«Փոքր ՀԷԿ»-երի նոր ցիկլը ԷկոԼուրի ռիսկերի վերլուծության մեջ

«Փոքր ՀԷԿ»-երի նոր ցիկլը ԷկոԼուրի ռիսկերի վերլուծության մեջ

ԷկոԼուր

Փոքր ՀԷԿ-երը ոչնչացնում են Հայաստանի ջրային էկոհամակարգերը: Էկոլոգիական ստանդարտների համաձայն` գետից 20%-ից ավելի կազմող ջրառը բերում է գետի ճգնաժամային վիճակի, իսկ  40%-ից ավելին՝ աղետալիի: Սակայն, փոքր ՀԷԿ-երի համար թույլտվություններ տրամադրող պետական գերատեսչություններից ոչ մեկ հաշվի չի առնում ծանրաբեռնվածությունը գետերի վրա: Հաշվի առնելով այն, որ գործնականում ջրի 90% ավելին վերցվում է խողովակների մեջ գետի այն հատվածում, որտեղ անցկացված է դերիվացիոն համակարգը, կարելի է գնահատել այդպիսի ծանրաբեռնվածությունը պարզեցված բանաձևով. որոշել խողովակի երկարության և գետի երկարության հարաբերությունը: Եթե տոկոսային հարաբերությունը 20-ից ավելի է, ապա գետը գտնվում է ճգնաժամային վիճակում, 40-ից ավելի՝ աղետալի: 

ԷկոԼուրի խումբը անցկացրել է վերլուծություն և հաշվել այդ հարաբերակցությունը ՓՀԷԿ-երի համար, որոնց վերաբերյալ տվյալները նշված են նախագծերում և ներկայացված են լիցենզիաների տրամադրման համար Հանրային ծառայությունները կարգավորող պետական կոմիտեի բնութագրերում: 

Մենք սկսում ենք տեղադրել անցկացված վերլուծության արդյունքները «Էկոռիսկերի անալիզ» բաժնում: 

Առաջին նյութը ահազանգում է Կիստում գետի աղետալի վիճակի մասին:  

Կիստում գետը գտնվում է Լոռու մարզում, Դեբեդ գետի աջ վտակն է: Սկիզբ է առնում Մրձաքար լեռան հյուսիսային լանջից եւ Հաղպատ գյուղից 1 կմ հյուսիս-արեւմուտքում միախառնվում է Դեբեդին: Երկարությունը  13 կմ է:

2014 թ. հունվարի 1-ի դրությամբ  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրված լիցենզիաների համաձայն` ըստ շահագործող ընկերությունների Էլեկտրական էներգիա արտադրող փոքր հիդրոէլեկտրակայանների հիմնական ցուցանիշների` Կիստում գետի վրա կառոցված են «Հաղպատ-1» եւ «Հաղպատ-2» ՓՀԷԿ-երը: Երկու ՓՀԷԿ-երը շահագործում է «Օստ-Էլ» ՍՊԸ-ն: «Հաղպատ-1»-ի դերիվացիայի երկարությունը 300+280,  1350 մետր է, «Հաղպատ-2»-ինը` 4535 մետր: Այսպիսով, Կիստում գետը ՓՀԷԿ-երի խողովակների մեջ է վերցված 6465 մետր գումարային տարածքում, ինչը կազմում է գետի 49.730769%-ը:

ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն` այդ ցուցանիշը վկայում է գետի աղետալի վիճակի մասին:

Սույն նյութը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ քաղաքականության կրթաթոշակներ նախաձեռնության ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N 18571.։ 

Հոդվածում տեղ գտած վերլուծություններն արտահայտում են հեղինակի տեսակետը  և կարող են չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի դիրքորոշումների ու  տեսակետների հետ։

14:03 Փետրվար 14, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news