Հորդառատ անձրևներից ու կարկուտից տուժած Դեբեդ, Մարց, Դսեղ, Եղեգնուտ բնակավայրում ստեղծված իրավիճակը ներկայացնում են հանրային լրագրողները

Հորդառատ անձրևներից ու կարկուտից տուժած Դեբեդ, Մարց, Դսեղ, Եղեգնուտ բնակավայրում ստեղծված իրավիճակը ներկայացնում են հանրային լրագրողները

Հորդառատ անձրևներն ու կարկուտը մեծ վնաս են պատճառել Լոռու մարզի լեռնային բնակավայրերին։ Կարկուտը փչացրել է Դեբեդ, Մարց, Դսեղ գյուղերի բերքը։ Հորդառատ անձրևներից անանցանելի են դարձել Մարցի և Եղեգնուտի արոտ տանող ճանապարհները։ 

Իրավիճակը տեղերից ներկայացնում են Էկոլուրի հանրային լրագրողները ֆեյսբուքյան «Հանրային լրագրողների ձայնը» խմբում։

«Տերևաթափ ծառեր, կարկտահարված բերք։ Այսօր կեսօրին Դսեղում առատ կարկուտի և անձրևի հետևանքով վնասվել է գյուղացիների բերքը»,- գրել է Մարիամ Եգանյանը։


«Հունիսի 1-ի տեղումնաբեր կարկուտից անմասն չմնաց նաև Լոռու մարզի Թումանյան համայնքի Մարց գյուղը։
Կարկուտը գյուղին ահռելի վնասներ է տվել։ Հողատարածքները, որտեղ կային ցանքեր, հայտնվել են անմխիթար վիճակում, որոնք անգամ կարկուտից հետո չեն վերականգնվել։ Գյուղացիները, հավանաբար, ստիպված կլինեն կա՛մ նորից ցանել, կա՛մ չցանելով կկորցնեն այս տարվա բարիքը։
Սա իր հերթին, բնականաբար, ֆինանսական խնդիրներ է առաջացնելու նրանց համար։
Կարկուտի հետևանքով ծառերից թափվել է բերքը, ինչը տեսանելի կլինի հատկապես աշնանը, երբ գյուղացիները չեն կարողանա հավաքել խնձոր, սալոր, տանձ և այլ մրգեր ու հատապտուղներ։
Կարկուտը նաև վնասել է գյուղի հեռագնա արոտավայրերի ճանապարհները, սա ևս երևում է տեսանյութում։
Այդ ճանապարհն անանցանելի է դարձել, մեքենաները չեն կարողանում բարձրանալ սարեր կամ արոտավայրեր, իսկ հատկապես ամռանը նման ճանապարհները գյուղերի համար կենսական նշանակություն են ունենում, ուստի դա վերականգնելը անհրաժեշտություն է գյուղացիների համար։
Այսպիսով` կարկուտի վնասները Մարց գյուղում տեսանելի են, գյուղացիներից յուրաքանչյուրն էլ այս կամ այն ձևով վնաս է կրել դրա հետևանքով, ուստի յուրաքանչյուր աջակցություն տեղին կլիներ այս պարագայում, իհարկե, վնասի չափերը հստակ հաշվարկելուց հետո»,- գրել է Մարցից հանրային լրագրող Նարե Ղազարյանը։

«Հորդառատ անձրևն անանցանելի է դարձրել Եղեգնուտ բնակավայրի հեռագնա արոտավայրեր տանող ճանապարհը։ Հետևանքների վերացման աշխատանքների մեկնարկը տրված է»,- Եղեգնուտից գրել է Մանե Հակոբյանը։

«Հորդառատ անձրևներն ու կարկուտը մեծ վնասներ են հասցրել Դեբեդ բնակավայրի բարեկարգված ճանապարհներին, հողանցում կատարված էլեկտրական բարձրավոլտ մալուխներին , ջրագծերին, և ամբողջությամբ ոչնչացվել է բերքը»,- հայտնում են Դեբետ բնակավայրից։



Հունիս 11, 2024 at 16:50


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր