

News.am
Սեպտեմբերի 7-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում փոքր ՀԷԿ-երի խնդիրներին նվիրված քննարկման ընթացքում հետաքրքիր բանավեճ ծավալվեց բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի միջեւ։ Ի պատասխան բնապահպանների այն դիտողությանը, որ փոքր ՀԷԿ-երի շինարարության ընթացքում լուրջ բնապահպանական ռիսկեր են ստեղծվում, մասնավորապես՝ ոչնչացվում են Կարմիր գրքում գրանցված ձկնատեսակներն ու կենդանական աշխարհի այլ ներկայացուցիչներ, Հ. Թոքմաջյանը հայտարարեց, որ բնապահպանները չունեն լուրջ պատրաստություն եւ մանր-մունր հարցերով փորձում են արգելակել էներգետիկայի զարգացմանը։ «Այդ մի քանի ձուկը ավելի կարեւո՞ր են, քան էներգետիկան»,- հռետորական հարցադրում արեց համալսարանի ռեկտորը։ Նա հիշեց մութ ու անլույս տարիները, այն ջանքերը, որոնց պատճառով չկառուցվեցին Կապսի ու Եղվարդի ջրամբարները, հետաձգվեց Մարմարիկի ջրամբարի կառուցումը։ Թոքմաջյանի կարծիքով՝ եթե փոքր ՀԷԿ չկառուցենք, ստիպված ենք լինելու բնությունը շատ ավելի աղտոտել ջերմակայանների արտանետած գազերով։
Ռեկտորի կտրուկ ու «հակաբնապահպանական» հայտարարությունների ազդեցությունը մեղմելու նպատակով, առավել եւս, որ համաժողովին մասնակցում էին Նորվեգիայի Norsk Energi կազմակերպության ներկայացուցիչները, Հանրային Ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչ Աբգար Բուդաղյանն ասաց, որ ՀԷԿ-երը պետք է կառուցել այնպես, որ ե’ւ ձկները կենդանի մնան, ե’ւ էներգետիկան զարգանա։ Նորվեգական կազմակերպության ներկայացուցիչ Էն Իրեն Գլիմսդալը տեղեկացրեց, որ ՀԷԿ-եր կառուցելիս իրենց երկրում նույնպես դժգոհություններ են լսվում բնապահպանական կազմակերպությունների կողմից։ Արդյունքում՝ որոշ վայրերում ընդհանրապես ՀԷԿ կառուցելն արգելված է, որոշ վայրերում թույլ է տրվում օգտագործել ջրի հոսքի 50 տոկոսը։ Այնուամենայնիվ, երկրի էլեկտրական էներգիայի մոտ 90 տոկոսը արտադրվում է ՀԷԿ-երում, որոնք էլ հիմնականում փոքր են։
ՆՈՐՎԵԳԱՑԻՆԵՐԸ ԽՈՐՀՈՒՐԴ ԿՏԱՆ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓՈՔՐ ՀԷԿ ԿԱՌՈՒՑԵԼ
News.am
Նորվեգական խորհրդատվական Nosk Energi կազմակերպությունը Հայաստանում սկսել է 4-ամսյա մի ծրագիր, որով նախատեսվում է աջակցել մեր երկրում բուռն թափ ստացած փոքր հիդրոկայանների շինարարությանը։ Ծրագիրը ֆինանսավորում է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը, աջակիցներն են «Ամերիաբանկը» (փոքր ՀԷԿ-երի վարկավորման առաջատար կազմակերպությունն է Հայաստանում), KFW բանկը, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանը։
Ըստ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանի՝ Հայաստանը ցանկանում է մինչեւ 2020 թ. փոքր ՀԷԿ-երի մասնաբաժինը էլեկտրաէներգիայի արտադրության մեջ հասցնել մինչեւ 10 տոկոսի՝ ներկայիս 5 տոկոսի համեմատ։
«Ամերիաբանկի» տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի տեղեկացմամբ՝ փոքր ՀԷԿ-երի կառուցման բնագավառում արդեն իսկ իրականացվել է 36 մլն դոլարի ներդրում, եւ ներդրումային ծրագրերը շարունակվում են։
Հաշվի առնելով Հայաստանում փոքր հիդրոկայանների կառուցման դրական փորձը՝ KFW գերմանական բանկը առաջիկա 1 ամսվա ընթացքում կհատկացնի եւս 18 մլն դոլարի վարկային ռեսուրս՝ ի լրումն նախկինում տրամադրած 6 մլն դոլարի։ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ Դանիել Ստեփանյանը պարզաբանեց, որ KFW բանկի հայաստանյան գործընկեր բանկերի թիվը ավելացել է 10-ով՝ մինչեւ 16 բանկ։ Նրանք պետք է փոքր ՀԷԿ-երին վարկ տրամադրեն հայկական դրամով, որից հետո հնարավորություն կստանան այն վերաֆինանսավորել հիմնադրամի միջոցներից։ Վարկը տրամադրվում է մինչեւ 12 տարի ժամկետով (նախորդ ծրագրով 10 տարի էր), որից 2 տարին կարող է լինել արտոնյալ։ Տոկոսադրույքը տարեկան 10,5 տոկոս է։
Նշենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը Հայաստանում 50 ընկերությունների 65 փոքր ՀԷԿ կառուցելու արտոնագիր է տվել։
Սեպտեմբեր 08, 2010
