

Ապրիլի 22-ին աշխարհը տոնում է Երկրի միջազգային օրը: Այն հռչակվել է Բոլիվիայի նախաձեռնությամբ 2009թ. ապրիլի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանում: Բանաձևի համահեղինակ են ՄԱԿ-ի 50-ից ավելի անդամ-պետություններ: Օրվա շրջանակներում բազմաբնույթ բնապահպանական միջոցառումներ, ակցիաներ ու երթեր են նախատեսվում մի շարք երկրներում:
«Ծայրահեղ շոգը, անտառային հրդեհներն ու ջրհեղեղները, ինչպես նաև Ատլանտյան օվկիանոսում փոթորիկների ռեկորդային սեզոնը ազդել են միլիոնավոր մարդկանց վրա: Կլիմայի փոփոխությունը, բնության մեջ մարդածին փոփոխությունները, ինչպես նաև կենսաբազմազանությունը ոչնչացնող անընդունելի գործողությունները, ինչպիսիք են՝ անտառահատումները, հողօգտագործման փոփոխությունները, ինտենսիվ գյուղատնտեսությունը, անասնաբուծությունը և որսագողությունը, արագացնում են մոլորակի ոչնչացումը:
Երկիր մոլորակի միջազգային օրը հիշեցնում է, որ մեզանից յուրաքանչյուրն իր գոյության համար պարտական է մոլորակին և նրա էկոհամակարգերին: Երկիր մոլորակի միջազգային օրը մենք՝ բոլորս, պետք է գիտակցենք, որ աշխարհին անհրաժեշտ է ավելի կայուն տնտեսություն, որն աշխատում է ի շահ մարդկանց և մոլորակի: Մենք պետք է ձգտենք ներդաշնակության մարդու և բնության միջև: Մայր Երկրի միջազգային օրը մեզ հնարավորություն է տալիս տեղեկանալու դժվարին մարտահրավերների մասին, որոնց բախվում է մարդկությունը մոլորակը փրկելու համար»,- նշված է Երկրի օրվա առթիվ ՄԱԿ-ի կայքում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Երկրի միջազգային օրվա կապակցությամբ իր ուղերձում նշել է, որ մարդկությունը Մայր Երկրի հանդեպ իրեն պահում է անչափահաս հանցագործի պես: «Բնությունը մեզ տալիս է այն սնունդը, որը մենք ուտում ենք, օդը, որը շնչում ենք և ջուրը, որը մենք խմում ենք: Միևնույն ժամանակ, մենք քաոս ենք բերում բնություն. մենք թունավորում ենք մեր մոլորակը բոլոր տեսակի աղտոտիչներով, անխոհեմաբար ոչնչացնում ենք էկոհամակարգերն ու կենսատեսակները, ապակայունացնում կլիման ջերմոցային գազերի արտանետումներով:
Սա վնասում է և՛ բնությանը, և՛ մարդկությանը։ Մենք վտանգի տակ ենք դնում սննդամթերքի արտադրությունը, աղտոտում ենք օվկիանոսներն ու օդը, ստեղծում ավելի վտանգավոր և պակաս կայուն միջավայր և խոչընդոտում կայուն զարգացմանը։
Համատեղ աշխատելով՝ մենք պետք է վերականգնենք ներդաշնակությունը բնության հետ, ընդունենք կայուն արտադրության և սպառման մոդելները և պաշտպանվենք վտանգներից՝ ստեղծելով աշխատատեղեր, նվազեցնելով աղքատությունը և խթանելով կայուն զարգացումը։
Սա նշանակում է, որ անհրաժեշտ է հրատապ կերպով լուծել կենսաբազմազանության կորստի խնդիրները, դադարեցնել շրջակա միջավայրի աղտոտումը և զգալիորեն նվազեցնել ջերմոցային գազերի համաշխարհային արտանետումները: Սա նշանակում է աջակցել բնիկ ժողովուրդներին, տեղական համայնքներին և այլոց, ովքեր ամենաշատն են տուժում աղտոտման, կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության կորստի ճգնաժամից: Սա նշանակում է ապահովել կլիմայական արդարադատություն կլիմայական քաոսի կենտրոնում գտնվող երկրների համար և արագ մոբիլիզացնել ֆինանսական և աջակցության մեխանիզմները, որոնք անհրաժեշտ են երկրներին կլիմայի, բնապահպանության և կայուն զարգացմանը նպաստելու համար քայլեր ձեռնարկելու համար:
Երկրները պետք է մշակեն նոր ազգային կլիմայական ծրագրեր, որոնց նպատակն է սահմանափակել գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը մինչև 1,5 աստիճան ըստ Ցելսիուսի: Այդ ծրագրերը կարող են օգտագործվել որպես ազգային անցումային պլաններ և ազգային ներդրումային ծրագրեր՝ հիմք հանդիսանալով կայուն զարգացման համար՝ ի շահ ապագա սերունդների: Միևնույն ժամանակ, Մեծ քսանյակը (G-20) պետք է առաջնորդի արագ, արդար և ֆինանսավորվող գլոբալ գործընթաց՝ հրաժարվելու հանածո վառելանյութերից և գործողություններ ձեռնարկելու՝ վերջ տալու բնության համար կործանարար սուբսիդիաներին, ինչպիսիք են՝ մոլորակի համար կործանարար պլաստմասսաների անխնա արտադրությունն աջակցող սուբսիադիաները:
Երկիր մոլորակի հետ հարաբերությունների վերականգնումը մարդկության առջև ծառացած բոլոր խնդիրների լուծման բանալին է։ Մենք պետք է գործենք և գործենք հիմա՝ բոլորիս համար ավելի լավ ապագա կառուցելու համար»,- նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Լուսանկարը՝ ՆԱՍԱ
Ապրիլ 22, 2024 at 14:27