Բոբ Բերվին, Inside Climate News
Ադրբեջանում և COP-ն (Կողմերի համաժողով, որը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի բարձրագույն որոշում կայացնող մարմինն է) ընդունող այլ երկրներում հանածո վառելիքով սնվող ավտորիտարիզմի աճը խաթարում է կլիմայի փոփոխության և մարդու իրավունքների խախտումների դեմ ուղղված գործողությունները, հայտնում են հետազոտողները և քաղաքականության փորձագետները:
Կլիմայի վերաբերյալ բանակցություններին զարգացող երկրների հասանելիության հետ կապված շարունակական խնդիրները մատնանշում են համակարգային խնդիր, ասել է Կլիմայի փոփոխության գործողությունների արևելյան Աֆրիկա կազմակերպության համատնօրեն Պրոսկովիե Նանյոնջո Վիկմանը: «Ձայները, որոնք պետք է լինեն սեղանի շուրջ, դուրս են մղվում։ Անարդարություն է տեղի ունենում, և մենք պետք է անդրադառնանք դրան։ Կարծում եմ՝ պետք է ապագաղութացնել համակարգը»։- ասել է նա:
Քաղաքացիական տարածքի կրճատում
Զարգացող երկրների ներկայացուցիչները և սոցիոլոգներն ասում են, որ քաղաքացիական հասարակության ակտիվ ձայները հարստացնում են կլիմայի վերաբերյալ գլոբալ բանակցությունները և օգնում են հասնել ավելի լավ արդյունքների, սակայն սոցիալական միտումները կարծես թե հեռանում են դրանց ընդգրկումից, և կլիմայի ակտիվիստների և այլ բնապահպանների նկատմամբ ճնշումները մեծանում են աշխարհում՝ համաձայն ՄԱԿ-ի վերջին դիրքորոշման փաստաթղթի:
«Մենք ամբողջ աշխարհում բախվում ենք քաղաքացիական տարածքի կրճատմանը», - ասել է Amnesty International-ի ավագ փաստաբան Էնն Հարիսոնը: Շրջակա միջավայրի և մարդու իրավունքների պաշտպանները բախվում են «բազմազան ահաբեկման մարտավարության և երբեմն բռնության և հաճախ սպանության»:
Առաջիկա COP29-ը, որը նախատեսված է նոյեմբերի 11-22-ին Ադրբեջանում՝ Բաքվում, կլինի երրորդ անընդմեջ կլիմայական գագաթնաժողովը, որը կհյուրընկալի ավտորիտար ռեժիմը, որն ունի մարդու իրավունքների վերաբերյալ վատ համբավ: Դա մեծ խնդիր է, ասել է Հարիսոնը, քանի որ «մարդու իրավունքներն էական նշանակություն ունեն այն բանի համար, ինչին փորձում են հասնել կլիմայի վերաբերյալ ՄԱԿ-ի բանակցությունները»:
Բոննի բանակցությունները չկարողացան զգալի առաջընթաց գրանցել կլիմայի գլոբալ ֆինանսավորման նոր կարևոր նպատակ սահմանելու հարցում։ Դրա վերջնաժամկետը պետք է սահմանվի նոյեմբերին COP29-ում:
Բոննում հարուստ երկրները ևս մեկ անգամ հրաժարվեցին խոսել այն տրիլիոն դոլարների մասին, որոնք զարգացող երկրները պետք է ծախսեն գլոբալ տաքացման հետևանքներին հարմարվելու և կլիմայի համար անվտանգ ապագայի արդար անցում կատարելու վրա:
Ադրբեջանը հետապնդում է ակտիվիստների և լրագրողների
Կլիմայական գագաթնաժողովներ ընդունող երկրները հերթափոխով սահմանվում են ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի հինգ տարածաշրջանային խմբերի մեջ՝ աֆրիկյան պետություններ, ասիական պետություններ, արևելյան Եվրոպայի երկրներ, Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրներ և Արևմտյան Եվրոպայի և այլ պետություններ:
Ընտրության գործընթացի բարեփոխման կոչերը Բաքվի որոշումից հետո ավելի են բարձրացել՝ կապված մարդու իրավունքների ոլորտում Ադրբեջանի վատ վիճակի հետ:
«Մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ մինչև COP 29-ի անցկացումը Ադրբեջանում հնարավոր է՝ չմնա որևէ անկախ, անաչառ քաղաքացիական հասարակություն», - ասել է Human Rights Watch-ի հետազոտական խորհրդատու Արզու Գեյբուլաևան: «Երկիրը երբեք ազատության բաստիոն չի եղել, իսկ անցյալ ամառվանից նոր զանգվածային բռնաճնշումներ են եղել»,- հավելել է նա։
«Մենք տեսել ենք քաղաքական և քաղաքացիական հասարակության ակտիվիստների, աշխատանքային իրավունքների ակտիվիստների, լրագրողների և իրավապաշտպանների շինծու մեղադրանքներով ձերբակալություններ», - ասել է նա այն բանից հետո, երբ փաստագրել է ավելի քան 20 լրագրողների ձերբակալումն սկասծ անցյալ տարվա նոյեմբերից, երբ հրապարակվեց COP29-ի որոշումը:
Ճնշումները սկսվել են նախքան հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը կհյուրընկալի COP29-ը և շարունակվել արտահերթ նախագահական ընտրությունների նախաշեմին, որոնք անցկացվեցին անցյալ տարվա փետրվարին։ Ընտրությունները տեղի ունեցան «անպատժելիության, վախի և ահաբեկման մթնոլորտում», - ասել է Գեյբուլաևան:
«Իրավիճակը բոլորին, ովքեր ներգրավված են քաղաքացիական տարածքում և քաղաքացիական աշխատանքում, պոտենցիալ ռիսկի և վտանգի տակ է դնում», - ասել է նա։
Իսկ առայժմ քաղաքացիական հասարակության խմբերը չեն պատկերացնում, թե ինչպես կվերաբերվեն իրենց COP29-ում, քանի որ համաժողովի կազմակերպման կարևոր մանրամասները դեռևս գաղտնի են մնում՝ չնայած Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի խոստմանը` հանրայնացնել Ադրբեջանի հետ համաժողովի համաձայնագիրը:
Քաղաքացիական հասարակությունը դիմադրում է ավտորիտարիզմին
Նավթի և գազի արդյունաբերությունն ապահովում է Ադրբեջանի կառավարության եկամուտների մեծ մասը, ասել է Գեյբուլաևան՝ հավելելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անցյալ ապրիլին ասել է, որ իր երկրի հանածո վառելիքը Աստծո նվերն է, երբ հայտարարում էր դրանց արդյունահանման ընդլայնման մասին:
Ըստ Գեյբուլաևայի՝ արդյունահանման ծավալների ավելացված մեծ մասը նախատեսված է Եվրամիության շուկաների համար՝ հավելելով, որ Ադրբեջանի հանածո վառելիքի արտահանումը ԵՄ կրկնապատկելու գործարքն ավարտվել է 2022 թվականին՝ Բաքվում COP29-ն ընդունելու որոշումից առաջ։
Հաշվի առնելով Ադրբեջանում բնապահպանների նկատմամբ վերջին սարսափեցնող ճնշումները, «դժվար է պատկերացնել, թե ինչպես տեղական բնապահպանական խմբերը կամ լրագրողները կարող են արդյունավետորեն պատասխանատվություն պահանջել կառավարությունից կլիմայի ներքին քաղաքականության համար», - ասել է նա:
Այս պահին պարզ չէ, թե արդյոք Ադրբեջանը կհանդուրժի COP29-ի ընթացքում հասարակական ակտիվության որևէ ձև, և դա լավ բան չի խոստանում կլիմայական հավակնոտ գործողություններ իրականացնելու համար, ասել է նա՝ կոչ անելով միջազգային հանրությանը ճնշում գործադրել Ադրբեջանի կառավարության վրա:
«Սեղմեք տանտիրոջը, որպեսզի քաղաքացիական հասարակությանը թույլ տա պահանջել և մանրամասն ուսումնասիրել կլիմայական գործողությունները համաժողովից առաջ, ընթացքում և հետո», - ասել է նա: «Ճնշում գործադրեք ընդունող կառավարության վրա, որպեսզի թուլացնի իր վերահսկողությունը քաղաքացիական տարածքի վրա և հարգի մարդու իրավունքների նկատմամբ ունեցած իր պարտավորությունները՝ աջակցելով արտահայտվելու, միավորվելու և բողոքի ազատության իրավունքներին»:
Նա ասել է, որ մյուս երկրները պետք է պնդեն, որ Ադրբեջանի իշխանություններն անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն բոլորին, ում կամայականորեն կալանավորել են իրենց խոսքի ազատության իրավունքից օգտվելու համար COP29-ին ընդառաջ: Եվ նրանք պետք է ընդգծեն բարգավաճ և անկախ քաղաքացիական հասարակության կարևորությունը, որը «կճնշի Ադրբեջանի կառավարությանը հրապարակայնորեն և մասնավոր կերպով, որպեսզի այն հարգի մարդու իրավունքների իր պարտավորությունները և անհապաղ և անվերապահորեն ազատ արձակի կամայականորեն կալանավորված լրագրողներին, ակտիվիստներին և իրավապաշտպաններին»:
Հունիս 24, 2024 at 17:18