Սևանա լճում սիգի պաշարները բավարար են, սիգի քանակների կրճատման հետ որևէ խնդիր չկա: Այս մասին ասաց Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը հուլիսի 29-ին «Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման պատճառները, էֆտրոֆիկացիայի նվազեցման ու խնդրի համապարփակ լուծման ուղիները» թեմայով ասուլիսի ժամանակ:
«Երկու շաբաթ առաջ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի կողմից 250-300 հազար իշխանի մանրաձուկ բաց թողնվեց գետ, որտեղից կգնա դեպի լիճ: Այդքանից որքանը տեղը հասան, չեմ կարող ասել, որովհետև մոնիթորինգ չկա հիմա: Սևանի սիգի քանակների կրճատման հետ էլ որևէ խնդիր չկա»,- նշեց Վահե Ջիլավյանը:
Ըստ Վահե Ջիլավյանի` 2005 թ. հետո Սևանա լճից ձուկ բռնելու օրինական տրված թույլտվություն չի եղել: «Մինչ այս պահը Սևանից բռնված ամբողջ սիգը եղել է անօրինական: Կառավարության որոշմամբ նախաձեռնել ենք այս տարվա առաջին արդյունագործական որսը, թույլատրել ենք 200 տոննա սիգի արդյունագործական որս իրականացնել: Շուրջ 150 դիմում ունենք, հենց հիմա հաշվառման մեջ է, մոտակա 10 օրվա մեջ պայմանագրերը կկնքվեն, քանակները կհաստատվեն, խիստ սահմանափակում կմտնի ձկնագողության համար: Սիգի պաշարները շատ բավարար են: Շատ մասնագետների կարծիքով 200 տոննան շատ քիչ թիվ է, ավելի մեծ թիվ պետք է լինի: Այս պահին թույլատրվել է մինչև հոկտեմբերի 1-ը որսալ այդ 200 տոննան: Այդ ընթացքում վերահաշվարկ կլինի, հնարավոր է հոկտեմբերից հետո այլ խմբաքանակ թույլատրվի և գործընթացը շարունակվի»,- ասաց նա:
Վահե Ջիլավյանը նաև տեղեկացրեց, որ ներկայում ընթանում են Սևանա լճում կողակի վերականգնմանն ու ավելացմանն ուղղված ծրագրեր: «Մայրական կազմի հետ կապված ծրագրեր ունենք: Այս պահին գործընթացների մեջ ենք: Հուսով ենք` կարճ ժամանակ անց կարող ենք հասնել նրան, որ կողակի մանրաձկներ կունենանք և Սևանա լիճ բացթողում կիրականացնենք», - նշեց նա:
Թեև նախարարությունը սիգի արդյունագործական որս իրականացնելու նոր քանակի մասին է հայտնում, գիտական ուսումնասիրությունները փաստում են, որ Սևանա լճում սիգի ձկնապաշարները նվազել են: ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը ԷկոԼուրի հետ զրույցում հայտնել էր, որ հաշվարկների համաձայն, եթե 2018թ-ին սիգի արդյունագործական պաշարը լճում գնահատվել է շուրջ 740 տոննա, ապա 2019թ-ին այն նվազել է 9.5% -ով՝ հասնելով 660 տոննայի: Բարդուխ Գաբրիելյանը նշել էր, որ Սևանում արդյունագործական որս չի կարելի անել, քանի որ որսվում է մայրական կազմը: Արդյունագործական որս կարելի է թույլատրել, եթե ձկան արդյունագործական պաշարը հասել է 1000 տոննայի:
Անդրադառնալով Սևանա լճի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքներին՝ Վահե Ջիլավյանը հույս հայտնեց, որ մինչ 2021թ. այս նույն ժամանակահատված հնարավոր կլինի մաքրել շուրջ 500 հա-ը: «2019 թ. 100 հա մաքրում արվել է: Այս տարի շուրջ 50 հա է մաքրվել: Աշխատանքները շարունակվում են: Հուսամ մեծ տեմպերով կգնանք: Ճահճապատ տարածքները գնահատվում են մոտ 500 հա, ջրածածկը` 120 հա: Մենք պիտի հասնենք նրան, որ մինչև մյուս տարվա այս ժամանակահատվածը մեծ թիվ ունենանք` 500 հա մաքրված տարածք», -ասաց նա:
Ինչ վերաբերում է շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքներին, ապա, ըստ Վահե Ջիլավյանի, ափամերձ հատվածներում հաշվարկված են 1901,5 մետր նիշից ցածր գտնվող կառույցները։ «Ապամոնտաժման են ենթակա շուրջ 1724 շենք-շինություն, որից պետական կամ համայնքային են 32-ը։ Իրականացվել են ապամոնտաժման, նախագծման աշխատանքներ: Այս տարի նախատեսվում է այդ 32-ի ապամոնտաժման աշխատանքներն ավարտել, իսկ մնացած 1724-ի մասով ծանուցումներ են ուղարկվել նրանց, որոնք անօրինական շինություններ են: Օրինականները, որոնք կադաստրի վկայական ունեն, նրանց հետ աշխատանքներն ընթանում են: Երբ 1901,5 մ-ն ավարտենք, կանցնենք մինչև 1905 մ-ին»,- նշեց Վահե Ջիլավյանը:
Հուլիս 30, 2020 at 19:09