ԷկոԼուրը շարունակում է ներկայացնել մետաղական հանքերի շահագործման թույլտվություններ ունեցող, սակայն չաշխատող հանքարդյունաբերական ընկերությունների կողմից պետության և ազդակիր համայնքների առաջ ստանձնած պարտավորությունների և դրանց կատարողականի, հանքերի շահագործման դադարեցման արդյունքում ստեղծված էկոլոգիական և սոցիալական վիճակի վերաբերյալ իր ուսումնասիրությունների արդյունքները: Այս հրապարակման մեջ ներկայացնում ենք Լոռու մարզի Մղարթի ոսկու հանքավայրի թիվ 5 և թիվ 8 հանքային մարմինների ընդերօգտագործման իրավունքն ունեցող «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ի գործունեությունն այդ տեսանկյունից:
Արդեն մի քանի տարի է՝ չի շահագործվում Մղարթի ոսկու հանքը: 20.12.2012թ. ՊՎ-213 ընդերքօգտագործման պայմանագրով «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ն թիվ 5 և թիվ 8 հանքային մարմինները պետք է շահագործեր մինչև 2031 թվականը: 2018թ-ին «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ն ՀՀ բնապահպանության նախարարություն բնապահպահպանական փորձաքննության ներկայացրեց հայտ 2018-2037թթ. Մղարթի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասի բաց լեռնային աշխատանքներով շահագործման համար: Ըստ այդ ծրագրի` հանքաքարի արդյունահանումը կկազմի տարեկան 100000 տոննա: Այդ նպատակով կվերազինվի պիլոտային հանքահարստացման ֆաբրիկան, կնախագծվի և կկառուցվի նոր պոչամբար՝ նախկինում կառուցված ջրահավաք ավազանների տեղում։
Մինչ օրս հայտը փորձաքննական եզրակացություն չի ստացել:
Մղարթի հանքի ազդակիր է հանդիսանում խոոշորացած Օձուն համայնքի Մղարթ բնակավայրը։ Հանքի չշահագործվելու պայմաններում ազդակիր բնակավայրի նկատմամբ «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ի հարկային, ընդերքօգտագործման պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման, շրջակա միջավայրի վրա, ինչպես նաև տեղի բնակչության սոցիալական վիճակի վրա ունեցած ազդեցության վերաբերյալ ԷկոԼուրը հարցազրույց անցկացրեց Օձուն համայնքի ղեկավարի տեղակալ Արմինե Միքայելյանի և Մղարթի վարչական ներկայացուցիչ Ավագ Մոսինյանի և Մղարթի բնակիչների հետ:
«Մթնոլորտի աղտոտվածություն նկատելի էր հանքի շահագործման ընթացքում, հիմա՝ ոչ: Պետք է նմուշառումներ վերցվեն հողից, ջրից։ Կարելի է ուսումնասիրություններ կատարել և պարզել, թե ինչ ազդեցություն է թողել հանքի շահագործումը մինչև հիմա: Հանքի շահագործման տեսանելի ազդեցությունից է լանդշաֆիտի խախտումը: Հետագայում եթե հանքը շահագործվի, պետք է դա կատարել ավելի գրագետ, հատկապես եթե ընդլայնում է նախատեսվում՝ նոր տեխնոլոգիաներ կիրառելով, հնարավորինս նվազեցնելով վնասը շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա»,- ասաց Օձուն համայնքի ղեկավարի տեղակալ Արմինե Միքայելյանը:
Մղարթի վարչական ներկայացուցիչ Ավագ Մոսինյանն հատկապես կարևորեց գյուղի խմելու ջրի խնդիրը, որն Ընկերությունը 2018թ-ի հանրային լսման ժամանակ խոստացել էր լուծել, սակայն չէր արել: «Դադարեցրին աշխատանքը ու էլ չեն եկել»,- ասաց Մղարթի վարչական ներկայացուցիչը:
«Աղբյուրները, քանի գնաց, ցամաքեցին։ Հիմա եկել է մի պահ, որ չեն հերիքում բնական աղբյուրները, որ համ կովերը խմեն, համ մարդիկ օգտվեն, լվացքի մեքենա օգտագործեն։ Հարևան Կողեսից ենք ջուր բերում մեքենաներով»,- ասաց Ավագ Մոսինյանը։
ԷկոԼուրին Մղարթի բնակիչները կարծիք հայտնեցին, որ աղբյուների սակավաջուր դառնալը հանքի պայթեցումների հետևանք է: «Ընդերքի պայթեցումներն ազդել են սարից եկող ջրերի վրա։ Գյուղում ջուր չկա. հողի շարժվելու ընթացքում հավաքված ջրերը կորել են»,- ասացին նրանք: «Աղջիկ հարս չի գալիս, ասում է՝ ես ջուր կրող չեմ»,- ասաց մեկ ուրիշը: Բնակիչները մտահոգված են, որ գյուղի դպրոցը մի քանի տարուց կարող է փակվել, քանի որ Մղարթում երեխաներ չեն ծնվում, քանի որ ընտանիքներ չեն կազմվում: Այժմ Մղարթի խմելու ջրի խնդրի լուծմամբ զբաղվում է ՀՀ կառավարությունը Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով:
Հանքի չաշխատելու ազդեցություններից բնակիչները նշեցին օդի մաքրվելը և պայթեցումների ցնցումների չլինել: «Տների վրա էլ էր ազդեցություն գործում, պայթեցումների պատճառով ցնցումներ էին, ասես երկրաշարժ լիներ»,- ասաց բնակիչներից մեկը:
Հարցին, թե արդյոք կցանկանան, որ հանքը կրկին շահագործվի, մղարթցիների պատասխանը միանշանակ չէր։ Որոշները դեմ են. մտահոգ են շրջակա միջավայրի աղտոտման համար: Որոշներն էլ կողմ են, քանի որ դա նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորություն կտար: «Աշխատատեղ կստեղծվի, գյուղմթերքը կկարողանանք իրենց աշխատողների վրա վաճառել»,- ասաց Ավագ Մոսինյանը: Բայց նաև նշեց, որ հարկավոր է վերանայել Ընկերությունում աշխատող համայնքի բնակիչների աշխատավարձերի չափը և հանայնքային հողերի վարձավճարները: «Չնչին աշխատավարձ էին տալիս ոսկու հանքում, աշխատանքային օրենսգքրից դուրս պայմաններ էին, առանց արձակուրդ, հանգստյան օր և հստակեցված գրաֆիկի: Պահակներին ներկայում 60-70 հազար դրամ են տալիս: …Նաև վարձավճարը թող բարձրացվի: Մենք հարևան գյուղացուց մեկ հա հողը վերցնում, ցորեն ենք ցանում, 70 հազար ենք տալիս: «ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊ ԿՈՆՑԵՌՆ»-ը վերցրել է արոտավայրը, կատեգորիան փոխել է, իրենք ոսկի են հանում, 62 հազար դրամ են վճարում: 40 հա վարձակալած հող ունեն, որի համար տալիս են 2 միլիոն 500 հազար դրամ վճար: Գույքահարկը տալիս են ֆաբրիկայի համար՝ տարեկան 8300 դրամ, պոչամբար 3 հատ ունեն, երեքն էլ իրենց սեփականությունն է։ Գյուղատնտեսական հողեր են առել գյուղացիներից, հետո կառավարության որոշմամբ կատեգորիան փոխվել է և օգտագործում են»,- ասաց Ավագ Մոսինյանը:
Ավագ Մոսինյանը կարևոր համարեց ընդերքօգտագործման պայմանագրի վերանայումը: «Կուզենայի՝ պայմանագիրը վերանայվի, տարեկան հինգ միլիոն դրամի սոցիալական ծրագիր արվի Մղարթում»,- ասաց նա:
«ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊ ԿՈՆՑԵՌՆ»-ի և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության միջև 2012թ-ին կնքված ընդերքօգտագործման պայմանագրում համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ստանձնած պարտավորություններ նշված չեն, ինչը հակասում է Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի հոդված 54-ի 4-րդ մասի 9-րդ կետի պահանջներին։ Որպես Մղարթի համար սոցիալական ծրագիր, ըստ Ավագ Մոսինյանի, «ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊ ԿՈՆՑԵՌՆ»-ը 2019թ-ին Մղարթի հանդիսությունների սրահի վերանորգման համար 2 միլիոն դրամ գումար է հատկացրել, 2008 թ. դպրոցի գազաֆիկացման և վառարանների համար՝ մեկ միլիոն դրամ:
Նշենք, որ մինչև 2020թ-ը «ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊ ԿՈՆՑԵՌՆ»-ը ներառված չէր «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» օրենքով սահմանվող ընկերությունների ցանկում, ինչի հետևանքով էլ Ընկերության բնապահպանական վճարներից Մղարթը չի օգտվել բնապահպանական և առողջապահական ծրագրերի իրականացման համար: Հայաստանի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) պաշտոնական կայքում հրապարակված Ընկերության հաշվետվության համաձայն՝ Ընկերությունը 2017 թվականին բնապահպանական վճար չի էլ վճարել պետական բյուջե, ինչպես նաև չի վճարել բնօգտագործման վճար, քանի որ հանքը 2017թ-ին չի գործել: Ըստ նույն հաշվետվության՝ Ընկերությունը 2017թ-ին չի վճարել նաև մշտադիտարկումների իրականացման վճար, ինչի կապակցությամբ Ընկերության հաշվետվության մեջ տրված է հետևյալ բացատրությունը. «Հանքի փակման ծրագիր առկա չէ, հանքի փակման ծրագրով մշտադիտարկումների նախահաշվային արժեք սահմանված չէ»: Զրոյական է նաև Ընկերության 2017թ-ի հաշվետվության Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի (ՇՄՊԴ) հատկացումների տողը: «ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊ ԿՈՆՑԵՌՆ»-ի բացատրությունն այս կապակցությամբ հետևյալն է. «Դրամագլխին կատարվող հատկացումների հաշվարկման բազային չափը «նախագծով և (կամ) ծրագրով և (կամ) ընդերքօգտագործման պայմանագրով» սահմանված չէ: Ինչ վերաբերում է փաստացի վճարումներին, ապա քանի որ առկա է մեծ գումարի չափով կանխավճար, այդ պատճառով ընթացիկ տարում փաստացի վճարումը բացակայում է »: Մինչդեռ Շրջակա միջավայրի նախարարության 2017թ-ի հաշվետվության մեջ նշված է, որ «ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊ ԿՈՆՑԵՌՆ»-ի կողմից ՇՄՊԴ-ին վճարվելիք գումարի բազային չափը 6315000 դրամ է: Դրամագլխին հատկացման ենթակա գումարի ընդամենը հաշվարկված մեծությունը հաշվետու տարվան նախորդող տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3514430, որից վճարվել է 1180630 դրամ: Դրամագլխին հատկացման հաշվարկված գումարի մեծությունը հաշվետու տարվա համար կազմել է 233381 դրամ, որը չի վճարվել:
Ուսումնասիրությունների շրջանակներում «ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊ ԿՈՆՑԵՌՆ» ՍՊԸ-ից տեղեկատվություն ստանալու նպատակով ԷկոԼուրը հարցում էր ուղարկել ներքոհիշյալ հարցերի վերաբերյալ՝
«1. Ի՞նչ պատճառներով չեն շահագործվում Ձեր ընկերության տիրապետմանը հանձնված ՀՀ Լոռու մարզի Մղարթի ոսկու թիվ 5 և թիվ 8 հանքային մարմինները:
2. Նախատեսվո՞ւմ է արդյոք հանքի վերաշահագործում, եթե այո, ապա երբվանի՞ց։
3. Փոխվա՞ծ է արդյոք Ընկերության կողմից օգտագործվող հողերի նպատակային նշանակությունը և եթե այո, ապա քանի՞ հեկտար հանքավայրի և քանի՞ հեկտար ընկերության ենթակառուցվածքների համար։
4. Ընկերությունը նպատակ ունի՞ արդյոք վերակնքելու ընդերքօգտագործման թիվ 20.12.2012 թ, ՊՎ -213 պայմանագիրը և այնտեղ ամրագրելու ազդակիր Օձուն համայնքին (Մղարթ բնակավայր) սոցիալական օժանդակություն ցուցաբերելու դրույթներ (համաձայն Ընդերքի մասին օրենսգրքի հոդված 54-ի 3-րդ մասի 9-րդ կետի պահանջների):
5. Նշեք խնդրեմ ըստ տարիների ազդակիր համայնքին բարեգործական ծրագրերի շրջանակներում ցուցաբերած օժանդակության մասին:
6. Ընկերության կողմից ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում հանքաջրերի, պոչամբարից արտահոսքերի վերահսկման, ինչպես նաև մթնոլորտային օդի և հողերի աղտոտման կանխարգելման համար»:
Ի պատասխան «Մուլտի Գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնակատար Արայիկ Կեսոյանի N37/31.07.2020 նամակում նշված է.
« 1) 2005-2013 թթ. ժամանակահատվածում կատարված երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքների հիման վրա կատարվել է Մղարթի հանքավայրի կենտրոնական տեղամասի պաշարների վերագնահատում: Հանքավայրում հայտնաբերվել և հետախուզվել են նոր հանքային մարմիններ, որոնք տեղադրված են գործող բացահանքի սահմաններում միմյանց զուգահեռ։ ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության օգտակար հանածոների պաշարների գործակալության (ՕՀՊԳ) N 372 որոշմամբ հաստատվել է հանքավայրի պաշարների նոր որակական և քանակական տվյալներ: Այդ իսկ պատճառով հանքավայրի շահագործելու համար կազմված է նոր նախագիծ, որը դեռևս 2018 թվականից գտնվում է փորձաքննական փուլում: Մղարթի ոսկու հանքավայրի արդյունաբերական շահագործման նախագիծը կազմված է հանքավայրի Կենտրոնական տեղամասի երկրաբանատնտեսագիտական վերագնահատման արդյունքում հետախուզված համար 6 , 6ա , 62, 64 67, 7ա, 75, 76, և 8-րդ հանքային մարմիններից հանքաքարի արդյունահանման նպատակով: Թիվ 5 հանքային մարմինը, հաշվի առնելով շրջակա միջավայրի պայմանները, չի շահագործվի:
2) Մղարթի ոսկու հանքավայրը կշահագործվի նախագծի փորձաքննություններն ավարտելուց հետո:
3) Լեռնային աշխատանքների զբաղեցրած հողատարածքները կազմում են 40 հեկտար, որոնց նշանակությունը փոխված է արդյունաբերականի: Նշված հողատարածքից լեռնահատկացման մակերեսը կազմելու է 25 հեկտար։
4) Աշխատանքները վերսկսելուց կվերակնքվի ընդերքօգտագործման թիվ 20.12.2012 թ, ՊՎ-213 պայմանագիրը: Այնտեղ կամրագրվի ազդակիր Օձուն համայնքին (Մղարթ բնակավայր) սոցիալական օժանդակություն ցուցաբերելու` դրույթներ (համաձայն Ընդերքի մասին օրենսգրքի հոդված 54-ի 3-րդ մասի 9-րդ կետի պահանջների:
5) Հանքի շահագործման ընթացքում ընկերությունը միշտ եղել է Մղարթ համայնքի կողքին, ցանկացած հարցով դիմելու դեպքում տրվել է լուծում։ Մասնավորապես` ամեն տարի սելաֆներից և հեղեղումներից հետո նորոգվել և բարեկարգվել են գյուղամիջյան ճանապարհները, մասնակցել ենք գյուղի դպրոցի գազաֆիկացման աշխատանքներին` դասարաններում տեղադրվել են գազավառարաններ։ Ներկայումս վերանորոգվում է գյուղի հանդիսությունների տունը, որի համար տրամադրվել է 2 միլիոն դրամ։ Սկսած 2005 թվականից Մղարթ (Օձուն) համայնքի բյուջե երկրաբանական ուսումնասիրությունների և լեռնային աշխատանքների վարձակալած հողերի համար վճարվել է տարեկան 2-4 միլիոն դրամ։ 2018 թ. ընկերության միջոցներով մաքրվել են «ելկուտ» կոչվող անտառից գյուղ մտնող բոլոր աղբյուրների ակունքները, կառուցվել են նոր կապտաժային դիտահորեր։ Գյուղին խմելու ջրով ապահովելու նպատակով նույն տեղամասում հորատվել է 50 մետր խորությամբ հորատանցք, որն ունի ջրի ցածր դեբիտ:
6) Մղարթի հանքավայրի բաց մշակմամբ շահագործման նախագծին կից կազմված է ՇՄԱԳ, որում մանրամասնորեն բերված են Ձեր հարցի պատասխանները։
Հանքավայրը շահագործվելու է բացահանքով: Հանքաքարը մշակվում է գրավիտացիոն եղանակով, այսինքն՝ քիմիական եղանակով հարստացում չի կատարվում։
Բացահանքը ապահովված է մակերևութային ջրերի բնական հոսքով։ Ջրահեռացումը կատարվելու է բացահանքի հատակից, ջրահեռացման առվի միջոցով, որը ունենալու է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք թեքությամբ հոսքի հարթություն։
Բացահանքի տարածքում հին ջրածածկ փորվածքներ կամ այլ ջրավազաններ (գետեր, լճեր, արհեստական լճակներ), ինչպես նաև սողանքներ կամ կարստեր գոյություն չունեն:
Տեխնիկական ջրի օգտագործումը ամբողջությամբ հանդիսանում է անվերադարձ ջրօգտագործում։ Ճանապարհների և հարթակների ջրցանը հաշվարկված է այնպես, որ նստեցվի փոշին և չառաջանա արտահոսք։ Լեռնային զանգվածի խոնավեցումը նույնպես չի կարող առաջացնել արտահոսք։
Բացահանքի արտանետումների քանակները և վտանգավորության դասը բերված են աղյուսակներում:
Համաձայն CH 245-71 սանիտարական նորմերի՝ Մղարթի ոսկու հանքավայրի բացահանքը հանդիսանում է երկրորդ դասի ձեռնարկություն, որի սանիտարապաշտպանիչ գոտին սահմանվում է 500 մ:
Պոչամբարը կառուցվելու է ձորակում հեղեղատի աջափնյա բարձրադիր տերասսայում։ Երկրաբանական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տեղամասում գրունտային ջրեր չկան։ Պոչամբարում լցվելու է գրավիտացիոն մեթոդով հարստացված հանքաքարի պոչերը:
Գրավիտացիոն մեթոդով մաքսիմալ կորզվում է սուլֆիդների համախառն քանակության 85-90%, իսկ հանքաքարում եղած ոսկու 75-80%: Հանքաքարում սուլֆիդների քանակությունը կազմում է 40-50 տոկոս, ուստի նման կորզման դեպքում պոչամբար գնացող մասսայում սուլֆիդները կկազմեն 4-6 տոկոսը։ Հանքաքարը մշակվում է մաքուր տեխնիկական ջրով, որը վերցվում է Լոռու ջրանցքից, հանքաքարի մշակման ժամանակ քիմիական ռեագենտներ չեն օգտագործվում:
Պոչամբարի շահագործման ժամանակ ապառներից թթվային դրենաժ չի առաջանա, քանի որ այն մշտական ծածկված կլինի ջրով և օքսիդացման զոնա չի առաջանա։
Պոչամբարի հատակը բնականից ծածկված է կավաավազային և կավագլաքարային ապառների շերտով, որը կարող է կատարել ջրամերժ շերտի դեր։
Պուլպայի կախույթային կավային լուծույթը նույնպես հանդարտվելիս և նստելուց հետո կկատարի ջրամերժ շերտի դեր: Այս հանգամանքները թույլ չեն տա պուլպայի ջրերի խառնումը ընդերքի ջրերին։
Պոչամբարի կառուցման տեղում կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներ և բույսեր չկան։ Պոչամբարի պարզեցված ջուրը կօգտագործվի շրջանառու ջրային համակարգով, որը հնարավորություն կտա խնայել ջրային ռեսուրսները:
Չոր եղանակներին պոչամբարում փոշի չի առաջանա, քանի որ այն կլինի միշտ թաց վիճակում:
Պոչամբարը կծառայի մոտ 10 տարի, որից հետո այն կփակվի։ Պոչամբարը փակելուց կձեռնարկվեն հետևյալ միջոցառումները
1.Կապամոնտաժվեն բոլոր տեսակի տեխնիկական կառույցները:
2.Պոչամբարի լիակատար չորացումից հետո պատվարների երկայնությամբ կկատարվի ծառատունկ, իսկ ընդհանուր մակերևույթում կկատարվեն ռեկուլտիվացիոն աշխատանքներ։ Կլցվի որոշակի հումուսացված 10-15սմ հաստությամբ հողի շերտ և կցանվի խոտաբույսերի սերմ։
Այս մեթոդը հնարավորություն կտա շրջակա միջավայրը պաշտպանել չորացված պոչերի փոշուց և ապառներում գոյություն ունեցող սուլֆիդային միներալների քայքայվելուց։
• Ազդակիր համայնքների բնակչության անվտանգության և առողջության, աղետների կանխման և կանխարգելման միջոցառումների մշակման, ռացիոնալ բնօգտագործում և բնապահպանություն ապահովելու համար ՇՄԱԳ հաշվետվությունում ներկայացված է ՄՂԱՐԹԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆ:
Մշտադիտարկումը /Էկոլոգիական մոնիթորինգը/ շրջակա միջավայրի, այդ թվում շրջակա միջավայրի բաղադրիչների, բնական էկոլոգիական համակարգերի, նրանցում ընթացող գործընթացների, դրական և բացասական տեղաշարժերի, իրավիճակի համալիր դիտարկում է, որը թույլ է տալիս գնահատել և կանխատեսնել շրջակա միջավայրի վիճակի փոփոխությունները:
Էկոլոգիական մշտադիտարկման նպատակներն են. շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և նորմավորումը, ազդեցության աղբյուրների վերահսկումը /արտանետումները, ֆիզիկական ազդեցությունը, մնացորդային ազդեցությունը, վտանգները/, շրջակա միջավայրի բաղադրիչների որակի վերահսկողությունը: Այս ամենը անհրաժեշտ է ազդակիր համայնքների բնակչության անվտանգության և առողջության, աղետների կանխման և կանխարգելման միջոցառումների մշակման, ռացիոնալ բնօգտագործում և բնապահպանություն ապահովելու համար»:
Հանքարդյունաբերության հետևանքով Մղարթի շրջակա միջավայրի աղտոտվածության մեղմման, ինչպես նաև «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի գործունեության թափանցիկության և հաշվետվողականության վերաբերյալ ԷկոԼուրի հարցումներին ի պատասխան հարցման մասնակից մղարթցիները տվել են ամենատարբեր առաջարկներ, մասնավորապես՝
1. Հանքավայրի շահագործման թույլտվության գործընթացում ազդակիր համայնքին տալ իր պայմաններն առաջարկելու իրավասություն
2. Հանքավայրի շահագործումն իրականացնել ժամանակակից նոր տեխնոլոգիաների կիրառմամբ՝ նվազագույնի հասցնելով շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունները, պահպանելով նորմատիվ փաստաթղթերի պահանջները
3. Համայնքում զարգացնել գյուղատնտեսական, էկոլոգիապես մաքուր կուլտուրաների մշակումը և հիմնել հումքի վերամշակման փոքր՝ պահածոների, չոր մրգերի, ուտելի կանաչեղենի արտադրամասեր, զարգացնել Էկոտուրիզմն ու անասնապահությունը։
4. Ընկերության հաշվետվողականության, թափանցիկության բարձրացման համար անհրաժեշտ է, որ Ընկերության ֆինանսական, բնապահպանական և այլ հաշվետվությունները լինեն հասանելի ազդակիր բնակչության համար, որպեսզի դրանք տեղադրվեն իրենց էլեկտրոնային կայքում:
5. Ակտիվացնեն համագործակցությունը համայնքի հետ, կազմակերպեն հանդիպումներ, ներկայացնեն իրենց գործունեությունը, քննարկեն իրենց ծրագրերը։
6. Բարձրացվեն համայնքի վարչական տարածքից վարձակալած արոտավայրերի համար տրվող վարձավճարները։
7. Ընկերությունում աշխատող համայնքի բնակիչների վարձատրել կատարած աշխատանքին համարժեք, քանի որ նախկինում այն շատ ցածր էր։
8. Ընկերությունը ստանձնի կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն
9. Պայմանագրի կնքում համայնքի հետ սոցիալական ծրագրերի մասին:
Սույն նյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Չաշխատող հանքարդյունաբերական ընկերությունների պատասխանատվությունը ԱՃԹՆ գործընթացում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։
Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:
Սեպտեմբեր 01, 2020 at 16:39