ՀՀ նախագահը ստորագրեց «Ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» վիճահարույց օրենքը՝ առանց քննարկելու այն իրեն դիմած քաղհասարակության հետ

ՀՀ նախագահը ստորագրեց «Ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու  մասին» վիճահարույց օրենքը՝ առանց քննարկելու այն իրեն դիմած քաղհասարակության հետ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը սույն թվական հունիսի 18-ին ստորագրել է հանրության համար վիճահարույց Ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու  մասին օրենքը, որը ՀՀ Ազգային ժողովն ընդունել է մայիսի 25-ին: ՀՀ նախագահն օրենքը ստորագրեց՝ հաշվի չառնելով 44 հասարակական կազմակերպությունների և անհատների` իրեն ուղղված նամակ-առաջարկը՝ նախքան օրենքի ստորագրումը խնդրի առնչությամբ ամբողջական կարծիք կազմելու համար քննարկում կազմակերպել իր և շահագրգիռ հանրության միջև՝ ներգրավելով նաև մասնագիտական ու իրավական գիտելիքներ ունեցող անկախ փորձագետների:  
Իրենց նամակի վերաբերյալ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի դիրքորոշման մասին հասարակական կազմակերպությունները տեղեկացան ոչ թե պատասխան գրությամբ կամ քննարկման ժամանակ, այլ մամուլից:

Panorama.am կայքում «Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը» վերտառությամբ նյութում գրված է. «Սույն թվականի մայիսի 30-ին մի խումբ հասարակական կազմակերպությունների կողմից Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին ուղղված նամակին ի պատասխան ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են․ «Նախագահ Վահագն Խաչատուրյանը ծանոթացել է բնապահպանական և իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների նամակում արծարծված խնդիրներին և  «ՀՀ  ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը խորհրդարանի կողմից ամբողջովին ընդունվելու դեպքում՝ այն չստորագրելու ՀԿ-ների խնդրանքին՝ հակասահմանադրականության հիմնավորմամբ:
Հետամուտ լինելով խնդրի լիարժեք պարզաբանմանը ՀՀ նախագահը ծանոթացել է նաև Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ներկայացված սույն օրենքի հիմնավորումներին, առաջին ընթերցումից հետո ՀՀ կառավարության ներկայացրած առաջարկներին, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչության և ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացություններին նախագահի հանձնարարությամբ ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական և փորձագիտական բաժինները նույնպես ներկայացրել են խնդրո առարկա օրենքում փոփոխություններին վերաբերյալ վերլուծություն:
Վերոշարադրյալ եզրակացությունների և վերլուծություններին համադրության արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ներկայացված  «ՀՀ  ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում ՀՀ Սահմանադրությանը հակասող հոդվածներ և կետեր չեն արձանագրվել: Ըստ այդմ, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 18-ին ստորագրել է օրենքը:
Միևնույն ժամանակ,  նախագահի աշխատակազմը բաց է  հանրային կարևորություն ունեցող թեմաների շուրջ տարբեր ձևաչափերով քննարկումներում ներգրավելու և մասնակցելու համար»:
 Հիշեցնենք, որ օրենքը համալրվել է 55.1 հոդվածով, որը նախատեսում է ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգում անհաղթահարելի ուժի հիմքով: Ի թիվս մի շարք պատճառների՝ հրդեհների, ջրհեղեղների, երկրաշարժների, փոթորիկների կամ այլ բնական աղետների, ինչպես նաև պայթյունների, պատերազմի, ահաբեկչության, քաղաքացիական պատերազմի, անհաղթահարելի ուժ է համարվելու քաղաքացիական անհնազանդությունը՝ բողոքի ակցիաների տարբեր դրսևորումներ, որոնց արդյունքում հնարավոր չի եղել հանքավայրում կազմակերպել ընդերքօգտագործման աշխատանքները: Ընդերքօգտագործման գործող իրավունքի ժամկետները երկարաձգվելու են առավելագույնն այդ հանգամանքների գործողության ժամկետով՝ առանց նոր փորձաքննության անցկացման։

Անհաղթահարելի ուժի հիմքով ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգմանը վերաբերող իրավակարգավորումները  տարածվելու են նաև մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ընդերքօգտագործման իրավունք ստացած ընդերքօգտագործողների վրա, եթե անհաղթահարելի ուժը ծագել է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան նախորդող չորս տարվա ընթացքում։

Օրենսդրական այս փոփոխությունն, ըստ էության, հանրության՝ ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու սահմանադրական իրավունքի, ինչպես նաև Օրհուսի կոնվենցիայով նախատեսված՝ որոշումների ընդունմանը մասնակցելու իրավունքի սահմանափակում է և հակաժողովրդավարական է։

Լուսանկարը վերցված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:

Հունիս 21, 2022 at 11:48


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր