ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտնականները ստացել են գյուրզայի խայթոցների դեմ հակաթույն: «Գրանցումից հետո այս հակաթույնը կարող է ներկայանալ ներքին և արտաքին շուկա: Այն իր էֆեկտիվությամբ չի զիջում շուկայում առկա միջազգային արտադրողների դեղորայքին»,- ասաց գիտական խմբի ղեկավար, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր Նաիրա Այվազյանը: Նա նաև նշեց, հետազոտությունների արդյունքում պարզել են, որ գյուրզայի թույնը դրսևորում է յուրահատուկ հակաքաղցկեղային և հականեյրոդեգեներատիվ հատկություններ: «Տարածաշրջանում բնակվող գյուրզայի ենթատեսակն իր թույնի բաղադրության մեջ պարունակում է օբտուստատին ցածրամոլեկուլյար սպիտակուցը, որն ի վիճակի է կանգնեցնել ուռուցքի աճը՝ խախտելով մետաստազների բջիջների կապը միմյանց հետ: Այս թույնը դրսևորում է յուրահատուկ հակաքաղցկեղային և հականեյրոդեգեներատիվ հատկություններ, ինչը կարող է հիմք հանդիսանալ նոր տեսակի դեղորայքների մշակման համար»,- ասաց Նաիրա Այվազյանը:
Հետազոտություններում ներգրավված գիտնականների մեծ մասը երիտասարդ մասնագետներ և հայցորդներ են: Աշխատանքներում ներգրավվել են նաև Երևանի պետական համալսարանի մագիստրատուրայի ուսանողներ:
Գիտական արդյունքներն ստացվել են ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտում գործող բազային թեմայի շրջանակներում, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի կողմից ֆինասավորված 18T-1F224 «MACROVIPERA LEBETINA OBTUSA թույնի դեմ սիճուկի ստացումը խոյերի իմունիզացիայի միջոցով» թեմատիկ ծրագրի (ղեկ. Նաիրա Այվազյան), գիտության կոմիտեի Հայ-բելառուսական համատեղ դրամաշնորհային՝ «Macrovipera lebetina obtusa գյուրզայի թույնի А2 ֆոսֆոլիպազների և դեզինտեգրինների կառուցվածքա-ֆունկցիոնալ հետազոտությունները» ArmBel-Ap18_1f-4 (ղեկ. Գայանե Կիրակոսյան) ծրագրի և ANSEF-ի (ԱՄՆ) biochem-5308 «Macrovipera lebetina obtusa օձի թույնի ֆոսֆոլիպազ A2-ի ազդեցությունը քաղցկեղային բջիջների վրա» (ղեկ. Նարինե Ղազարյան) դրամաշնորհային ծրագրերի շնորհիվ:
Արդյունքների մասին գիտական հոդվածներ են հրապարակվել հեղինակավոր գիտական հանդեսներում, մասնավորապես՝ Journal of Membrane Biolology, Journal of Venom Research, Journal of Biotechnology, Molecular Biology և այլն:
«Մեզ հետ կապ է հաստատել առավել խոշոր INOSAN ֆրանսիական հակաթույնի արտադրողը՝ խնդրելով ստուգել նաև իրենց արտադրանքի ակտիվությունը մեր էնդեմիկ օձատեսակների թույնի դեմ: Ռուսաստանյան գիտաժողովներն էլ հիմք են հանդիսացել նոր համագործակցության, որն արդեն 2021թ. ձևակերպվել է որպես Գիտության կոմիտեի Հայ-Ռուսական համատեղ դրամաշնորհային ծրագիր (2021/2022թթ. 20RF-073 «Կենդանական թույների նեյրոպրոտեկտորների ուսումնասիրումը Պարկինսոնի և Ալցհեյմերի հիվանդությունների in vitro և in vivo մոդելներում»), որն այժմ իրագործման փուլում է՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հեռավոր արևելյան բաժանմունքի Գ.Բ. Ելյակովի անվան կենսաօրգանական քիմիայի Խաղաղօվկիանոսյան ինստիտուտի հետ համատեղ»,- ասաց Նաիրա Այվազյանը:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
Սեպտեմբեր 16, 2021 at 14:03