ԷկոԼուր
Չքնաղ գետը Ձորագետ գետի աջակողմյան վտակն է։ Գետը սկիզբ է առնում Բազումի լեռնաշղթայից և հոսում արևելյան և հյուսիս արևելյան ուղղություններով:
Ձորագետի մեջ թափվում է գետնաբերանից 119 կմ հեռավորության վրա: Չքնաղ գետը տիպիկ լեռնային գետ է` ջրային ռեժիմի սեզոնային բնույթով: Գետն ունի խառը սնուցում` ձյան, անձրևի, գրունտային ջրերի տեսքով: Չքնաղ գետի երկարությունը կազմում է 28 կմ, ընդհանուր ջրհավաք մակերեսը` 163.0 կմ2:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրված լիցենզիաների համաձայն՝ Չքնաղ գետի վրա տրված են հետեւյալ ՓՀԷԿ-երի կառուցման լիցենզիաները՝
- «Ստեփանավան-2» ՓՀԷԿ-ը, շահագործող՝ «Շումեն» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը՝ 1700 մ
- «Սահակյան ՓՀԷԿ-1», շահագործող՝ «Ստեգէներգո» ՓԲԸ, դերիվացիայի երկարությունը՝ 1210մ,
- «Սահակյան ՓՀԷԿ-2», շահագործող՝ «Էներգոստիլ» ՓԲԸ, դերիվացիայի երկարությունը՝ 5560 մ
Արդյունքում գետը խողովակի մեջ է կվերցվի 8470 մ գումարային տարածքում, ինչը կազմում է գետի 30․25%-ը։ «ԷկոԼուր»-ի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն՝ դա ճգնաժամային վիճակ կստեղծի գետի համար։
Նշենք, որ 2013թ. Մարտի 1-ին տեղի ունեցած «Ստեփանավան-2» ՓՀԷԿ-ի նախագծի հասարակական լսումների ժամանակ Ստեփանավանի քաղաքապետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության բաժնի պետ Վարդան Մկրտչյանը եւ Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգող Մանյա Մելիքջանյանը բարձրացրեցին այն հարցը, որ Չքնաղ գետի տարածքը հանգստի գոտի է, սակայն կառուցող կողմը մատնանշեց ՀՀ կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 1-ի թիվ 1523 որոշումը, որով այդ վայրերի հողերի կատեգորիան փոխվել է՝ դառնալով էներգետիկ նշանակության հողեր:
ՀՀ Լոռու մարզի պաշտոնական կայքի համաձայն՝ 2014թ-ին շահագործման կհանձնվեն «Սահակյան ՓՀԷԿ-1», «Սահակյան ՓՀԷԿ-2», «Ստեփանավան-2» ՓՀԷԿ-երը։ 2015թ-ին շահադործման կհանձնվի «Ստեփանավան-1» ՓՀԷԿ-ը։
Մայիս 13, 2014 at 13:38