

Հունիսի 20-ին Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքում տեղացած անձրևների ու կարկուտի հետևանքով գյուղերի ճանապարհները հեղեղվել են, ջուրը լվացել է հողի բերրի շերտը ու տիղմի վերածել փողոցներում ու այգիներում։ Գյուղացու ապրուստը մի քանի րոպեում ոչնչացել է։ Կարկուտի հետևանքով վնասվել են գյուղացիների գույքը, տնամերձ հողամասերը, տանիքներն ու դրանց վրա տեղադրված արևային ջրատաքացուցիչները:
Ամենից շատ տուժել են Եղեգնուտ, Վահագնի, Անտառամուտ, Դեբետ, Լեռնապատ և Ձորագյուղ բնակավայրերը։ Էկոլուրն այցելել է տուժած Դեբետ ու Եղեգնուտ բնակավայրեր, մեր տեսախցիկը ֆիքսել է հասցված վնասները: Դեբետում հեղեղը լցվել է վերջերս վերանորոգված համայնքապետարանի շենքը, վնասել պատերը: Դեբեդի մի շարք միջհամայնքային ճանապարհներ անանցանելի են. հեղեղը քշել, տարել է ասֆալտը: Եղեգնուտում հեղեղի բերած քարակույտերը նույնպես լցվել են փողոցներ, քանդվել են ասֆալտապատ մայթեզրերը:
Տեսանյութում տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները խոսում են հասցրած վնասների ու իրականացվող աշխատանքների մասին:
Տեսանյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացված «Ազդակիր համայնքները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները որպես Հայաստանի էներգետիկայի և կլիմայի փոփոխության քաղաքականության մեջ սոցիալ-էկոլոգիական մշակույթի ներդրման մասնակիցներ» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է «ԵՄ-ն կլիմայի համար» տարածաշրջանային ծրագրի և ՄԱԶԾ/ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Հունիս 25, 2024 at 14:38