Հունիսի 5-ին աշխարհը նշում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը։ 1972թ. ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հունիսի 5-ը հայտարարեց Շրջակա միջավայրի համաշխարհային օր, որն էլ դարձավ միջազգային բնապահպանական օրացույցի կարևոր տոներից և ամեն տարի նշվում է ավելի քան հարյուր երկրներում: Նույն տարում տարբեր պետությունների ղեկավարների Ստոկհոլմյան համաժողովը ստեղծեց հատուկ կազմակերպություն` շրջակա միջավայրի պահպանման ՄԱԿ ծրագիրը /UNEP/: 2004թ․ սկսած հունիսի 5-ը Հայաստանում նշվում է նաև որպես Բնապահպանի օր:
2024թ. Շրջակա միջավայրի համաշխարհային օրը նվիրված է հողերի վերականգնմանը, անապատացման երևույթների գործընթացի դադարեցմանն ու երաշտի դեմ դիմակայության բարձրացմանը՝ «Մեր մոլորակը, մեր ապագան է. մենք՝ վերականգնման սերունդն ենք» կարգախոսի ներքո:
2024թ. լրանում է ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի ընդունման 30-ամյակը։ Այս տարի օրվա շրջանակում միջոցառումները հյուրընկալող երկիրը Սաուդյան Արաբիան է։ 2024թ. դեկտեմբերի 2-13-ը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում տեղի կունենա ՄԱԿ-ի անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի Կողմերի համաժողովի 16-րդ նստաշրջանը։
Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա պաշտոնական կայքում հրապարակվել է մի տեսահալովակ, որում կոչ է արվում համայն մարդկությանը համախմբվել՝ վերականգնելու Երկիր մոլորակի հողերն ապագա սերունդների համար:
Լուսանկարը՝ Damian Patkowski/Unsplash
Հունիս 05, 2024 at 14:33