիան Արմենիա»-ն օգտվեց «Ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքից, որի 55.1 հոդվածով նախատեսվում է ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգում անհաղթահարելի ուժի՝ հրդեհների, ջրհեղեղների, երկրաշարժների, փոթորիկների կամ այլ բնական աղետների, պայթյունների, պատերազմի, ահաբեկչության, քաղաքացիական պատերազմի, այդ թվում և քաղաքացիական անհնազանդության հիմքով: Օրենքը ընդունվել է 2022 թվականին, երբ Ամուլսարի ծրագիրը շուրջ 4 տարի կանգնեցված էր․ հանքավայրի շահագործմանը դեմ տեղի բնակիչները և բնապահպանները փակել էին դեպի Ամուլսար տանող ճանապարհները։
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն 2022 թվականի հուլիսի 6-ի թիվ Հ/Ա-2022/25 գրությամբ դիմեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն խնդրանքով՝ ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը 3 տարի 5 ամիս 20 օրով երկարաձգելու: Նախարարությունը բավարարեց ընկերության դիմումը։
Օգոստոս 11, 2025 at 15:41