Մնացել է ընդամենը 4 սոճի «Բանքսի սոճու»՝ 4 հա տարածք զբաղեցնող արգելավայրում

Մնացել է ընդամենը 4 սոճի «Բանքսի սոճու»՝ 4 հա տարածք զբաղեցնող արգելավայրում

ՀՀ Կոտայքի մարզում գտնվող 4 հա տարածքով «Բանքսի սոճու» արգելավայրում պահպանվել է ընդամենը 4 սոճի: Այս մասին ԷկոԼուրի հետ  զրույցում ահազանգեց «Առողջ Հրազդան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մովսես Մանուկյանը: 

«Թեժառույքի վանք բարձրացանք, սոճու արգելավայրն այդ եկեղեցու հարակից տարածքում է: Փնտրեցինք և 4 հա տարածքի վրա գտանք Բանքսի սոճու տեսակի ընդամենը 4 ծառ, որոնք դեռ չորացած կամ կտրված չէին: Եվս 4 ծառ կիսաչոր էին: Գտանք տասնյակ ծառերի բներ, որոնք 5-10 տարի առաջ էր հատված: Կային նաև փտած ծառեր: Մինչդեռ այնտեղ պետք է միշտ հետևեին, վերարտադրություն կազմակերպվեր, մաքրեին, չթողնեին՝ ուրիշ ծառեր խանգարեն սոճիների աճին: Ինչպե՞ս է հնարավոր որ հատուկ պահպանվող տարածքը վերանա, բայց տարիներով մնա ցանկի մեջ որպես պահպանվող տարածք: Ի՞նչ ծախսեր են արվել, կամ եթե չեն արվել, ինչո՞ւ չեն արվել»,- ասաց Մովսես Մանուկյանը: 

Ըստ նրա՝ այս ծառատեսակի զանգվածային հատման պատճառն այն է, որ Բանքսի սոճին բարձահասակ, որպես լավ շինափայտ ծառայող ծառատեսակ է: 

«Բանքսի սոճու» արգելավայրը որպես հատուկ պահպանվող տարածք գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության ենթակայության տակ: Հիմնադրվել է 1959 թ., զբաղեցնում է 4 հա տարածք, գտնվում է ՀՀ Կոտայքի մարզում Ծաղկունյաց լեռնաշղթայի լանջերին, ծովի մակարդակից 1800-2000 մ բարձրության վրա: 

Մշտադալար, խոշոր ծառեր են՝ մինչեւ 25 մ բարձրությամբ, ցանցառ, ձվաձև սաղարթով։ Փշատերևները խիստ ծռմռված են, «գանգուր», 2-4 սմ երկարությամբ, ծառի վրա պահպանվում են 2-4 տարի։ Բանկսի սոճին երիտասարդ տարիքում չափազանց արագ է աճում, իսկ 25-30 տարեկանից հետո սկսում է բավականին դանդաղ աճել։ Լավ է տանում վերատնկումը։ Միջին աճը կազմում է 32-40 սմ։ Առատ ինքնացան է տալիս։

Լուսանկարը՝ «Առողջ Հրազդան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արսեն Արսենյանի



Նոյեմբեր 20, 2020 at 16:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր