

ԷկոԼուր
«Բայբուրդ» տեղամասի խախտված լանդշաֆտային էկոհակարգերը (այժմ դա «Խոսրովի անտառ» արգելոցում Գիլան արգելավայրն է) պետք է վերականգնվեն եւ բերվեն բնական վիճակի: Նման տեսակետ է հայտնել «Կենսաբազմազանության մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի ազգային համակարգող Տատյանա Դանիելյանը` ի պատասխան Բնապահպանական հասարակական դաշինքի դիմումի` գնահատական տալ «Գիլան» արգելավայրի իրավիճակին, որի կարգավիճակը հատուկ պահպանվող տարածքների ամենաբարձր Ա1 կատեգորիայից իջեցվեց ամենացածր` 4-րդ կատեգորիայի:
Հիշեցնենք, որ 2007թ. ՀՀ բնապահպանության նախարարությունը հիմնավորում պատրաստեց, որի հիման վրա էլ կայացվեցին կառավարության երեք որոշումներ` իջեցնել Գիլան տեղամասի կարգավիճակը, վարձակալության տալ այն եւ շինարարություն թույլատրել:
Տատյանա Դանիելյանը նշեց, որ «Բայբուրդ» տեղամասում լանդշաֆտային էկոհակարգերի վերականգնումը ամրագրված է նաեւ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 2010-2014թթ. կառավարման պլանում:
Ներկայումս նախարարի հրամանով այս տեղամասում (118 հա տարածք 66 տարով վարձակալության է տրվել) «Հովազաձոր» ընկերության անհայտ նշանակության օբյեկտի շինարարությունը սառեցված է:
Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար Տ. Դանիելյանն անհրաժեշտ է համարում.
«1. զերծ մնալ արգելավայրի տարածքում լանդշաֆտային եւ կենսաբանական բազմազանության բնականոն զարգացման խախտումից` տնտեսական եւ բնակելի օբյեկտների շինարարություն ու շահագործում, ընդհանուր օգտագործման ճանապարհներից դուրս տրանսպորտային միջոցների երթեւեկություն եւ այլն
2. ՀՀ բնապահպանության նախարարի 14.07.10թ. թիվ 181-Ա հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից արգելավայրի պահպանության ռեժիմի մշտական ուսումնասիրում եւ հսկողության իրականացում
3. նշված հարցի եւ այլ բնապահպանական խնդիրների վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարության եւ հասարակական կազմակերպությունների միջեւ երկխոսության ծավալում»:
Հոկտեմբեր 18, 2010
