Փամբակը կունենա շուրջ 8000 հեկտար համայնքային բնապահպանական գոտի

Փամբակը կունենա շուրջ 8000 հեկտար համայնքային բնապահպանական գոտի

Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի 7938 հեկտար տարածքում համայնքային բնապահպանական գոտի կստեղծվի: Նոր բնապահպանական գոտու ստեղծման վերաբերյալ սույն թվականի հունիսի 17-ին Եղեգնուտ բնակավայրում ստորագրվեց երկարաժամկետ համաձայնագիր Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի, Փամբակ համայնքի և «Քոշաքար» համայնքային սոցիալական-բնապահպանական ՀԿ-ի միջև:

Շուրջ 263,840 եվրո կտրամադրվի  Փամբակ համայնքի բնապահպանական նպատակների և շահառու բնակավայրերի սոցիալ-տնտեսական զարգացման համար։ WWF-Հայաստանի աջակցությամբ ծրագրի շահառու 3 բնակավայրերում՝ Եղեգնուտում, Դեբեդում և Մարգահովտում վարչական կենտրոնների տանիքներին արդեն իսկ տեղադրվել են արևային ֆոտովոլտային կայաններ, սկսվել են արոտների ենթակառուցվածքները բարելավելու աշխատանքները, զարգացվում է բնահեն տուրիզմը, վայրի հավաքչությունն ու սննդի մատակարարումը:

Փամբակի համայնքային բնապահպանական գոտին կստեղծվի «Հարավային Կովկասում Էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն-II փուլ» (ԷՄՀ) ծրագրի շրջանակում, որն իրականացնում է WWF-Հայաստանը։ Ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) կողմից՝ KfW բանկի միջոցով: ԷՄՀ II փուլի ծրագիրը համաֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագրի կողմից: LILA ծրագիրն իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակի կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ:

ԷՄՀ ազգային համակարգող Արմեն Շահբազյանը հայտնեց. «Մեզ համար ոգևորիչ է, որ Փամբակ համայնքը ցանկություն հայտնեց միանալ այս ծրագրին. առանց համայնքի ակտիվ մասնակցության բնապահպանությունը պարզապես կձախողվի»։

«Մինչ 2012թ. մենք սևեռված էինք դասական պահպանվող տարածքների ստեղծման վրա, որոնք պահպանվում են պետության կողմից: Բայց հետո մենք հստակ գիտակցեցինք, որ չենք կարող պահպանել ամբողջ կենսաբազմազանությունը միայն պետական կառույցների միջոցով: Անհրաժեշտ է ներգրավել համայնքներին։ Կառուցելով էկոլոգիական ցանցը՝ մենք բարձրացնում ենք բնության դիմադրողականությունը, որովհետև կենդանիները կարող են տեղաշարժվել էկոմիջացնքների միջոցով», - ասաց ԷՄՀ ծրագրի տեխնիկական խորհրդատու Յերնի Սթրիթին:

ԷՄՀ ծրագրի շրջանակում իրականացվելու է կովկասյան ընձառյուծի, հայկական մուֆլոնի, բեզոարյան այծի և գորշ արջի ապրելավայրերի քարտեզագրում և կենդանիների հաշվառում: Համայնքային բնապահպանական տարածքներում վայրի կենդանիների մոնիթորինգն ու պահպանությունն իրականացնելու են ընտրված խնամակալները, որոնց ծրագրով տրամադրվելու են ամենագնացներ, սարքավորումներ, համազգեստ:

7938 հեկտար տարածքով բնապահպանական տարածքից 1,776 հա բաժին է ընկնում  հիմնական գոտուն  և 6,162 հա՝ կայուն կառավարման գոտուն, ընդ որում 1700 հեկտարը Քոշաքար լեռան տարածքում է՝ Եղեգնուտում: 

WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանն Էկոլուրի հետ զրույցում նշեց. «Այս տարածքում սահմանափակվելու է տնտեսական գործունեությունը և նշանակվելու են խնամակալներ, ովքեր պետք է հետևեն կենսաբազմազանության պահպանությանը: Ծրագրով կլինեն նաև ազատ գումարներ, որոնք նախատեսված են համայնքի կարիքների համար։ Դրանք հնարավոր կլինի օգտագործել, օրինակ, արջերի հասցրած վնասների փոխհատուցման համար»:

«Քոշաքար» ՀԿ-ի նախագահ Արամայիս Հակոբյանն Էկոլուրի հետ զրույցում նշեց․ «Այստեղ առաջ բնակվել են կովկասյան ազնվացեղ եղջերուներ, ժամանակն է հետ բերել իրենց: Հույս ունենք, որ այս համաձայնագրի շրջանակում մի քանի ամսից առաջին խմբաքանակն արդեն այստեղ կլինի»:

WWF-Հայաստանի աշխարհագրական տեղեկատվական համակարգի մասնագետ Արման Կանդարյանը ներկայացրեց, թե ստեղծված բնապահպանական տարածքներում դաշտային տվյալների հավաքագրման ինչ գործիք են կիրառելու:

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ից LILA ծրագրի համակարգող Ալլա Ղազարյանը նշեց. «Փորձում ենք համայնքներին սովորեցնել՝ ինչպես կապիտալ ստեղծել բնապահպանության հենքի վրա: Ծրագրի ընդհանուր նպատակն է բարելավել գյուղական համայնքների կենսաապահովման պայմանները, նպաստել վայրի հավաքչության, կայուն և ներառական տուրիզմի զարգացմանը»:

Անդրադառնալով LILA ծրագրի շրջանակներում իրականացվող գործունեությանը՝ Կարեն Մանվելյանն ասաց․ «LILA ծրագրով աջակցում ենք տեղական համայնքներին, որպեսզի նրանք լինեն ավելի դիամդրողական կլիմայի փոփոխության մարտահրավերների նկատմամբ: Արևային պանելների տեղադրումով ոչ միայն կրճատում ենք վառելափայտի սպառումն ու ածխաթթու գազի արտանետումները, այլև խնայում էլեկտրաէներգիայի ծախսերը: Միևնույն ժամանակ, մշակել ենք համայնքային պահպանության ուղեցույց, որը ներկայացրել ենք Շրջակա միջավայրի նախարարություն»:

Հունիս 20, 2024 at 19:51


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր