Երևանում կանաչ տարածքներն ավելացել են, վստահեցնում են քաղաքապետարանից

Երևանում կանաչ տարածքներն ավելացել են, վստահեցնում են քաղաքապետարանից

Երևանում մեկ բնակչին բաժին ընկնող կանաչապատ տարածքը 4 տարվա ընթացքում ավելացել է 0,4 քմ-ով: Եթե 2017թ-ի դրությամբ այն կազմում էր 7,6 քմ, ապա 2021թ-ի դրությամբ կազմում է 8 քմ: Սակայն այս ցուցանիշը դեռ հեռու է առողջության համար նպաստավոր լինելուց: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից խորհուրդ տրվող նվազագույն արժեքը՝ 9 քմ-ն է:

Դեկտեմբերի 28-ին Երևանի ավագանու կողմից հաստատված Երևան քաղաքի զարգացման 2022 թվականի ծրագրի համաձայն՝ 2021թ-ի դրությամբ մայրաքաղաքում կանաչապատ տարածքները կազմում են 6760 հա, առկա է քաղաքային նշանակության 86 այգի: Ընդհանուր օգտագործման կանաչապատ, այդ թվում՝ ընդլայնված և բարեկարգված տարածքը կազմում է 869 հա: 2021թ-ին տնկվել է 7590 հատ ծառ, 75 000 թուփ, այդ թվում՝ կենդանի ցանկապատ, 53 000 հատ ծաղիկ: Բարեկարգվել և կանաչապատվել են Քանաքեռ ՀԷԿ-ի այգին, Նոր Արաբկիր զբոսայգին, Մ. Սարյանի անվան պուրակը և Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածը: Խաչատուր Աբովյանի անվան պուրակի բարեկարգման և կանաչապատման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2022թ-ին: Կանաչապատման աշխատանքներ են իրականացվել Եռաբլուրի լանջերին, Սիրո և հավատի այգում, Վերածնունդի այգում: Սարալանջի և Ծիծեռնակաբերդի տարածքներում անցկացվել է ոռոգման ցանց, ընթանում են կանաչապատման նախապատրաստական աշխատանքներ:

Երևանի բուֆերային գոտիների պահպանման համար 2019թ-ին Երևանի քաղաքապետարանն իրականացրել է Սիլիկյան թաղամասի, Նուբարաշենի և Ջրաշխարհի աջակողմյան հատվածի լանջի անտառապաշտպանիչ գոտիների նախագծման աշխատանքներ: 2022թ-ին Ջրաշխարհի աջակողմյան հատվածի լանջին՝ 12 հա տարածքում կհիմնվի անտառապաշտպանիչ գոտի: Կվերակառուցվի և կստեղծվի շուրջ 30 կմ երկարությամբ ոռոգման ցանց:

Դեկտեմբեր 29, 2021 at 10:31


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր