

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել Բեռնի Կոնվենցիայի շրջանակներում Ադրբեջանի կողմից արբիտրաժային վարույթ նախաձեռնելու մասին։
«2023 թվականի հունվարի 18-ին Հայաստանի Հանրապետությունը ծանուցվել է Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության դեմ «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» Բեռնի կոնվենցիայի (Բեռնի Կոնվենցիա) շրջանակներում արբիտրաժային վարույթ նախաձեռնելու վերաբերյալ։
Հայաստանի Հանրապետությունը ափսոսանք է հայտնում, որ Ադրբեջանը որոշել է իրավական գործընթաց սկսել այնպիսի փաստաթղթի հիման վրա, որի հիմնական նպատակն է «խթանել ․․․․ համագործակցությունը» պետությունների միջև միտված «պահպանելու վայրի ֆլորան և ֆաունան և դրանց բնական ապրելավայրերը»։ Հայաստանը բազմաթիվ առիթներով հաստատել է իր՝ տարածաշրջանի վայրի բնաշխարհի պահպանման և շրջակա միջավայրի պաշտպանության հանձնառությունը՝ ներառյալ Բեռնի Կոնվենցիայի մոնիտորինգային և այլ մարմինների հետ աշխատելու միջոցով։
Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է շրջակա միջավայրի պաշտպանությանն ու պահպանմանը և կշարունակի կատարել միջազգային բնապահպանական փաստաթղթերով, ներառյալ՝ Բեռնի կոնվենցիայի ներքո ստանձնած իր պարտավորությունները:
Հայաստանի շրջակա միջավայրի պաշտպանության միջազգային վարկանիշը ինքնին վկայում է այդ մասին։ Հայաստանը մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից իրավական վեճի եղանակով բարձրացված հարցերը որևէ առնչություն չունեն Բեռնի Կոնվենցիայի նպատակի հետ և կարող են վնասակար անդրադառնալ տարածաշրջանի շրջակա միջավայրի վրա, որը նաև էական վնաս է կրել վերջին տարիների ընթացքում Ադրբեջանի վարած ագրեսիվ պատերազմների հետևանքով», - նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ 2020 թվականին Ադրբեջանն իր կողմից սանձազերծած պատերազմի Արցախի անտառներում ֆոսֆորային զինատեսակ է կիրառել, ինչի կապակցությամբ Հայաստանի տասնյակ կազմակերպություններ դիմել էին միջազգային հանրությանը։
Հունվար 26, 2023 at 14:53