Սևանա լիճ բաց թողնվեց 18,700 հատ ամառային իշխանի մանրաձուկ

Սևանա լիճ բաց թողնվեց  18,700 հատ ամառային իշխանի  մանրաձուկ

Սևանա լիճ է բաց թողնվել «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի կողմից պետական միջոցների հաշվին աճեցված շուրջ 18,700 հատ ամառային իշխանի մանրաձկան հերթական խմբաքանակ: Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը:

Գեղարքունիքի մարզի Բերկունք համայնքում Սևանա լճում տեղակայված ցանցավանդակային տնտեսության հարակից տարածքում մանրաձկան բացթողնման աշխատանքներին մասնակցել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը:

Սևանա լճի ձկնապաշարների պահպանության ու վերարտադրության և այլ կենսական կարևորության խնդիրները սրությամբ են դրված և պահանջում են ջանքեր ու անհապաղ միջամտություններ՝ լուծմանն ուղղված համարժեք ծրագրերով համակցված։ Այս համատեքստում «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամը իրականացնում է Կառավարության կողմից հաստատված «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» համալիր ծրագիրը:

Մանրաձկան բացթողումը կրում է պարբերական բնույթ։ Այս ամենի նպատակն է վերականգնել Սևանա լճում տարիներ շարունակ կրճատվող՝ Սևանի իշխանի ձկնապաշարներն ու այդ ճանապարհով խթանել լճի խախտված էկոհամակարգի վերականգնումը։

Աննա Մազմանյանը շեշտեց, որ առկա իրավիճակում մենք իրավունք չունենք թուլացնել թիկունքը. մեր բոլոր ջանքերը պետք է մեկտեղվեն ի նպաստ մեր պետության հզորացման ու զարգացման և հաղթանակների բոլոր ճակատներում։ Նա ևս մեկ անգամ կարևորեց պատշաճ վերահսկողության անհրաժեշտությունը։ Բացթողնված մանրաձուկը որևէ պարագայում չպետք է հայտնվի որսագողերի ցանցերում։ «Սևան» ազգային պարկի» պահնորդական հատուկ ջոկատը շուրջօրյա խիստ և աչալուրջ հսկողություն է իրականացնելու։

Լուսանկարը` Շրջակա միջավայրի նախարարության

Հոկտեմբեր 26, 2020 at 14:46


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր