Հայաստանի Լոռու, Տավուշի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի գյուղական բնակավայրերում զբոսաշրջային ոլորտ մուտք գործող կազմակերպություններն աջակցություն ու խորհրդատվություն կստանան փորձառու տուրօպերատորներից: Համագործակցությունն ամրապնդվեց սույն թվականի մարտի 1-2-ին «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագրի շրջանակներում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և ծրագրի շահառուների ու գործընկերների միջև փոխըմբռնման հուշագրերի ստորագրմամբ։
«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագիրն իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակի կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով։
Ծրագրի շրջանակներում կազմակերպվել էր երկօրյա աշխատաժողով՝ նպաստելու գործընկերային կապերի հաստատմանն ու փորձի փոխանակմանը: Աշխատաժողովի ընթացքում հուշագրեր են ստորագրվել «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի, «Ավարայր» զբոսաշրջային գործակալության, «Էյ Էմ թրավել» զբոսաշրջային ընկերության, «Ուեյ թու Արմենիա» զբոսաշրջային ընկերության, «Արմլենդ» արշավային ակումբի, «Գարդման տուր» զբոսաշրջային ընկերության և «Սի յու ին Արմենիա» ճանապարհորդական բլոգի ղեկավարների միջև:
Հուշագրերի հաջորդ խումբը ստորագրվել է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և ծրագրի շահառուների՝ «Լոռենի» բուսական թեյերի համտեսի սրահի, «ArtCheese» պանրի համտեսի սրահի, «Արևի» և «Փարադիզ» հյուրանոցների, «Բերկրի», «Ահնիձոր» հյուրատների «Մեր լեռները» սպորտային ճամբարի, «Փունջ» պահածոների գործարանի, «Օկոն» հանգստի գոտու և «Նոր տուրս» գաստրոբակի հիմնադիրների միջև:
Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են զբոսաշրջության զարգացման հեռանկարները, ոլորտում առկա մարտահրավերներն ու բացերը: Ծրագրի շահառուներին ներկայացվել են տուրօպերատորների հետ համագործակցության, կայուն զբոսաշրջության զարգացման, ֆինանսական հասանելիության, միջազգային շուկայի անկայունության ու անվտանգության և այլ հարցեր: Տուրօպերատորները կիսվելով իրենց փորձով՝ ներկայացրել են կանաչ բիզնեսների ու ճանապարհորդության վերջին միտումների հեռանկարները:
Ծրագրի շահառուներն իրենց հերթին ներկայացրել են ծրագրի աջակցությամբ արդեն իրականացված կամ նախագծված բիզնես-գաղափարները, խոսել առաջիկա անելիքների ու ակնկալիքների մասին:
Ողջունելով ներկաներին՝ Շվեյցարիայի փոխդեսպան և Հարավային Կովկասում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գրասենյակի (SDC) տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութ-Շիմոն ասել է. «Մինչ այժմ ծրագրի շրջանակներում ձեռք բերված արդյունքները շատ գոհացուցիչ են, տրանսֆորմացիոն և արդիական: Մասնակիցների մեծ թիվը և ստորագրված հուշագրերը ցույց են տալիս, թե ինչպիսի դինամիկ կերպով է ձևավորվում համագործակցությունը մասնավոր, պետական և քաղաքացիական շահագրգիռ կողմերի միջև: Հարավային Կովկասի տարածաշրջանը եզակի կենսաբազմազանություն ունի, ինչը մեծ հեռանկարներ է ընձեռում կայուն և ներառական շուկաների զարգացման համար: LILA-ն փոխում է Հայաստանում զբոսաշրջության դեմքն ու բնույթը, այն աջակցում է Հայաստանին նորարարական եղանակով համատեղելու բնության պահպանությունն ու տնտեսական զարգացումը»:
Խոսելով ծրագրի արդյունավետության մասին՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանը նշել է. «Այս ծրագիրը բավական մեծ նշանակություն ունի բնապահպանության և տուրիզմի զարգացման տեսանկյունից»: Մկրտիչ Այվազյանը հույս է հայտնել, որ աշխատաժողովի արդյունքում մասնակիցների միջև կհաստատվեն գործընկերային կապեր, որոնք կարող են հիմք դառնալ համագործակցային գաղափարների ու նոր ծրագրերի իրագործման համար:
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանն ընդգծել է, որ սա առաջին ծրագիրն է, որտեղ ներդրել են երկու անհամատեղելի մոտեցում՝ տնտեսական զարգացում և բնապահպանություն: «Շատ կարևոր է, որ տեղի բնակիչներն՝ իրենք, լինեն իրենց հողի տերը, իրենք զարգացնեն իրենց բիզնեսը ու պահպանեն բնությունը, դա է ծրագրի մոտեցումը»,- նշել է նա:
Նախորդ շաբաթ հուշագիր էր ստորագրվել նաև Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի միջև: Աշխատաժողովին ներկա զբոսաշրջության կոմիտեի զբոսաշրջության զարգացման խորհրդական Անահիտ Ոսկանյանը հույս է հայտնել, որ ծրագրի թիրախային մարզերը՝ Լոռին, Տավուշը, Վայոց ձորն ու Սյունիքը կունենան զբոսաշրջության կայուն զարգացման առաջընթաց և էկոհամակարգերի պաշտպանության խթան: «Մարզերի բնակիչները և ոլորտի դերակատարները կարիք ունեն հիմնարար գիտելիքների կայուն զարգացման մարտահրավերների և էկոհամակարգերի պահպանության ասպարեզում»,- նշել է նա:
Վերջինս ներկայացրել է Հայաստանում զբոսաշրջության զարգացման ռազմավարության հեռանկարների մասին՝ անդրադառնալով զբոսաշրջության քաղաքականությանը վերաբերող ՀՀ նոր օրենքին:
«ԷկոԼուրի» հետ զրույցում անդրադառնալով հուշագրի ստորագրման կարևորությանը՝ Անահիտ Ոսկանյանն ասել է. «Այս և պետական գերատեսչությունների համագործակցությամբ իրականացվող այլ ծրագրեր նպաստում են զբոսաշրջության զարգացմանը: Ներկայում մենք հեռանկարային զարգացման համար ապակետրոնացմանը միտված ծրագրերի անհրաժեշտություն ենք նկատում: Բնական լանդշաֆտների կայուն օգտագործման, էկոհամակարգերի պահպանության և միաժամանակ շուկայի զարգացմանը միտված նման նախաձեռնությունները համահունչ են հեռանկարային այն քաղաքականությանը, որը տանում է զբոսաշրջության կոմիտեն»:
Ըստ նրա՝ զբոսաշրջային գործունեության ցանկացած տեսակ ունի և՛ դրական, և՛ բացասական ազդեցություն բնության վրա: «Նման ծրագրերում պետք է հասկանալ, թե այդ գործընթացներից որոնք են առավելագույնը նվազեցնում բացասական ազդեցությունը բնության վրա և արդյոք այն տնտեսական և սոցիալական առավելությունները, որ ծրագիրը բերում է, փոխհատուցում են էկոլոգիական վնասներին, որոնք իրականացվում են այդ գործունեության ընթացքում: Եթե կայուն զարգացման տեսանկյունից ենք նայում, ապա այստեղ միաժամանակ պետք է դիտարկել սոցիալական, տնտեսական ու էկոլոգիական համաչափ զարգացումը: LILA ծրագիրը այդ երեք բաղադրիչի համաժամանակյա զարգացումն է նախանշում ի սկզբանե»,- ընդգծել է նա:
Ծրագրի ղեկավար, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղից Նաիրե Երիցյանը նշել է, որ ծրագրի երկու՝ շուկայի զարգացման և բնապահպանության բաղադրիչները բխում են բնությանը համահունչ տուրիզմ ունենալու իրենց գաղափարին: «Սա ենթադրում է կենսամակարդակի բարձրացում և դրամական հոսքեր, որոնք կնպաստեն շրջակա միջավայրի բարելավմանը»,- ընդգծել է նա:
«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ից ծրագրի համակարգող Ալլա Ղազարյանը ներկայացրել է ծրագրի ընթացքը, կիսվել ձեռքբերումների և մինչև 2025թ․ պլանավորված գործողությունների մասին: «Այս ընթացքում բավական հաջողություններ ենք գրանցել. մի շարք բիզնեսներ ծրագրի աջակցությամբ բացվել են, ստեղծել տասնյակ աշխատատեղեր տարբեր բնակավայրերում: Ներկայում ևս նոր 15 բիզնեսի ուղղությամբ ինտենսիվ աշխատում ենք, ոմանք նախագծման փուլում են, ոմանք՝ շինարարության փուլում: Մինչև ծրագրի ավարտ այս բիզնեսները ևս պատրաստ կլինեն, կստեղծեն նոր աշխատատեղեր և կնպաստեն մարզերի զբոսաշրջային ներուժի զարգացմանը»,- ԷկոԼուրի հետ զրույցում նշել է նա: Ալլա Ղազարյանի խոսքով՝ Հայաստանի առաջատար ներգնա զբոսաշրջային ընկերությունների հետ կնքված հուշագրերի արդյունքում վերջինները մեծ ներդրում են ունենալու մարզային զբոսաշրջության զարգացման մեջ: «Ծրագրի շրջանակներում ստեղծված բիզնեսները ներառվելու են տուրօպերատորների զբոսաշրջային փաթեթներում, որպեսզի է՛լ ավելի շատ զբոսաշրջային հոսքեր ապահովեն դեպի տվյալ գյուղական բնակավայրեր՝ խթանելով մարզերում կայուն ներառական զբոսաշրջության զարգացմանը»,- ընդգծել է նա:
«Ավարայր» զբոսաշրջային գործակալության հիմնադիր-տնօրեն Արկադի Սահակյանն ԷկոԼուրի հետ զրույցում նշել է. «Ծրագրի իրականացնողներն ու շահառուներն առանց մեր մասնակցության չեն կարող իմանալ՝ մեզ ինչ է պետք: Մեր ու մյուս նմանատիպ ընկերությունների մասնակցության նպատակն է ներկայացնել, թե ինչի կարիք ունենք մենք որպես տուրիստական գրասենյակ և ինչի կարիք ունի տուրիստական շուկան, որ իրենք ճիշտ ուղղությամբ տանեն իրենց աշխատանքը»: Խոսելով ծրագրում բնապահպանական բաղադրիչի ներառման կարևորության մասին՝ Արկադի Սահակյանը նշել է. «Նմանատիպ ծրագրերը, որտեղ բնապահպանությունը դրված է առաջնային տեղում, թույլ է տալիս մեզ ստանալ ավելի մաքուր, ավելի գրավիչ միջավայր, ավելի հստակ միջազգային շուկայում ներկայանալ, որ Հայաստանը ոչ միայն տնտեսություն է ու զարգացող երկիր, այլ մի երկիր, որ լուրջ ուշադրություն է դարձնում իր բնապահպանական խնդիրներին և չի տարանջատում բնապահպանությունն ու բիզնեսը միմյանցից: Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ մենք ունենք հնարավորություն և ռեսուրս երկիրը զարգացնելու ոչ միայն տնտեսական ճանապարհով, այլև զարգացնել զուգահեռ չխախտելով բնության հետ համակեցության կանոններն ու պաշտպանելով բնությունը»:
Մարտ 08, 2024 at 12:37