Ամուլսարի և «Արփի լիճ» ազգային պարկի խնդիրները COP17-ի օրակարգում

Ամուլսարի և «Արփի լիճ» ազգային պարկի խնդիրները COP17-ի օրակարգում

Երևանում ընթացող ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) շրջանակում հոկտեմբերի 27-ին COP17-ի Կանաչ գոտում (Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր) կայացավ "Բնաապահպանական ժողովրդավարությունը ճնշման տակ" խորագրով աշխատաժողովը: Հայնրիխ Բյոլ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված միջոցառման ընթացքում «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը և Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի հետազոտող Աիդա Պապիկյանը հանդես եկան զեկուցումներով։

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանն իր ելույթում անդրադարձավ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդրին՝ ընդգծելով դրա բացասական հետևանքները կենսաբազմազանության, ջրային պաշարների և բնապահպանական ժողովրդավարության վրա։ Որպես առանցքային խնդիր՝ նա մատնանշեց Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների և Բեռնի կոնվենցիայի պահանջների անտեսումը։

Ինգա Զարաֆյանը հիշեցրեց, որ 2016 թվականին Հայաստանն առաջարկել էր Բեռնի կոնվենցիայի Էմերալդ ցանցում ընգրկել  23 թեկնածու տարածք՝ մոտ 1 միլիոն հեկտարով, ինչը կազմում էր երկրի տարածքի 34.8%-ը։ Ներկայում ընթանում է էմերալդ թեկնածու տարածքների վերանայման գործընթաց, ինի արդյունքում ակնկալվվում է  կրճատել էմերալդ թեկնածու տարածքների մակերսը՝ հասցնելով 23.8%-ի։ Արդյունքում ցանցից դուրս կմնա  Ամուլսարի ոսկու հանքավայրի ծրագրային տարածքն ընդգրկող էմերալդ թեկնածու տարածքները։

2020 թվականին "Էկոլուր" տեղեկատվական ՀԿ-ն, "Հայաստանի անտառներ" ՀԿ-ն, "Կանաչ Հայաստան" ՀԿ-ն CEE Bankwatch Network-ի հետ միասին բողոք էին ներկայացրել Բեռնի կոնվենցիայի քարտուղարություն՝ ահազանգելով էմերալդ թեկնածու տարածքների վրա հանքի շահագործման հնարավոր ազդեցության մասին։ Բեռնի կոնվենցիայի բյուրոն ՀՀ կառավարություն նամակ է ուղարկել, որպեսզի մինչև հանքարդյունահանումն իրականացվի Ամուլսարի ծրագրի նոր ՇՄԱԳ փորձաքննություն, մինչև CBD COP 17-ը ստեղծվի "Ջերմուկ" ազգային պարկը և քաղհասարակությունը մասնակցի էմերալդ թեկնածու տարածքների վերանայման գործընթացին։ Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել է, որ  շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) ներկայիս եզրակացությունը մնում է ուժի մեջ, իսկ «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծումը դեռ գործընթացի մեջ է։

2018 թվականից ի վեր, երբ տեղի բնակիչները խաղաղ անհնազանդության միջոցով փակել էին հանք տանող ճանապարհները, ընկերությունը սկսեց կիրառել դատական հայցերի՝ SLAPP մեխանիզմներ՝ ֆինանսապես և իրավական ճանապարհով ճնշելով ակտիվիստներին, լրագրողներին և բնակիչներին։

Եզրափակելով զեկույցը՝ Ինգա Զարաֆյանը կոչ արեց միջազգային կազմակերպություններին՝ աջակցել տեղական պայքարին, հորդորեց վերանայել Ամուլսարի ՇՄԱԳ-ը, զերծ մնալ հանքավայրի շահագործումից և օր առաջ հաստատել «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծումը՝ փրկելով տարածաշրջանի էկոլոգիական ապագան:

Աիդա Պապիկյան․ «Արփի լիճ» ազգային պարկի օրինակը բացահայտում է պահպանվող տարածքների կառավարման մարտահրավերները

Հայաստանում պահպանվող տարածքների կառավարումը միայն կենսաբազմազանության պահպանության խնդիր չէ․ այն առնչվում է նաև համայնքների իրավունքներին, հողօգտագործմանը, ապրուստի միջոցներին և որոշումների կայացմանը հանրության մասնակցությանը։ Այս հարցերն են բնապահպանական ժողովրդավարության առանցքում, որի կիրառմանն իր զեկույցում անդրադարձավ Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի հետազոտող Աիդա Պապիկյանը։

Պապիկյանի զեկույցի առանցքում «Արփի լիճ» ազգային պարկի օրինակն էր, որը հնարավորություն է տալիս դիտարկել բնության պահպանության նպատակների և տեղական համայնքների սոցիալ-տնտեսական շահերի փոխհարաբերությունները։

Պահպանվող տարածքների ստեղծումն անխուսափելիորեն հանգեցնում է ռեսուրսների օգտագործման հետ կապված մարդկանց որոշակի իրավունքների սահմանափակման։ Հետևաբար, օրենսդրությունը պետք է այնպես կարգավորվի, որպեսզի քաղաքացիներն իրենց իրավունքների սահմանափակմանը զուգահեռ ստանան նաև համապատասխան օգուտներ։

Այս համատեքստում բնապահպանական ժողովրդավարությունը ենթադրում է ո՛չ միայն բնապահպանական տեղեկատվության հասանելիություն, այլև որոշումների կայացման գործընթացներին հանրության մասնակցության, մտահոգություններ ներկայացնելու և սեփական իրավունքները պաշտպանելու իրական հնարավորություններ։

«Արփի լիճ» ազգային պարկի օրինակի ուսումնասիրությունը թույլ է տալիս գնահատել, թե ինչպես են համադրվում պահպանվող տարածքների կառավարման միջազգային պարտավորությունները, Հայաստանի օրենսդրությունը և տեղում գործող կառավարման մեխանիզմները։ Կարևոր հարցերից է՝ արդյոք իրավական ու ինստիտուցիոնալ շրջանակները բավարար պայմաններ ստեղծում են համայնքների մասնակցության համար՝ նրանց շահերը հաշվի առնելով։

Այս հարցերն առանձնահատուկ նշանակություն ունեն Հայաստանի՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի նախագահության պայմաններում։

Արփի լճի փորձը ցույց է տալիս, թե որքան կարևոր է գտնել պահպանվող տարածքների կառավարման միջազգային պարտավորությունների, պետական օրենսդրության և տեղական համայնքների սոցիալ-տնտեսական շահերի ճիշտ համադրումը: Պապիկյանի խոսքով՝ կենսաբազմազանության պահպանության միջազգային նպատակները գործնական արդյունք կապահովեն միայն այն դեպքում, երբ գործընթացում հաշվի առնվեն նաև մարդկանց իրավունքներն ու տեղական համայնքների կարիքները:

Հոկտեմբեր 31, 2026 at 18:39


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր