Կլիմայի փոփոխության 5-րդ ազգային հաղորդագրությունը կմշակի  «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-Ը

Կլիմայի փոփոխության 5-րդ ազգային հաղորդագրությունը կմշակի  «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-Ը

Հայաստանը կմշակի Կլիմայի փոփոխության 5-րդ ազգային հաղորդագրությունը, ինչպես նաև ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի պարտավորությունների կատարման վերաբերյալ 1-ին և 2-րդ երկամյա թափանցիկության զեկույցները։ Աշխատանքները կիրականացնի ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը: Զեկույցի մշակման համար ՄԱԿ-ի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը կհատկացնի մոտ 1,2 միլիոն ԱՄՆ դոլար: Աշխատանքային պլանը ներկայացվեց սույն թվականի հունիսի 26-ին ՄԱԶԾ-ԳԷՀ-ին նոր ծրագրի մեկնարկային աշխատաժողովում: 

ՄԱԶԾ-ԳԷՀ ծրագրի ղեկավար Գոհար Հովհաննիսյանը նշեց․ «Ծրագրի նպատակն է աջակցել երկրին գնահատելու կլիմայի փոփոխությանն առնչվող հարցերը երկրի կայուն զարգացման ապահովման համատեքստում, ինչպես նաև ներառելու դրանք ազգային և ոլորտային զարգացման քաղաքականությունների մեջ, ինստիտուցիոնալացնել ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման գործընթացը, խթանել ազգային և համայնքային մակարդակներում կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության գործընթացները, ինչպես նաև նպաստել կլիմայի փոփոխության մասով կրթության և իրազեկության մակարդակի բարձրացմանը»:

«1993 թվականին ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի վավերացումից ի վեր Հայաստանը շարունակաբար կատարել է իր հաղորդակցման պարտավորությունները թափանցիկության, համահունչ, համադրելիության, ամբողջականության և ճշգրտության սկզբունքներով, և ՄԱԶԾ-ն հավատարիմ է մնում իր խոստմանը աջակցելու Հայաստանի կառավարությանն իր ստանձնած միջազգային պարտավորությունները կատարելու հարցում»,- ասաց ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին:

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը նշեց, որ Հայաստանը դասվում է կլիմայի փոփոխության նկատմամբ առավել խոցելի երկրների շարքին, ինչի վառ ապացույցը վերջին ամսվա ընթացքում Լոռու մարզում տեղի ունեցած ողբերգական կլիմայական իրադարձություններն են՝ հեղեղների,  սելավների, կարկուտի և պտտահողմերի ուղեկցմամբ։

Ըստ նրա՝ Հայաստանն իր պարտավորությունների կատարման շրջանակներում մշակել և ներկայացրել է կոնվենցիայի դրույթների կատարման վերաբերյալ 4 հաղորդագրություն (վերջինը՝ 2019թ.) և 3 երկամյա առաջընթացի զեկույց (վերջինը՝ 2021թ.): 2021 թվականի ապրիլի 22-ին հաստատվել է «Փարիզյան համաձայնագրի ներքո ՀՀ 2021-2030 թվականների «Ազգային մակարդակով սահմանված գործողություններ» ՀՀ կառավարության 610–Լ որոշումը, իսկ մայիսի 13-ին՝ «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը և 2021-2025թթ. միջոցառումների ցանկը» ՀՀ կառավարության 749-Լ որոշումը: Այժմ նախատեսվում է ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման վերաբերյալ նոր՝ ավելի խստացված պահանջներով հաշվետվության կազմում։ Հայաստանը պետք է ներկայացնի ազգային մակարդակով սահմանված գործողությունների առաջընթացի և արտանետումների կանխատեսումների վերաբերյալ զեկույց՝ ներառելով երկրի կլիմայի փոփոխության նկատմամբ հարմարվողականության վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն:

Ըստ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների՝ Հայաստանում 1935-2023թթ. միջին ջերմաստիճանը նորմայից բարձրացել է 1,6 աստիճանով, իսկ տեղումները նվազել են 15%-ով: «Այս տարի անընդհատ ունենում ենք անոմալ երևույթներ: Մենք ունեցանք վերջին 57 տարվա ամենատաք ձմեռը, վերջին 87 տարիների ամենից խոնավ մայիս ամիսը: Մայիս ամսին նույնիսկ Լոռու և Տավուշի մարզերում տեղումները գերազանցեցին նորման երեք անգամ: Դրան զուգահեռ ունեցանք ապրիլ ամիս, որը Հայաստանի պատմության մեջ ամենից չոր ապրիլ ամիսն էր, տեղումներն ընդամենը 30-40% էին: Դրանք բոլորը կլիմայի գլոբալ փոփոխության, մթնոլորտի շրջանառության հետևանքներ են»,- ասաց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:

Անդրադառնալով 5-րդ ազգային հաղորդագրության մշակմանը՝ Լևոն Ազիզյանը նշեց. «Ազգային հաղորդագրությունը տնտեսության տարբեր ոլորտների վերլուծական աշխատանքն է, որտեղ ներկայացված է, թե Հայաստանի Հանրապետությունը մինչ այդ ինչ պարտավորություն է ունեցել, ինչն է կատարել, ինչը չի կատարել և ինչ խոչընդոտներ կան դրա իրականացման համար: Սա պաշտոնական փաստաթուղթ է, որ հիմք է հանդիսանում հետագայում քաղաքականության մշակման, հարմարվողականության միջոցառումների մշակման համար»:

ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը նշեց, որ հաղորդագրության մեջ հավաքագրված տեղեկատվությունը հիմք է ծառայում ոլորտային քաղաքականություն մշակելու համար։ «Երկու տարին մեկ երկիրը պատրաստում է զեկույց, չորս տարին մեկ՝ հաղորդագրություն։ Այդ փաստաթղթերով Հայաստանը կարողանում է ճիշտ գնահատել, թե ինչ է արվում երկրում, որովհետև հավաքագրվում է ամբողջ ինֆորմացիան, թերությունները և բացերը տեսնում ենք։ Այդ ինֆորմացիան հիմք է ծառայում քաղաքականություն մշակելու համար։ Այն ներքին քաղաքականության համար հղումային նյութ է»:

Հունիս 28, 2024 at 19:01


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր