

Պանորամա
Մայիսի 31-ին Երևանի պետական համալսարանում մեկնարկեց «Բնօգտագործումն ու բնապահպանությունը Հայաստանում. Էկոլոգիական հիմնախնդիրներ» թեմայով հանրապետական միջբուհական գիտաժողովը:
Գիտաժողովի կազմակերպիչ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության նախագահ Կարլեն Խաչատրյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ գիտաժողովի հիմնական նպատակը ևս մեկ անգամ բնապահպանական խնդիրներ արծարծելն է և ուսանողության կարծիքն ու առաջարկները խնդիրների վերաբերյալ լսելը:
«Առկա հիմնախնդիրների լուծումների առաջարկներով են հանդես գալու գիտաժողովի մասնակիցները: ՈւԳԸ-ն միշտ էլ ուշադրության կենտրոնում է պահել բնապահպանական խնդիրները ու սա դրա հերթական ապացույցն է»,-ասաց Կ. Խաչատրյանը:
Ըստ նրա, գիտաժողովին մասնակցելու հրավեր է եղել բնապահպանության նախարարության ու քաղաքապետարանի բնապահպանության վարչության ներկայացուցիչներին, ովքեր, սակայն, չեն արձագանքել ու չեն ներկայացել:
Սակայն, ինչպես վերջինս նշեց, գիտաժողովի ընթացքում քննարկման արդյունքում բնապահպանական խնդիրների վերաբերյալ առաջարկությունները գրավոր կերպով պատրաստվում են ներկայացնել պատկան մարմիններին:
Ի դեպ, արդեն տպագրվել է թեզիսների ժողովածուն` յուրաքանչյուր ուսանողի առաջարկը կամ վերլուծությունը սեղմ տարբերակով:
Վերջում ՈՒԳԸ-ի նախագահը հույս հայտնեց, որ այսօր խնդիրներով մտահոգ ուսանողությունը ապագայում կզբաղեցնի պաշտոններ ու այդ ժամանակ աչքաթող չեն արվի դրանք ու ճիշտ լուծումներ կգտնվեն:
Հունիս 01, 2010
