

News.am
«Հայաստանի կլիման հսկայական փոփոխություն է կրելու հաջորդ հարյուր տարիների ընթացքում. բարձրանալու է ջերմաստիճանը, նվազելու են տեղումները, գետային հոսքը եւ լճերի մակարդակը, ավելի հաճախակի են դառնալու շոգ եղանակները, երաշտները, սողանքները, սելավներն ու ջրհեղեղները: Եթե հարմարվողականության շուտափույթ լայնամասշտաբ միջոցներ չձեռնարկվեն, ապա հանրապետության ողջ տարածքում բնակչությունը, նրանց ապրուստն ու տնտեսությունը դժվար թե կարողանան խուսափել կլիմայի փոփոխության պատճառած վնասներից»,- սա մեջբերում է «Կլիմայի փոփոխության սոցիալ տնտեսական ազդեցությունը Հայաստանում» ուսումնասիրությունից։ Այն պատրաստել են Շրջակա միջավայրի Ստոկհոլմի ինստիտուտի եւ ԱՄՆ Թաֆթսի համալսարանի փորձագետներ Էլիզաμեթ Ա. Սթանթոնը, Ֆրենք Աքերմանը, Ֆլավիա Ռիսենդեն։
Նրանց կանխատեսումներով՝ Երեւանի տարեկան միջին ջերմաստիճանը մինչեւ այս դարի վերջը ներկայիս 11.6 աստիճանից կբարձրանա մինչեւ 16.6 աստիճան: Վայքում, որտեղ սպասվում է Հայաստանում ջերմաստիճանի ամենամեծ բարձրացումը, տարեկան միջին ջերմաստիճանը կբարձրանա մինչեւ 19.2 աստիճան, որը մոտ է Թել Ավիվի կամ Բեյրութի այժմյան կլիմային:
Առաջին հայացքից այս կանխատեսումները նույնիսկ ուրախալի են՝ մեր երկրում վերջապես կաճեն ցիտրուսայինները, իսկ երեւանյան շուկաներում բանանն ու խուրման այլեւս թանկ չեն լինի։ Սակայն ուսումնասիրության հեղինակներն, ընդհակառակը, պնդում են, որ գյուղատնտեսությունը լուրջ վնասներ կկրի, քանի որ խնդիրներ կառաջանան ոոռոգման հետ կապված։ Գյուղատնտեսության ընդհանուր կորուստները գնահատվում են 65-145 միլիարդ դրամ, կամ 190-420 միլիոն դոլար: Սա նշանակում է ՀՆԱ-ի 2-5 տոկկոսի կրճատում:
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կլիմայի փոփոխության հարցերով ազգային փորձագետ Նաիրա Ասլանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ կլիմայի փոփոխությունը ոչ թե ապագայի խնդիր է, այլ զգացվում է արդեն ներկայում։ Շատացել են հիդրոօթերեւութաբանական երեւույթները, մարզերում ինտենսիվացել են երաշտները, ջրհեղեղները, վաղաժամ ցրտահարությունները եւ այլն։ Թույլ երկրներն առավել անպատրաստ են ու ավելի ուժեղ են զգում կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունները։ Հայաստանը, լինելով զարգացող երկիր, կլիմայի փոփոխության բացասական ազդեցություններն արդեն զգում է մարդու առողջության պահպանման, գյուղատնտեսության, մի շարք ենթակառուցվածքների ոլորտներում։
Ըստ Ասլանյանի՝ Հայաստանն արտանետումների կրճատման պարտավորություն չունի, ինչպես զարգացած երկրները, սակայն կամավոր անդամակցում է կոպենհագենյան ակումբին, որի անդամները պարտավորություն են ստանձնել առաջիկա 20-30 տարիների ընթացքում կրճատել արտանետումները։ Հայաստանն իր պարտավորությունների շրջանակներում, միայն զեկույցներ է պատրաստում ջերմոցային արտանետումների, կլիմայի փոփոխությանը հարմարվելու ծրագրերի եւ կարիքների մասին։
Հոկտեմբեր 07, 2010
