Գետերի ավազանների էկոհամակարգային ծառայությունների գնահատում. շրջակա միջավայրի վրա հիդրոէներգետիկայի իրական ազդեցությունը գնահատելու հնարավորություն

Գետերի ավազանների էկոհամակարգային ծառայությունների գնահատում. շրջակա միջավայրի վրա հիդրոէներգետիկայի իրական ազդեցությունը գնահատելու հնարավորություն

Արևելյան գործընկերության շրջանակներում իրականացվել է գետային ավազանների էկոհամակարգային ծառայությունների գնահատման նախագիծ, որը հնարավորություն է տալիս գնահատել շրջակա միջավայրի վրա հիդրոէներգետիկայի իրական ազդեցությունը:

Ծրագրին մասնակցել է «Խազեր» էկոլոգոմշակութային հասարակական կազմակերպությունը, որը ներկայացրել է «Արգիճի» փոքր ՀԷԿ-ի՝ Արգիճի գետի էկոհամակարգի վրա ունեցած ազդեցության վերաբերյալ ուսումնասիրություն:

Եվրոպական գործընկերության երկրների քաղաքացիական հասարակության ֆորումը տարածել է մամուլի հաղորդագրություն այս ծրագրի վերաբերյալ, որում, մասնավորապես, նշված է.

«Հիդրոէներգետիկան շարունակում է մնալ Արևելյան գործընկերության երկրների էներգետիկ համակարգերի կարևոր բաղադրիչը:

Կդիմանա՞ն մեր գետերը կլիմայի փոփոխության և ջրի քանակի նվազման պայմաններում հիդրոէներգետիկայի աճող ճնշմանը: Ինչպե՞ս գնահատել հիդրոէներգետիկայի ազդեցությունը գետի էկոհամակարգերի և հարակից էկոհամակարգերի վրա: Գետերի ինչպիսի՞ էկոհամակարգային ծառայություններ են վերանում և դեգրադացվում հիդրոէներգետիկայի ազդեցության հետևանքով և ո՞վ է դրանից տուժում: Ինչպե՞ս գնահատել էկոհամակարգային ծառայությունների կորուստը և վերականգնել դրանք: Այս հարցերի պատասխաններն են փնտրել Եվրամիության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Էկոհամակարգային ծառայություններ և հիդրոէներգետիկա. եվրոպական գործիքների պիլոտային կիրառում Արևելյան գործընկերության երկրների գետերի ավազաններում» ծրագրի փորձագետները:

«Eco-TIRAS» գետի պահապանների միջազգային ասոցիացիայի փորձագետ Օլգա Կազանցևան նշել է, որ էներգետիկայի աճող կարիքների բավարարման համար իրականացվող հիդրոտեխնիկական շինարարությունը բերում է ոչ միայն դրական, այլև՝ բացասական հետևանքներ, որոնք հաճախ այնքան էական են, որ անուղղելի վնաս են պատճառում ջրային էկոհամակարգերին և դրանց էկոհամակարգային ծառայություններին: Էկոհամակարգերի դեգրադացիայի հիմնական պատճառը դրանց իրական տնտեսական արժեքի թերագնահատումն է:

«Համարվում էր, որ ջուրը վերականգնվող ռեսուրս է, իսկ գետերի էկոհամակարգերի վիճակի վրա ազդեցությունը չի գնահատվել»,- նշել է Ուկրաինայի ազգային էկոլոգիական կենտրոնի ղեկավար Ռուսլան Գավրիլյուկը: Գետերը շահագործվել են էլեկտրաէներգիայի արտադրության համար, որը էկոհամակարգային ծառայություններից մեկն է, ընդ որում՝ գետերի էկոհամակարգերն այնպես են դեգրադացվել, որ մնացած բոլոր էկոհամակարգային ծառայությունները վերացել են կամ զգալիորեն կրճատվել:

««Հիդրոէներգետիկայի էկոհամակարգային մոտեցում. Արևելյան գործընկերության երկրներում հիդրոէներգետիկայի զարգացման եվրոպական պահանջների իրականացման խթանում» ծրագրի շրջանակներում Արևելյան գործընկերության չորս երկրների հասարակական կազմակերպությունների կողմից 04.10.19 Կիևյան վերջնական բանաձևի տեսքով մշակված հիդրոէներգետիկայի էկոհամակարգի մոտեցման իրականացման առաջարկները հավանության են արժանացել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից: Պատրաստակամություն են հայտնել խթանել հիդրոէներգետիկայի էկոհամակարգային ծառայությունների կառավարման գործիքների մշակման և իրականացման համար»,- նշել է «Խազեր» էկոլոգոմշակութային ՀԿ-ի ներկայացուցիչ Արամ Գաբրիելյանը,- ՀՀ կառավարության 2013թ. հանձնարարականը՝ մինչև 2015թ. ավարտը մշակել էկոհամակարգային ծառայությունների մասին օրինագիծ, մինչ օրս չի կատարվել: Սևանա լիճ թափվող արգիճի գետի ավազանում էկոհամակարգային ծառայությունների ուսումնասիրության արդյունքները ցույց տվեցին, որ «արգիճի» փոքր ՀԷԿ-ի (9,8 ՄՎտ տեղադրված հզորություն) շահագործումն աղետալի վնաս է պատճառել գետի ձկնաշխարհին, միևնույն ժամանակ հանգեցրել է այլ էկոհամակարգային ծառայությունների կորստի: Մինչև 2013թ. ՓՀԷԿ-ի շահագործումըգետի էկոհամակարգային ծառայություններից  լայնորեն օգտվում էին գետի ավազանի տարածքում գտնվող ութ բնակավայրերի բնակիչները:

Միևնույն ժամանակ փոքր հիդրոէլեկտրակայանների զարգացման ծրագրի շրջանակներում ՓՀԷԿ-երի ակտիվ շինարարությունը (գործող փոքր հիդրոէլեկտրակայանների թիվը հասել է 188-ի, տրվել է ևս 23-ի շինարարության լիցենզիա) շարունակվում է, որի արդյունքում Հայաստանում բնական գետային էկոհամակարգերը գործնականում վերացել են:

Էկոհամակարգային ծառայությունների հաշվարկը և հիդրոէլեկտրակայանների գործունեության հետևանքով էկոհամակարգերի կորուստների փոխհատուցման համար դրանց իրականացումը պետք է ծառայեն որպես գետերի էկոհամակարգերի վերականգնման և էկոհամակարգային ծառայությունների ներուժի հետագա աջակցության միջոց»:

«Ջախջախիչ ազդեցության է ենթարկվել նաև Ադրբեջանի հիմնական ջրային զարկերակը՝ Կուր գետը, որի վրա 1950-ականներից սկսած կառուցվել է հիդրոէլեկտրակայանների կասկադ»,- նշեց Ադրբեջանի օրնիտոլոգիական միության տնօրեն Էլչին Սուլթանովը: Կուր գետի վրա ՀԷԿ-երի կասկադի կառուցման հետևանքով գետի հոսանքից ներքև գտնվող լճերը դարձել են ծանծաղուտ: Այդպես ցամաքել է Աջիգաբուլ լիճը, որը, չնայած հանրապետության նախագահի հատուկ հրամանագրին, դեռ չի վերականգնվել: Սարիսու լիճը նկատելիորեն ծանծաղ է դարձել, և 300 հազար ջրաճահճային թռչունների փոխարեն՝ այստեղ ձմեռում է հազիվ 10-20 հազարը:

«Կարպատների շրջանը գրավիչ է հիդրոէլեկտրակայանների բիզնեսի համար բնական պայմանների և կանաչ սակագների շնորհիվ»,- ասաց «Էկոսֆերա» հասարակական կազմակերպության (Ուժգորոդ) ներկայացուցիչ, կենսաբան Օքսանա Ստանկևիչ-Վոլոսյանչուկը: Բայց, քանի որ Արևելյան Կարպատները ցածր լեռներ են, նրանց բնորոշ է բարձրության փոքր անկումը, այստեղ կան հետադարձ դերիվացիայով հիդրոէլեկտրակայաններ: Այսպիսով, ամբարտակը կարգավորում է ջրի բնական հոսքը՝ փոխելով գետի բնական հիդրոլոգիական ռեժիմը: Ստորին բիեֆում գետի հունի ջրի մի մասն ուղղվում է դեպի դերիվացիոն ջրանցք կամ խողովակ: Օրինակ՝ Ուժ գետի վրա դեռևս 1930-ականներին ամբարտակից հետո կառուցվել էր շրջանցիկ կապուղի և երկու հիդրոէլեկտրակայան: Վերջին տարիներին՝ ջրի քանակի նվազման պայմաններում դա հանգեցրել է չորային սեզոնի ընթացքում ստորին բիեֆում գետի հունի ցամաքման: Ամբողջ ջուրն ուղղվում է ջրանցք` էլեկտրաէներգիայի արտադրության կարիքների համար: Նկատելի է նաև այլ հիդրոտեխնիկական կառույցների ազդեցությունը Ուժի հովտի էկոհամակարգերի վրա»:

Փետրվար 08, 2021 at 16:38


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր