

Գործադիրն ավելացրեց Սևանա լճից սիգի արդյունագործական որսի չափաքանակը 50 տոննայով, ինչպես նաև երկարձգեց ձկան որսի ժամկետը մինչև սույն թվականի հոկտեմբերի 15-ը: Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության սեպտեմբերի 2-ի նիստում:
Նշենք, որ 2021 թվականի մայիսի 14-ից մեկնարկած Սևանա լճում սիգի արդյունագործական որսի վերջնաժամկետ էր նշանակված սեպտեմբերի 1-ը: Այդ ընթացքում պետք է որսվեր 250 տ սիգ: Շրջակա միջավայրի նախարարության հետ կնքվել է 303 պայմանագիր շուրջ 221 տ 164 կգ ձկան որս իրականացնելու համար: Ըստ որոշման հիմնավորման, սահմանված չափաքանակից շուրջ 29 տոննա սիգի համար հայտ չի ներկայացվել: Ներկայացված հայտերի շրջանակներում 2021 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ ևս առկա է շուրջ 20 տոննա, ինչը պայմանագիր կնքած ձկնորսները, եղանակային պայմաններով պայմանավորված, չեն հասցրել որսալ մինչև սեպտեմբերի 1-ը:
Որսի նոր ժամկետ սահմանելու և ծավալն ավելացնելու որոշման հիմքում, ըստ հիմնավորման, ընկած են Գեղարքունիքի մարզում առկա սոցիալական խնդրի կարգավորման հարցն ու ձկնորսների կողմից հնչեցված դժգոհությունները: Հիմնավորման մեջ նաև նշված է, որ առաջարկը քննարկվել է նաև ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտնականների հետ և ձեռք է բերվել համաձայնություն: Մասնավորապես՝ կենտրոնից հայտնել են, որ չեն առարկում այս առաջարկին Շրջակա միջավայրի նախարարության՝ ձկնորսության գործընթացի նկատմամբ խիստ հսկողություն սահմանելու դեպքում:
Սակայն ինչպես է իրականացնելու Շրջակա միջավայրի նախարարությունն այդ խիստ վերահսկողությունը, հայտնի չէ՝ հաշվի առնելով ապօրինի որս իրականացնելու մեծաքանակ դեպքերի արձանագրումը: Նախարարությունը պարտավոր էր մինչ նախագծի ընդունումը երաշխիքներ ներկայացնել այդ վերահսկողությունն իրականացնելու համար անհրաժեշտ մեխանիզմներ, հմտություն ու ռեսուրսներ ունենալու մասին: Մյուս կողմից խնդիր է ձկան որսի ծավալի իրական թվի անհայտ լինելը՝ հաշվի առնելով ապօրինի որսի ծավալները:
Հիշեցնենք, որ ԷկոԼուրին ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի տրամադրած տվյալների համաձայն, եթե 2013-2018թթ. ընթացքում ձկան ընդհանուր կենսազանգվածը տարեցտարի աճել է, 1296 տոննայից հասնելով 2948 տոննայի, ապա 2018թ. հետո նվազել՝ 2019թ. կազմելով 2668 տոննա, 2020թ.՝ 2345 տոննա: Նույն կերպ նվազել է նաև սիգի արդյունագործական պաշարը՝ կազմելով համապատասխանաբար՝ 2019թ-ին 667 տոննա, 2020թ-ին՝ 586 տոննա: ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնը ձկան և խեցգետնի պաշարների ամենամյա գնահատումն իրականացրել է Շրջակա միջավայրի նախարարության հետ կնքած պայմանագրի շրջանակներում:
Սևանա լճի ձկնապաշարների նվազումն իր հերթին վատթարացնում է լճի էկոլոգիական վիճակը՝ հաշվի առնելով, որ ձուկը լճում օրգանական նյութի յուրացնողն է: Կեղտաջրերի ներհոսքի, մակարդակի նվազման, բավարար ձկնապաշար չլինելու պայմաններում լճում մեծանում է օրգանական նյութի կոնցենտրացիան: Այս իրավիճակում բարձր ջերմաստիճանը նպաստում է Սևանա լճի ճահճացման գործընթացների ակտիվացմանը:
Հիշեցնենք, որ այս տարի գործադիրը որոշեց Սևանա լճից մինչև 245 միլիոն խմ ջրառ իրականացնել: Լճից արդեն բաց է թողնվել 195.129 միլիոն խմ ջուր: Սեպտեմբերի 2-ի դրությամբ լճի մակարդակը կազմում է 1900.61մ, ինչը 7 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից:
Սեպտեմբեր 02, 2021 at 17:18
