ԴԵԼՖԻՆՆԵՐԻՆ ԾՈ՞Վ…., ԹԵ՞ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՅԳԻՆ

ԴԵԼՖԻՆՆԵՐԻՆ ԾՈ՞Վ…., ԹԵ՞ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՅԳԻՆ

Եկատերինա Կարտաշովա, Yerevan.ru

Հայաստանի բնապահպանական հասարակական կազմակերպությունները դեմ են դելֆինարիային եւ դելֆինների ներկրմանը:

Կենդանիների պաշտպանները վստահ են, որ դելֆինները չեն կարող ապրել Հայաստանի մայրաքաղաքի չոր, կիսանապատային կլիմայի պայմաններում: Բացի այդ, խմելու ջրի բացթողոմները, որն օգտագործվելու է դելֆինարիայում ջրի մշտական շրջանառության համար, կբերի մոտակա բազմաբնակարան շենքերին ջրի տրամադրման կրճատմանը:

Հաշվի առնելով, որ Հայաստանում չկա ելք դեպի ծով իսկ ծովամթերքները հանրապետություն են մտնում սառեցված եւ ոչ միշտ թարմ վիճակում, բնապահպանները մտավախություն ունեն, որ դելֆինարիան շահագործող ընկերությունը չի հետեւի կենդանների ծովային ուտելիքի օրաբաժնին:

Ծովային կենդանիների խնդրով հետաքրքրվել են նաեւ կենդանիների պաշտպանության միջազգային կազմակերպությունները, ովքեր համամիտ են հայ գործընկերների հետ եւ պատրաստ են դիմել Հայաստանի բարձրագույն իշխանությանը:

ԴԵԼՖԻՆԱՐԻԱ ՊԱՆԹԵՈՆԻ ԿՈՂՔԻՆ. ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՐԵԼ Է ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԻՆ
Հասմիկ Համբարձումյան, Panorama.am


Բնապահպան Սիլվա Ադամյանը անհանգիստ է. Երևան են բերում դելֆիններ, որոնք մեր երկրի չոր բնակլիմայական պայմաններին չեն դիմանա: Ադամյանը «Թռչնասերների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահն է, զբաղվում է թռչուններով: Բայց այս դեպքում նրան մտահոգել են ծովային կենդանիների ոտնահարված իրավունքները: «Կենդանիների իրավունքներն իսկապես խաթարված են, պետք է վերանայել այդ որոշումը, ինչպես կարող են ծով և խոնավություն սիրող կենդանիները ապրել մեր երևանյան պայմաններում», -մեզ հետ զրույցում իր մտահոգությունն է հայտնում բնապահպանը:

Երևանի Կոմիտասի զբոսայգու 8000 քառակուսի մետր տարածքը բարեկարգվում է` կանաչապատվելու է և գեղեցիկ տեսքի է բերվելու: Իսկ այգու մեջ 850 քառակուսի մետր տարածքում էլ (նախկին ատրակցիոնի տարածքը) քաղաքային իշխանությունները պատվիրել են ուկրաինական «Ներում» ընկերությանը դելֆինարիա կառուցել: Այս ընկերությունը, ինչպես վստահեցնում են քաղաքապետարանից, մասնագիտացված է և դելֆինարիաներ է կառուցել Կիևում, Օդեսայում, Դոնեցկում, Խարկովում:

Այս նախաձեռնությունն անձամ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանինն է: «Դելֆինարիաները վաղուց արդեն հանգստի հրաշալի գոտիներ են աշխարհի առաջատար շատ քաղաքներում: Նման հաճելի հանգստի գոտի պետք է ունենա նաև Երևանը», - նշում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից:

Դելֆինարիայի մուտքը Արշակունյաց պողոտայի կողմից է լինելու` զբոսայգու երրորդ մուտքից։ Մետաղական կոնստրուկցիայով կառույցի ստորին հատվածում տեղադրվելու են տեխնիկական սարքավորումները։ Իսկ աստիճանները կտանեն դեպի տրիբունա, որտեղ 5 մետր խորությամբ 18 մետր շառավղով ջրավազանն է։ Գրեթե դեկտեմբերի կեսերին այստեղ կլողան 4 դելֆիններ, երկու ծովային կատու, մեկ ջրառյուծ: Ջրային կենդանիները Երևան կբերվեն Օդեսայից։

Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը տեղյակ չէ` ինչ տեսակի դելֆիններ են բերվելու, բայց նշում է, որ դելֆինարիա պահելը թանկ հաճույք է ու մշտական հսկողության անհրաժեշտություն է զգացվելու: Նրանց պետք է կերակրել կենդանի ձկներով:

«Շատ մեծ ծախսեր է պահանջելու արհեստական ջրավազանում դելֆիններ պահելը, բայց ես չգիտեմ ինչ տեսակի են այդ կենդանիները` քաղցրահամ ջրերի դելֆիննե՞ր են, թե՞ ծովային», -ասում է մասնագետը:

Ծովային ջրերի դելֆիններ պահելը շատ բարդ գործ կլինի` նրանց համար պետք է ծովին հատուկ միջավայր ստեղծել ու ծովային աղով համեմված ջուր պատրաստել: Իսկ ահա քաղցրահամ ջրերին սովոր դելֆիններին պահելը համեմատաբար հեշտ կլինի, բայց, ինչպես նշում է մասնագետը, այսպիսի դելֆիններն էլ ապրում են ասենք Ամազոնում:

Հատկացված տեղն իր չափերով, ըստ Բարդուխ Գաբրիելյանի, փոքր է: «Համոզված չեմ, որ բավարար է այդքան տարածությունը դելֆիններին ազատ լինելու համար», -նշում է Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրենը:

Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ջրավազանը աշխատելու է ողջ տարին. ամռանը բացօթյա, իսկ ձմռանը կփակվի ապակյա ծածկով։ Ջրի ջերմաստիճանը մշտապես լինելու է 20-22 աստիճան, ջրավազանում 1500 խմ ծավալով ջուր է լցվելու։ Սակայն այստեղ դեռևս չեն կարող ասել` ինչ տեսակի դելֆիններ են բերվելու Երևան:

Դելֆինարիան կառուցում են հիմնականում ուկրաինացի մասնագետներ։ Շինարարությունն իրականացնող ուկրաինական այդ նույն կազմակերպությունն իրականացնելու է նաև Դելֆինարիայի սպասարկումն ու շահագործումը։ Կառույցը նախատեսված է 900 հանդիսատեսի համար։ Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ դելֆինարիայի շահագործումից ստացված եկամուտներն ամբողջությամբ ուղղվելու են զբոսայգու բարեկարգման և պահպանման նպատակին։

«Ինչպե՞ս կարելի է այդպես անել` Կոմիտասի պանթեոնում մեր մեծերն են հանգչում, իսկ կողքին զվարճանքի վայր է ստեղծվում», - նախագծին դեմ է Սիլվա Ադամյանը:

Վերջինը նամակով դիմել է բնապահպանության նախարարությանը` հասկանալու` արդյո՞ք դելֆինարիայի կառուցման նախագիծն անցել է բնապահպանական փորձաքննություն, բայց պատասխան դեռևս չի ստացել:

Բնապահպանական փորձաքննություն ՊՈԱԿ-ի փորձագետ Արեգնազ Դռնոյանը Panorama.am-ի հետ զրույցում նշում է, որ մինչև 1000 քառակուսի մետր տարածք ունեցող կառուցապատման համար փորձագիտական եզրակացություն չի տրվում: Սակայն, նրա խոսքով, կան բացառություններ: Օրինակ, ըստ «Շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության մասին» օրենքի, բացառություն կարող է լինել տվյալ կառուցապատման դեմ հասարակական ընդվզումը:

Բնապահպան Սիլվա Ադամյանն ասում է, որ դելֆինարիա կառուցելու վերաբերյալ հասարակական լսումներ չեն անցկացվել: «Ոչ լսում են արել, ոչ մի բանից գաղափար չունենք: Կեդանաբանության ինստիտուտը պետք է չիմանա՞ր դրա մասին: Մեր կլիմայական պայմանները թույլ չեն տալիս այստեղ դելֆինարիա կառուցել, դրա համար էքսպերտիզա է պետք, էքսպերտի կարծիք է պետք»,- պնդում է Սիլվա Ադամյանը` հավելելով, որ «դա կենդանիների շահագործում է»:

Հոկտեմբեր 01, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր