ԷկոԼուր
Հունիսի 4-ին Անի հյուրանոցում տեղի ունեցավ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի անդամներ՝ Վիկտորյա Բուռնազյանի, Տաթեւիկ Գրիգորյանի եւ Մոնիկա Երիցյանի «Փոքր հիդրոէլեկտրոկայանների (ՓՀԷԿ) սոցիալ-էկոլոգիական ազդեցության վերլուծություն» զեկույցի շնորհանդեսը, որի փորձագետն է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը։ Քննարկման կազմակերպիչն էր «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» (ԲՀՀ-Հայաստան) կազմակերպությունը։
Վիկտորյա Բուռնազյանը ներկայացրեց հետազոտության արդյունքները, որոնք են՝
- ՓՀԷԿ-երի նախագծերը չեն համապատասխանում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի պահանջներին, ինչպես նաեւ խախտում են բնապահպանական օրենսդրությունը` ՀՀ ջրային եւ անտառային օրենսգրքերը, «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին», «Բուսական աշխարհի մասին», «Կենդանական աշխարհի մասին», «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքները:
- ՓՀԷԿ-երի շահագործման հետեւանքով ուսումնասիրված 47 գետերից 28 գետերի ծանրաբեռնվածությունը նորմայի սահմանում է, 16-ը ճգնաժամային, 3-ը աղետալի վիճակում են:
- Հասարակական լսումներն իմիտացիոն բնույթ են կրում, որոշումներ կայացնելիս հաշվի չեն առնվում համայնքների բնակչության կարծիքները։ Հասարակական լսումներն անցկացվում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի եւ Օրհուսի կոնվենցիայի դրույթների խախտմամբ:
- ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ը ոչ թափանցիկ է աշխատում. մերժում է տրամադրել հասարակական լսումների արձանագրությունները, կարծիքներ եւ բնապահպանական փորձաքննական եզրակացություններ:
- Միջազգային ֆինանսական ինստիտուտները շահագրգռված են վարկի 100% մարմամբ, այլ ոչ թե շրջակա միջավայրի պահպանությամբ եւ սոցիալական վիճակի բարելավմամբ:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի «Էկոլոգիական ռիսկերի վերլուծության ինտերակտիվ մոդել»-ով որոշվեց 47 գետի վրա 100-ի ՓՀԷԿ-երի ազդեցությունը։ Արդյունքում պարզվեց, որ ՓՀԷԿ-երի շահագործման հետեւանքով 28 գետերի ծանրաբեռնավածությունը նորմայի սահմանում է, 16-ը ճգնաժամային, 3-ը աղետալի վիճակում են:
Ինգա Զարաֆյանը նշեց, որ ՓՀԷԿ-երի խնդիրը համակարգային խնդիր է: «Պետական մարմինը պահանջ չի դնում, որպեսզի պահպանվի գոնե մեր օրենսդրությունը, չեմ ասում արդեն եվրոպական ստանդարտների մասին: Այդ պահանջները չեն իրագործվում արդեն իսկ նախագծային փուլից, կոնկրետ պահանջներ չկան, տվյալները հին են՝ սկսած Կարմիր գրքից, որը մեզ մոտ օրենքի ուժ ունի: Ազգային ժողովում արդեն երկու տարի դրված է օրինագիծ, որ Սևանի ավազանում չի կարելի կառուցել փոքր ՀԷԿ-եր: Օրինակ, Արգիճի գետի վրա կառուցված ՓՀԷԿ-ի պատճառով ոչնչանում են մեր էնդեմիկ ձկնատեսակները: Բնակիչները տեսնում են, թե ինչպես է ձուկը վթարի ժամանակ դուրս թափվում խողովակներից և լցվում իրենց դաշտերը: Տեսչությունը ոչ մի անգամ չի եկել և ակտ չի կազմել: Բայց չէ որ ոչնչանում են մեր էնդեմիկ ձկնատեսակները: Ինչ վերաբերում է համայնքներին, ասեմ, որ նրանք ՓՀԷԿ-երից ոչ մի օգուտ չեն ստանում»,- ասաց Ինգա Զարաֆյանը:
«Ըստ իս՝ այս իրավիճակը պետք է կանգնեցնել Հայաստանում, պետք է Ինգա Զարաֆյանի և Համահայկական բնապահպանական ճակատի հետ միասին անցկացնենք ևս մեկ մշտադիտարկում, հասկանանք՝ ինչ է կատարվում վերջնականապես և կանգնեցնենք այս գործընթացը և կարգի հրավիրենք այն մարդկանց, ովքեր շահագործում են այդ ՀԷԿ-երը, այն նախարարություններին, այն պատկան մարմիններին, ովքեր տալիս են այդ շահագործման իրավունքը: Մեզ այլևս ՀԷԿ-եր պետք չեն, մենք ի՞նչ ենք ուզում անենք, մենք ուզում ենք վերջնականապես հրաժարվենք Հայաստանից, որպես բնակավայրից»,- ասաց Էկոլոգիական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը:
«Մենք պետք է հասկանանք, որ ՓՀԷԿ-երի բուռն զարգացման գլխավոր պատճառներից մեկը սակագնային քաղաքականությունն է: Այդ սակագնային քաղաքականությունը պետք է շտապ վերանայվի»,- ասաց Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը՝ նշելով, որ բոլորովին անպայման չէ, որ մեր չինովնիկները յուրաքանչյուրը մի ՀԷԿ ունենա կառուցած իր կամ իր թոռների համար:
«ՀԷԿ-երի գործունեությունն իր բնույթով մաքուր էներգետիկա է, բայց Հայաստանում դա իրականացվում է այնպես, որ այն վերածվում է ինչ-որ բիզնես շահերի սպասարկման»,- ասաց Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ Արթուր Գրիգորյանը: Նա նաև նշեց, որ Նորվեգիայում ՓՀԷԿ-երի նախագծերի 40 տոկոսը մերժվում է, իսկ Հայաստանում ինքը չգիտի նման դեպք, երբ մերժվել է ՓՀԷԿ-ի որևէ նախագիծ:
Ներկաներից հարց հնչեց, կան արդյոք ինչ-որ գործիքներ, որոնց շնորհիվ պատկան մարմինները կիրագործեն այն առաջարկությունները, որնք ներառված են զեկույցում: Ինգա Զարաֆյանը նշեց, որ նախ և առաջ պետք է զրկել ՓՀԷԿ-եր կառուցողներին ֆինանսական աղբյուրներից:
ՀՀ ԳԱԱ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի մագիստրանտ Նելլի Սարգսյանը նշեց, որ ՓՀԷԿ-երը մեզ պետք են, մենք փոքր երկիր ենք և պետք է փորձենք ապահովել մեր էներգետիկ անկախությունը: Համայնքների վերաբերյալ նա ասաց. «Եթե համայնքը շահ ստանա, օրինակ անվճար էլեկտրոէներգիա, նա կմոռանա, որ դեմ է եղել այս ՓՀԷԿ-ին»: Ինգա Զարաֆյանը ի պատասխան ասաց. «Համայնքները ոչ մի շահ չեն ստանում ՓՀԷԿ-երի շահագործումից, համայնքի բյուջեն ոչ մի դրամ չի գնում, չեն հաշվարկվում վնասները համայնքների համար, ոչինչ չի փոխհատուցվում, օրենքի մեջ չկա վնասի գնահատում, համայնքը սոցիալական առումով մնում է անպաշտպան, բնակիչների ձայնը լսող չկա»:
Հարց հնչեց՝ կապված Գերմանական զարգացման KFW-ի հետ, թե ինչպես է ստացվում, որ մի կողմից բանկը ստեղծում է «Արփի լիճ» ազգային պարկը, իսկ մյուս կողմից այդ նույն տարածքում ֆինանսավորում է ՓՀԷԿ-երի կառուցոււմ: Ի պատասխան հնչեց. « Մենք KFW-ից փորձել ենք հասկանալ, թե ինչպես են իրենք գնահատում իրենց կողմից ֆինանսավորվող ՓՀԷԿ-երի նախագծերը, որոնք հակասում են մեր օրենքներին: Մեզ նրանց պատասխանները չէին բավարարում: Նրանք ունեն կոնկրետ պահանջներ ֆինանսավորման համար՝ 100 տոկոս մարում և այլն, սակայն այնտեղ չկան էկոլոգիական պահանջներ, և մենք ուզում ենք, որպեսզի KFW-ն ուշադրություն դարձնի էկոլոգիական ռիսկերի վրա»,- ասաց Ինգա Զարաֆյանը:
«Մենք նամակագրություն ունեցանք KFW բանկի հետ՝ ներկայացնելով «Արգիճի» ՓՀԷԿ-ի դեպքը՝ նշելով, որ այդ ՓՀԷԿ-ը կառուցվում է ժամկետանց փաստաթղթերով, և հարկավոր է դադարեցնել ֆինանսավորումը և ուսումնասիրություևներ կատարել: Նրանք պարզապես պատասխանեցին, որ իրենց մասնագետը նայել է և ոչ մի խախտում չի հայտնաբերել և վերջ: Այժմ այստեղ են բանկի մասնագետները, ովքեր եկել են Գերմանիայից և կատարում են նոր ուսումնասիրություններ, հասկանալու համար թե իրենց կողմից ֆինանսավորվող ՓՀԷԿ-երը ինչպես են շահագործվում: Երբ նրանք «Արգիճի» ՓՀԷԿ-ի տարածքում տեսել էին, թե ինչպես են նոր խողովակները փոխում հին խողովակներով, նրանք պարզապես ապշել էին»,- ասաց Վիկտորյա Բուռնազյանը:
«Լավ գաղափարը պարզապես փչացրեցինք: Այն, ինչը կարող էր օգտակար լինել տնտեսության և քաղաքացիների համար, դարձավ մի աննորմալ և անկառավարելի երևույթ: Մեր երկրում, ցավոք սրտի, առաջնային դարձավ շահը, և քաղաքացին և էկոլոգիան մոռացվեցին,- ասաց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը,- անխնա կերպով շահագործվում է երկրի ունեցվածքը: Մեզ մոտ հաշվարկված չէ ջրի արժեքը: Ահա այս խնդիրն է, որը լուծված չէ, ջրի արժեքը պետք է մտնի էլեկտրոէներգիայի սակագնի մեջ: Ինչ վերաբերում է այլընտրանքային էներգետիկային՝ արևային, քամու, մեզ մոտ կառավարությունը չի խթանում, որպեսզի մենք օգտագործենք արևային կամ քամու էներգիան, որովհետև այն միանգամից եկամուտ չի բերում: Այսօր մեր երկրում փոքր էներգետիկան էներգիայի խնդիր չի լուծում, մենք այսօր օգտագործում ենք էներգետիկ հզորությունների 1/3-ը: Մենք այսօր նույնիսկ մտածում ենք, որը աննորմալ գաղափար է, քարածուխով աշխատացնել Երևանի ՋԷԿ-ը»:
«Հավատացեք, ոչ ոք չի ուզում, որպեսզի խախտվեն մեր օրենքները և ստանդարտները, բայց խախտվում են: Մենք շատ վատ ենք օգտագործում մեր ջրային պաշարները: Ինչպես է պետք ստեղծված պայմաններում և մենաշնորհ տնտեսության պայմաններում գնալ որոշակի լուծումների: Պետք չէ փակել ՓՀԷԿ-երը, պետք հստակ հարց դնել, որպեսզի ջրի համար վճարվի: Ինչու է կապիտալը լցվել այդ ոլորտ, մի պարզ պատճառով, դա խիստ եկամտաբեր է: Պետք է այնպես անել, որպեսզի հասարակությունն էլ իր մասն ունենա դրանից: Պետք է այն բանկերը, որոնք ֆինանսավորում են այդ ՓՀԷԿ-երի կառուցումը, պահանջեն նաև էկոլոգիական ծրագիր: Քանի որ մեր բանկերը նման պահանջ չեն դնում, պետք է պետությունը դա անի: Բանկերը նաև պետք է ունենան վերահսկելու հատկություն՝ տեսնելու համար, թե ինչպես են իրականացվում այդ ծրագրերը»,- ասաց Ջրի ազգային խորհրդի անդամ, ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը:
Լևոն Գալստյանը Աշոտ Մարկոսյաի ելույթից հետո նշեց, որ զեկույցում կար Ջրի ազգային խորհրդին վերաբերող առաջարկ՝ ինչպես է այսօր որոշվում բնապահպանական թողքը գետերի համար ՀԷԿ-եր կառուցելու ժամանակ: «Եթե Ջրի ազգային խորհրդում այդ հարցը չի քննարկվել, պետք է շատ շտապ քննարկվի, որովհետև եթե գետում թույլատրվում է թողել 10լ/վրկ ջուր ամբողջ տարվա համար, այդտեղ չի կարող լինել Էկոլոգիական գաղափարախոսություն»,- ասաց Լևոն Գալստյանը՝ նշելով, որ այն օրվանից հետո, երբ բնության տված պարգևների անունը դրեցինք ռեսուրս, այդ օրվանից փոխվեց գաղափարախոսությունը:
Աշոտ Մարկոսյանին ուղղված իր խոսքում հասարակական գործիչ Գագիկ Սուխուդյանը ասաց. «Դուք լա՞վ եք կառավարել ջրի պաշարները: Դուք Արարատյան դաշտավայրը վերածել եք ձկնաբուծարանի, չորացրել եք, ձուկը Սևանից վերացել է, եկել է Արարտյան դաշտավայր մի քանի հոգու համար...հասկացաք՝ ինչ եք արել»:
«Ես՝ ինքս, դեմ չեմ ՓՀԷԿ-երի զարգացմանը: Այո, ՓՀԷԿ-ը ի սկզբանե վնաս տալիս է, մենք չպետք է ասենք, եկեք՝ հրաժարվենք: Յուրաքանչյուր դեպքի համար պետք է որոշվի առանձին մոտեցում: Խախտումներ տեղի են ունենում, պետք է դրանց դեմ պայքարել ոչ թե վերացնելով, այլ վերահսկելով»,- ասաց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը՝ նշելով, որ, ցավոք սրտի, օրինագիծը, ըստ որի պետք է արգելվի Սևանի ավազանում ՓՀԷԿ-երի կառուցումը, արդեն 2 տարի դրված է Ազգային ժողովում և այժմ կրկին նոր թույլտվություններ են տրամադրվում Սեւանի ավազանում ՓՀԷԿ-եր կառուցելու համար:
Մանրամասները՝ MC Armenia-ի
Հունիս 05, 2014 at 12:21